ՀՅԴ-ն ընդօրինակել է այն համակարգի բարքերը, որում գործում է

- in Կեղտոտ լվացք
82
HYD

Որպես կանոն, երբ ինտեգրվում ես մի համակարգի, որի վրա ազդել չես կարողանում, ապա ընդօրինակում ես հենց նրա խաղի կանոնները:

ՀՅԴ-ն իշխանությանը հերթական անգամ մաս կազմեց համակարգային բարեփոխումներ իրականացնելու բարձրագոչ հայտարարություններով: Ի սկզբանե պարզ էր, որ գործ ունենք բլեֆի հետ, և ՀՅԴ-ի ու Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունները ոչ թե համակարգային բարեփոխումների, այլ իշխանության նոր կոնֆիգուրացիայի շուրջ են:

ՀՅԴ-ն և նրա նախարարները շատ արագ կերպարանափոխվեցին` շուտով, քաղաքական և բարոյական առումով, ոչնչով չտարբերվելով կոռուպցիոն համակարգի կարկառուն ներկայացուցիչներից: Ասվածի լավագույն դրսևորումը պատգամավոր Արծվիկ Մինասյանի և նախարար Արծվիկ Մինասյանի կերպարների կոնտրաստն է:

Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ՀՅԴ-ն փոխեց իր դաշնակցական մարզպետին: Դա ինչ-որ կերպ կարելի էր բացատրել խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` չնայած դրանց համար Շիրակի մարզպետը պետք է արժանանար ոչ թե հարազատ կուսակցության անվստահությանը, այլ շնորհակալությանը, որովհետև մարզում ՀՅԴ-ն ստացել էր պատկառելի ձայներ:

Երեկ հայտնի է դարձել, որ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նրան փոխարինելու է ՀՅԴ-ի Երևանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը: Ընդ որում, դաշնակցական ղեկավարությունն ասում է, թե գոհ է Գյոզալյանի աշխատանքից:

Տեղի ունեցածի մեջ կարիք չկա քաղաքական կամ գաղափարական մոտիվներ փնտրել: ՀՅԴ-ն ընդօրինակել է այն համակարգի բարքերը, որում գործում է: Հայաստանի համակարգում պաշտոնի նշանակման համար «մուծվում» են, հետո նոր նշանակված նախարարին կամ մարզպետին «մուծվում» են նրանց ենթակաները՝ պաշտոնները չկորցնելու համար: Մի խոսքով` երբ Դաշնակցության համար իր կադրերին փոխելը դարձել է «մի բաժակ ջուր խմելու» պես մի բան, դա օրինաչափ է` ոչ թե քաղաքական, այլ քրեաօլիգարխիկ համակարգի տրամաբանությամբ, որի «հարազատ որդին» է դարձել ՀՅԴ-ն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20