Հոգեմաշ, տևական պատերազմն ամենավտանգավորն է Հայաստանի համար

- in Վերլուծական
188
paterazm

Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին։

Հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև 2017 թվականի վերջ։ «Մոսկվան գլխավոր միջնորդ է դարձել այդ հարցում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների (ԱՄՆ և Ֆրանսիա) փորձերը՝ նստեցնելու Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ, չեն պսակվել հաջողությամբ»,-հայտնում է պարբերականը։

Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում երեկ, ըստ էության, հաստատել է այս տեղեկատվությունը՝ հասկացնելով, որ այդ հանդիպումից ակնկալիքներ չունի: Ակնհայտ է նաև, որ Սերժ Սարգսյանը խանդավառված չէ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հեռանկարով՝ մանավանդ որ Ադրբեջանի կողմից կատարված չեն նախորդ երկու հանդիպումների պայմանավորվածությունները:

Երբ համադրում ենք Սարգսյանի հարցազրույցը և «Իզվեստիա»-ի հրապարակումը, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի նախագահը Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հանդիպումը հնարավոր է համարում, որովհետև չի կարողանում կամ չի ուզում մերժել Մոսկվայի նախաձեռնությունը:

Ռուսական նախաձեռնությունն, իհարկե, տեղավորվում է Մինսկի խմբի համանախագահության գործունեության տրամաբանության մեջ, սակայն փորձը ցույց է տվել, որ կարգավորման գործընթացում Ռուսաստանի առաջատարությունը կամ փաստացի մենաշնորհը հանգեցրել է ճակատագրական հետևանքների: Քանիցս արձանագրել ենք, որ Ղարաբաղյան խնդրի քննարկումը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով Հայաստանին սպառնում է միակողմանի զիջումներով կամ պատերազմի հեռանկարով: Ասվածի լավագույն ապացույցներն են, այսպես կոչված, «Լավրովի» պլանը և անցած տարվա քառօրյա պատերազմը:

«Ռ-Էվոլյուցիայի» եթերում Սերժ Սարգսյանը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հիմնականում կրկնել է հայկական կողմի քաջածանոթ դիրքորոշումները, սակայն տողատակում նկատվում է քողարկված ակնարկ՝ քառօրյա պատերազմից հետո որդեգրված ավելի կոշտ մոտեցումները սրբագրելու ուղղությամբ:

«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը, ինչն առնվազն տարակուսելի է, որովհետև այդ պատերազմով, ըստ էության, հաստատվել է նոր իրավիճակ, նոր ստատուս քվո, որին, ի դեպ, բավականին համարժեք արձագանքել էր Հայաստանը՝ հրաժարվելով բանակցություններից, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել Վիեննայի համաձայնությունները:

Հիմա եթե Սարգսյանը շեշտը դնում է հայկական կողմի բովանդակային մոտեցումների վրա և, ըստ էության, պատրաստ է Ալիևի հետ հանդիպմանը, նշանակում է Վիեննայի պայմանավորվածություններն ինքնաբերաբար դուրս են եկել շրջանառությունից, ու հայկական կողմը համաձայն է դրան:

Երեկվա հարցազրույցում Սերժ Սարգսյանի ասածներն ադեկվատ են ստանդարտ իրավիճակների համար, մինչդեռ հակամարտությունը ապրիլյան պատերազմից հետո թևակոխել է միանգամայն նոր փուլ, որը եթե անգամ չի հանգեցնելու լայնածավալ պատերազմի, ապա հաստատ չի վերադառնալու կայուն զինադադարի մակարդակին:

Հոգեմաշ, տևական պատերազմն ամենավտանգավորն է Հայաստանի համար, և երեկ ակնկալում էինք լսել Սարգսյանից, թե ինչ լուծումներ ունի Հայաստանը: Սակայն նախագահի կողմից այդ խնդրի վերաբերյալ պատասխաններ չհնչեցին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20