Ղարաբաղյան խնդիրը հայտնվել է կրկնակի փակուղում

- in Կեղտոտ լվացք
124
LGHH

Միակ կոնկրետությունը, որ հանրությանը հայտնի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանրային մեծ ուշադրության արժանացած հանդիպումից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկն է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Համանախագահները առաջարկել են կազմակերպել այդ հանդիպումը տարեվերջին:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են մեկ տարի առաջ՝ Սանկտ Պետերբուրգում, որը երկրորդ հանդիպումն էր ապրիլի պատերազմից հետո: Երրորդ հանդիպումը պետք է տեղի ունենար Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությամբ՝ 2016-ի աշնանը, սակայն դա տեղի չունեցավ, իսկ իրավիճակը շփման գծում որոշակի դադարից հետո սկսեց կրկին լարվել աճման գրաֆիկով: Դրանից հետո համանախագահները արել են հանդիպման մի քանի փորձ, սակայն Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել չի հաջողվել:

Մյուս կողմից՝ ի՞նչ է տալու այդ հանդիպումը: Այստեղ է գլխավոր հարցը, այսինքն՝ ի՞նչ են քննարկելու կողմերը: Եթե կազանյան պլանը կամ մադրիդյան փաստաթղթի հիման վրա կազմված որևէ առաջարկ, ապա, մեղմ ասած, ինքնախաբեություն է կարծել, թե դա կտա որևէ արդյունք, անգամ շփման գծում լարվածության նվազման մասով: Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի համար լարվածությունը շփման գծում հենց մադրիդյան սկզբունքների վրա հիմնված որևէ տարբերակի մերժման «փաստարկ» է:

Եվ այստեղ հարց է ծագում, թե ինչ «հակափաստարկ» ունի Հայաստանը: Հայաստանի «հակափաստարկ» դիտվում է հրադադարի մեխանիզմների ներդրման պահանջը՝ որպես բանակցությունը վերսկսելու պայման: Այստեղ արդեն հարցը մտնում է մեկ այլ փակուղի, քանի որ Ադրբեջանը մերժում է, իսկ համանախագահներն ակնհայտորեն չունեն կոնսենսուս Ադրբեջանին որևէ պարտադրանք ներկայացնելու հարցում:

Այդպիսով՝ Ղարաբաղյան խնդիրը հայտնվել է կրկնակի փակուղում՝ փակուղի, այսպես կոչված, կարգավորման մասով, և փակուղի այդ կարգավորման փակուղին հաղթահարելու փորձի մասով: Եթե դրան ավելացնենք նաև այն, որ մեծ հաշվով, գոնե կարճաժամկետ և միջնաժամկետ իմաստով, փակուղի է նաև պատերազմի տարբերակի մասով, քանի որ երկու կողմերի միջև ուժերի հարաբերակցությունը ներկայումս այնպիսին չէ, որ Ադրբեջանին կտա ռազմական հաջողության իրատեսական ակնկալիք, ապա կստացվի ղարաբաղյան խնդրում «եռաստիճան փակուղի»:

Այստեղ չափազանց մեծ նշանակություն է ստանում հոգեբանական գործոնը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ ղարաբաղյան գործընթացի համար շատ ավելի կարևոր է դառնում ոչ թե այն, թե ինչ կխոսեն Սարգսյանն ու Ալիևը իրար հետ, այլ այն, թե նրանք ինչ կխոսեն սեփական ժողովրդի հետ: Այլ կերպ ասած՝ «եռաստիճան փակուղին», ըստ էության, խոշոր հաշվով թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական պետականությունների ճգնաժամի արտացոլում է կամ հետևանք:

Երկու պետությունները ամենևին նույնական չեն, ամենևին համեմատելի չեն իրենց որակական հատկանիշներով՝ տարբեր առումներով, սակայն ակնհայտ է, որ նրանք երկուսն էլ յուրովի, բայց ճգնաժամի մեջ են՝ պետականության ճգնաժամի մեջ, կամ պետականաշինության: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, չնայած 25-ամյա հետխորհրդային ընթացքում անցած տարբեր ճանապարհներին, տարբեր ձեռքբերումներին, Հայաստանը՝ չնայած Արցախի առաջին պատերազմի հաղթանակին, այդուհանդերձ՝ չեն դարձել լիարժեք պետականություն և ավելի շատ տեղ են գտել աշխարհի քարտեզի վրա որպես հակամարտող կողմեր:

Ըստ այդմ՝ «եռաստիճան փակուղուց» դուրս գալու և գլոբալ առումով խաղը շահելու շանս ունի նա, ով առաջինը դուրս կգա մտավոր-հոգեբանական ներքին փակուղուց և աշխարհում իր տեղն ու դերը կձևակերպի որպես լիարժեք պետություն, ոչ թե որպես աշխարհաքաղաքական նշանակության կոնֆլիկտի կողմ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20