Միայն Կարապետյանի հեռացումից հետո Քեթրինի Միհրանը կվերադառնա գործադիր

- in Կեղտոտ լվացք
124
Mihran Poghosyan qetrin

Անցնող շաբաթ մամուլը տեղեկացրել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ, թիվ մեկ ընտրատարածքից ՀՀԿ վարկանիշային ցուցակով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանն աջուձախ գրասենյակներ է բացում Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

Սրանք պատգամավորական գրասենյակներ չեն և բացվում են «Քեթրին» ՀԿ-ի ցուցանակով, ինչը ենթադրել է տալիս, որ Պողոսյանի նպատակն ամենևին էլ պատգամավորական ակտիվ գործունեությունը կամ ընտրողների հետ կապը պահելը չէ: Այսօր հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանն ակտիվորեն շարունակում է նորանոր գրասենյակներ հիմնել։

Պողոսյանը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից է և բազմաթիվ անգամ ակնարկել է, որ խորհրդարանի մանդատը իր նշաձողը չէ և նպատակ ունի վերադառնալ գործադիր իշխանություն: ԱԺ-ն ընդամենը ռեստավրացիայի փուլ է, որով Պողոսյանն անցնում է օֆշորային սկանդալը մոռացության տալու, իր քաղաքական հավակնությունները լեգիտիմացնելու համար:

Մյուս կողմից՝ հայտնի են Կարեն Կարապետյանի ու «Քեթրինի» Միհրանի լարված հարաբերությունների նույնիսկ հրապարակային մանրամասները: Պողոսյանը Կարապետյանի հակամենաշնորհային PR-ի «սիրված հերոսն» էր. վարչապետն ու նրա շրջապատը շաբաթներ շարունակ պատմում էին, թե ինչպես են բանանի ներկրման ոլորտում «հերոսաբար» վերացրել Միհրանի մենաշնորհը, ինչին վերջինս ուշագրավ պատասխան տվեց՝ բանանի գների կամայական իջեցում-բարձրացումներով ցույց տալով, թե իրականում ով է այդ շուկայի տերը:

Խորհրդարանական քարոզարշավի ժամանակ Կարեն Կարապետյանն արտառոց քայլի գնաց Քանաքեռ-Զեյթուն համայնքի հանդիպման ժամանակ՝ ըստ էության, զբաղվելով հարազատ կուսակցության թեկնածու Միհրան Պողոսյանի հակաքարոզչությամբ, երբ բացահայտ հայտարարեց, թե նրան չի տեսնում գործադիր իշխանությունում: Նույնիսկ պատգամավոր Միհրան Պողոսյանը Կարապետյանի համար «անձեռնմխելի» չէ, որովհետև նրա «տանիքի» տակ գործող ՊԵԿ-ի «դիմակավորները» տակավին վերջերս ներխուժել էին «Քեթրինի» գրասենյակ:

Ահա հատկապես այս ֆոնին հետաքրքիր է դառնում Միհրան Պողոսյանի բուռն գրասենյակաշինությունը, երբ ընտրությունները հետևում են, իսկ նա էլ դրանցից ստացել է այն, ինչ կարող էր՝ մանդատը: Պողոսյանն այն մարդկանցից չէ, որ առանց երաշխիքների նման հավակնոտ ու չարդարացված ծախսեր անի՝ հատկապես, որ նրա մտերիմներն ասում են, որ ծանր է տանում ներհամակարգային ինտրիգում Տարոն Մսրգարյանին պարտվելու և Երևանի քաղաքապետի բաղձալի աթոռին չտիրանալու հանգամանքը: Պողոսյանը երկրորդ անգամ «նույն գետը» չի մտնի:

Դա նշանակում է, որ նա երաշխիքներ է ստացել, ընդ որում՝ շատ բարձր ու վստահելի օղակից, որպիսին Պողոսյանի պարագայում կարող է լինել միայն Սերժ Սարգսյանը: Այլ խոսքով՝ «Քեթրինն» ու նրա բացվող գրասենյակները մասնակցելու են ոչ ֆորմալ, բայց խորհրդարանականից ավելի կարևոր մի քարոզարշավի, որն ուղղված է 2018-ի իշխանության ձևավորմանը:

Այդ քարոզարշավի սլաքներն ուղղված են լինելու Կարեն Կարապետյանի դեմ, որովհետև միայն նրա հեռացումով Միհրան Պողոսյանը կարող է վերադառնալ գործադիր իշխանություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20