Մնում է վարչապետն այն իրականություն դարձնի

- in Տնտեսական
karen-karapetyan

Կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված է մի հետաքրքիր օրինագիծ, որը ենթադրում է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացում: Նախագիծը նկարագրում է գործողությունների այն շարքը, որոնց իրականացումը մոտ երկու տարվա ընթացքում պետք է բերի այդ ազատականացմանը:

Նախագիծը հենց այդպես էլ կոչվում է՝ «ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին»:

Նախ ասենք, որ տվյալ ոլորտում ազատականացումը ենթադրում է դասական բիզնես միջավայրի, շուկայական պայմանների ապահովում: Նման պայմանների դեպքում էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը կարող է էլեկտրաէներգիա գնել այն արտադրողից, որի առաջարկած սակագինն իրեն ձեռնտու է: Այսօր ՀԷՑ-ը պարտավոր է էլեկտրաէներգիա գնել այն բոլոր ընկերություններից, որոնք պետության կողմից լիցենզիա են ստացել և էլեկտրաէներգիա են արտադրում: Սակագինը որոշվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում համատեղ քննարկումների կամ պայմանավորվածությունների արդյունքում:

ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել դեռևս 2004թ.-ին և հենվում է միակ գնորդ-վաճառող սկզբունքի վրա, որի դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահված էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու և այն մատակարարին վաճառելու իրավունքը: Տվյալ դեպքում էլեկտրաէներգետիկ շուկայում Բաշխիչ ցանցերն է գործում որպես միակ գնորդ և վաճառող:

Մեզ մոտ բաշխումը և մատակարարումը տարանջատված չեն: Խոշոր սպառողները չունեն մեծածախ շուկա մտնելու իրավունք: Այդ շուկայում չկան նաև էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող անձինք՝ թրեյդերներ ու մանրածախ շուկայի առանձին մատակարարներ: «Եվ վերջապես, էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելի ընդհանուր փոփոխությունները պետք է միտված լինեն «միակ գնորդ/վաճառող» մոդելից շուկայի ազատական մոդելի անցմանը»,- նշված է կառավարության ներկայացրած այդ փաստաթղթում:

Թվում է, թե ամեն ինչ լավ է, վերջապես իշխանությունները որոշել են կոտրել այս ոլորտում գրեթե մենաշնորհային իրավիճակը և բացել շուկան: Ճիշտ է, էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները բազմաթիվ են, բայց նրանցից բոլորից միայն մեկ ընկերություն է գնում այդ էներգիան, և միայն մեկ ընկերություն է այն հասցնում սպառողներին՝ ՀԷՑ-ը: Եվ էներգետիկ ոլորտի կենտրոնացված լինելը նաև այս ոլորտում արտադրող և բաշխող մի շարք ընկերությունների՝ ռուսական կապիտալի սեփականությունը լինելու արդյունք է: Ազատականացումը գոնե տեսականորեն կարող է բերել նաև այս ոլորտում ռուսական տիրապետության թուլացման:

Բայց որքան էլ տպավորիչ լինեն այս ոլորտի ազատականացման վերաբերյալ ծրագրերը, կան դրան խոչընդոտող լուրջ խնդիրներ: Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի ներկայացմամբ՝ ազատականացումը մեր էլեկտրաէներգետիկ ոլորտում դժվարությամբ կներդրվի, քանի որ մենք էլեկտրաէներգիայի բավականին սահմանափակ սպառում, փոքր շուկա ունենք: Այդ ոլորտում ազատականացումը հաջողվում է հիմնականում այն երկրներում, որտեղ սպառումը մեծ է: Էլեկտրաէներգիայի հիմնական սպառողը խոշոր արդյունաբերությունն է, ինչը գրեթե գոյություն չունի մեր երկրում: Էլեկտրաէներգիայի մեծ սպառում ունենալու համար անհրաժեշտ է ունենալ նաև մեծաթիվ վճարունակ բնակչություն: Մինչդեռ Հայաստանում արտագաղթը գնալով ահագնանում է, ծնելիությունը պակասում է, եղած բնակիչներն էլ լիարժեք վճարունակ չեն. մեր երկրում, պաշտոնական տվյալներով, գոյություն ունի 30 տոկոս աղքատություն: Ահա նման պայմաններում էլեկտրաէներգետիկ ոլորտի ազատականացումը բավականին լուրջ խոչընդոտներ կունենա:

Բայց մեծ հեռանկարներ չեն նշմարվում Հայաստանից էլեկտրաէներգիա արտահանելու դեպքում: Այսօր միայն Իրան ենք արտահանում, այն էլ բարտերային սկզբունքով՝ էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց: Ներկայումս քննարկվում է Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ նոր միջանցքի կառուցումը, որին պետք է միանան Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը: Եվ այդ ծրագիրը նախատեսում է, որ Հայաստանը նոր կառուցվող ցանցով պետք է էլեկտրաէներգիա արտահանի Վրաստան, այնուհետև Ռուսաստան:

Բայց խնդիրն այն է, որ Վրաստանը 2000-ականների սկզբին բարեփոխումներ է իրականացրել իր էներգետիկ բնագավառում և բավականին բարելավել է այդ ոլորտը: Եթե մինչ այդ Վրաստանը մեր երկրից էր ներկրում իր սպառած էլեկտրաէներգիայի 15 տոկոսը, ապա հիմա նա ընդամենը բացառիկ դեպքերում է մեզնից վերցնում, այն էլ հետո վերադարձնում է տարվա ընթացքում: Բացի այդ, երկրում վերջին տարիներին փոքր ՀԷԿ-երի զարգացման արդյունքում բավականին էժան էլէներգիա է արտադրվում, ավելի էժան, քան ՀՀ-ում է արտադրվում:

«Եվ կա տեղեկատվություն, որը հերքված չէ, որ ՀԷՑ-ը այսօր Վրաստանում գրանցել է կազմակերպություն, որն այդ երկրից էլէներգիա ձեռք կբերի ու կներկրի Հայաստան: ՀԷՑ-ը կարող է ղեկավարվել բիզնես տրամաբանությամբ: Նա կարող է ասել՝ շուկան ավելի ազատական է, և ես ո՛ր արտադրողից ուզում եմ, նրանից էլ կարող եմ էլէներգիա գնել: Եվ այս ամենի արդյունքում ոչ թե սպառողը կամ արդյունաբերությունն է շահելու, այլև ցանցերը»,- եզրակացնում է Վ. Դավթյանը:

Վերջինիս խոսքով՝ մեր երկրում ստեղծված իրավիճակում հնարավոր չէ ավելի ցածր ինքնարժեքով էլէներգիա արտադրել: Խնդիրն այն է, որ էներգետիկ համակարգի գլխավոր օբյեկտներն այսօր շահագործվում են վարկային միջոցների հաշվին՝ Ատոմակայանը, «Երևանի ՋԷԿ»-ը, Իրան-Հայաստան նոր կառուցվող բարձրավոլտ ցանցերը և այլն:

«2020թ. հետո երբ անհրաժեշտ լինի մարել այդ վարկերը, այն ժամանակ արդեն ունենալու ենք լրջագույն խնդիր՝ կապված սակագնային կարգավորման հետ, քանի որ ինքնարժեքը կտրուկ բարձրանալու է: Դա խնդիր է նախ՝ մեր բնակչության համար: Պետությունը կփորձի սուբսիդավորել, ինչը լրացուցիչ ֆինանսական խնդիրներ կառաջացնի: Եվ երբ խոսում ենք արտահանման կամ Հյուսիս-հարավ նախագծի մասին, պարզ է, որ բարձր սակագնով էլէներգիան հետաքրքիր չի լինի արտաքին շուկային: Նույն օրինակը, որ ՀԷՑ-ը կազմակերպություն է գրանցել Վրաստանում, գալիս է դա ապացուցելու: Մինչդեռ ավանդաբար Հայաստանն էր Վրաստան էլէներգիա արտահանում:

Ինչ վերաբերում է իրանական ուղղությանը, ճիշտ է՝ այնտեղ՝ հյուսիսում, կա էլէներգիայի դեֆիցիտ, բայց այդ ուղղությամբ է աշխատում նաև Թուրքմենստանը, որը 2016թ. նոր ծրագիր է մշակել, որ հզորացնում է էլեկտրաէներգետիկ հզորություններն ու նպատակ դնում դառնալու տարածաշրջանում առանցքային արտահանող՝ դեպի Տաջիկստան, Ուզբեկստան, Պակիստան և այլ երկրներ: Եվ որպես գլխավոր շուկա դիտարկվում է Իրանը: Թուրքմենստանի էլեկտրաէներգիան անհամեմատ ցածր գին ունի, քանի որ արտադրվում է գազով, ինչի մեծ պաշարներ ունի: Այս պարագայում Հյուսիս-հարավ նախագծին կասկածամտորեն եմ վերաբերվում և կարծում եմ, որ այն կարող է տնտեսապես արդյունավետ լինել, եթե մենք զբաղվենք մեր էլէներգիայի ինքնարժեքի նվազեցմամբ»,- ասում է փորձագետը:

Վ. Դավթյանը նույնպես փաստում է, որ էլէներգիայի ցածր ինքնարժեք ունենալու համար անհրաժեշտ է ունենալ մեծ սպառում: Անհրաժեշտ է զարգացնել արտադրությունը, հատկապես խոշոր արդյունաբերությունը, տնտեսական կայուն աճ ապահովել բոլոր ոլորտներում: Չէ՞ որ տնտեսությունը կառուցված է էներգետիկ համակարգի վրա: Բարելավել բնակչության դեմոգրաֆիկ վիճակը: Իսկ այս ամենի մասին շատ են խոսել Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը: Այս ամենի մասին հյութեղ դրույթներ կան նաև կառավարության ծրագրում: Մնում է վարչապետն այն իրականություն դարձնի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20