Մոսկվան Սերժ Սարգսյանին տվեց ոչիշխանական ուժերին ցրելու լիակատար քարտ բլանշ

- in Կեղտոտ լվացք
179
Serj Putin

Դժվար է ասել, Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունն է ինքնին Հայաստանի և Արցախի համար ավելի վտանգավոր երևույթ, թե՞ այդ երևույթի հանդեպ Հայաստանի իշխանության և մերձիշխանական տարաբնույթ գործիչների, փորձագետների, հանրային այլ նշանակության սուբյեկտների վարքը, արձագանքը:

Եթե ի մի բերենք այդ վարքը, ապա, այսպես ասած, չնչին քննադատությամբ, դժգոհությամբ և ընդդիմախոսությամբ հանդերձ, բոլորը գործնականում զբաղված են մեկ բանով՝ Ռուսաստանի այդ մատակարարումները և ռուս-ադրբեջանական միլիարդավոր դոլարների սպառազինության շուրջ գործարքներն արդարացնելով: Բոլորը գործնականում սկսում և ավարտում են՝ «վատ է, բայց…» տրամաբանությամբ և յուրաքանչյուրը մրցակցում է, փորձում է ցույց տալ, թե ի՞նչ «խոր» և «համապարփակ» հիմնավորում կամ արդարացում կգտնի Ռուսաստանի համար: Այնպես, ինչպես, օրինակ, Հայաստանի ոչիշխանական ուժերն էին փորձում իշխանությունից ավելի լավ հիմնավորել, թե ինչու է պետք մտնել ԵՏՄ և Ռուսաստանի իշխանությանն էին ուզում ցույց տալ, թե Սերժ Սարգսյանից ինչքան ավելի հաջող կկարողանան սպասարկել Ռուսաստանի մեծապետական քաղաքականությունը Հայաստանում, շատ ավելի «լեգիտիմ» հիմունքներով: Պարզվեց սակայն, 2015-ի փետրվարին, որ Ռուսաստանին բացարձակապես հետաքրքիր չէին այդ «հիմունքները»՝ տարբեր պատճառներով իհարկե, և Մոսկվան 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանին տվեց ոչիշխանական ուժերին ցրելու լիակատար քարտ բլանշը, որից էլ Սարգսյանն օգտվեց լիուլի:

Մեղմ ասած բոլոր հիմքերը կան պնդելու, որ Մոսկվային բացարձակապես հետաքրքիր չէ նաև Ադրբեջանի հետ զենքի վաճառքի հայաստանյան «լեգիտիմությունը», արդարացումներն ու հիմնավորումները: Եվ այժմ էլ երևի թե պետք է սպասել, թե Մոսկվան երբ է այսպես ասած հրաժարվելու այդ գործով զբաղվողներից: Միայն թե մինչ այդ Հայաստանը կանգնած է նույնքան վտանգների և ռիսկերի ենթարկվելու հեռանկարի առաջ, որքան այն դեպքում, երբ Հայաստանի ներսում իշխանությունն ու ոչիշխանական ուժերը մրցակցում էին այսպես ասած ռուսական շահերն առավել արդյունավետ սպասարկելու հարցում: Այն, որ պայքարը հենց Ռուսաստանի աչքի համար է, կասկածից վեր է, որովհետև իրականությունից լիակատար կտրված է պետք լինել մտածելու համար, թե Հայաստանի հանրության գիտակցության վրա ազդում են ռուս-ադրբեջանական գործարքի վերաբերյալ արդարացումները, կամ այդ արդարացումներն ազդում են Հայաստանի զինված ուժերի զինվորների և սպաների վրա: Թե հասարակությունը՝ շարքային քաղաքացիները, թե զինվորն ու սպան առավել ևս, թե Հայաստանում և թե Արցախում ապրիլյան քառօրյայի ընթացքում չափազանց պարզ և ցավալիորեն շոշափելի մակարդակում տեսան, թե ինչքանով է «արդարացված. այդ գործարքը և ինչ հետևանքներ է այն ունենում Հայաստանի ու Արցախի վրա:

Ի տարբերություն քաղաքական կամ «քաղաքացիական», իշխանական կամ իշխանամերձ գործիչների և մեդիա-փորձագիտական շրջանակների, հասարակությունը, զինվորն ու սպան չունեն Ռուսաստանի առաջ միավոր հավաքելու կամ «արևի տակ» տեղի հարցում մրցակցելու անհրաժեշտություն: Նրանց խնդիրները լիովին տարբեր են, ի տարբերություն ռուս-ադրբեջանական մահաբեր գործարքը «արդարացնելով» և հանրայնորեն «լեգիտիմացնելու» փորձով զբաղված շրջանակների: Հետևաբար, նրանք բացարձակապես չունեն սեփական վարքով սեփական պետության դատավճիռ կարդալու անհրաժեշտություն, ի տարբերություն «արդարացնողների»։ Եվ այդ հանգամանքն անկասկած հասկանալի և տեսանելի է նաև նրանց, պարզապես նրանց գործողությունների հասցեատերը Ռուսաստանն է, հատկապես 2018-ի այսպես ասած անորոշ ու խորհրդավոր վերադասավորումների հեռանկարի պայմաններում, երբ շատ կարևոր է ունենալ Ռուսաստանի բարյացկամ տրամադրվածությունը «մարգինալների» շարքերը չհամալրելու համար:

Իսկ խնդիրն ավելի շուտ հենց դա է՝ ոչ թե բուն գործարքը, այլ այն, որ քաղաքական և փորձագիտական «էլիտայի», հասարակական կարծիք ձևավորողների ճնշող մեծամասնությունը գործնականում պատրաստ է բացահայտ կամ վատ քողարկված ձևով արդարացնել այդ գործարքը:

Հենց այդ իրողությունն է իրականում Հայաստանի և Արցախի համար ամենավտանգավորը, որովհետև այդ մտածողության և այդ պատկերացումների առկայության պայմաններում վաղը կարող է արդարացվել էլ ավելի սարսափելի որևէ քայլ: Ու այդ ամենն այն դեպքում, երբ իշխող համակարգը գործնականում այդ հարցում կարող էր տեսնել ոչ թե ռուսական հակադաշնակցային քաղաքականության, այլ հենց իր լեգիտիմության խնդրի լուծման հնարավորություն: Որովհետև Հայաստանի և Արցախի դեմ ռուս-ադրբեջանական գործարքի հարցում հանրության տրամադրությունների և մտահոգությունների հետ դաշինք կազմելը Հայաստանի իշխող համակարգի համար կարող էր լինել ներքին լեգիտիմության գոնե նվազագույն պաշար կուտակելու եզակի հնարավորություն, որի օգտագործումից կշահեր առաջին հերթին Հայաստանը: Բայց դրա համար թերևս անհրաժեշտ է համարժեք քաղաքական մտածողություն և պետական արժեհամակարգ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20