Մոտավորապես նույն բանն անում է Սերժ Սարգսյանն, իհարկե` պրովինցիալ մակարդակով

- in Կեղտոտ լվացք
142
Serzh Sargsyan

Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել` արդյո՞ք 2018 թվականին լքելու է նախագահի պաշտոնը, թե ոչ: Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է նախօրեին` ռուսաստանցի դպրոցականների հետ հանդիպման ժամանակ:

Պատասխանելով հանդիպմանը ներկա դպրոցականներից մեկի հարցին` Պուտինն ասել է․ «Ես դեռ չեմ որոշել՝ շարունակելու եմ աշխատել այդ պաշտոնում թե ոչ: Կապրենք կտեսնենք»:

Եթե նկատել եք, գրեթե նույնաբովանդակ պատասխան է տալիս Սերժ Սարգսյանը, երբ նրան հարցնում են իր վարչապետական հեռանկարի մասին:

Չի կարելի ուղղակի զուգահեռներ անցկացնել ռուսաստանյան և հայաստանյան ներքաղաքական զարգացումների միջև, ոչ էլ հակված ենք այն պրիմիտիվ մտայնությանը, թե Սարգսյանը բառացիորեն ամեն բան համաձայնեցնում է Կրեմլի հետ: Չկա ու չի կարող լինել նման բան: Սակայն գոյություն ունի մեկ այլ ճշմարտություն և դա այն է, որ Հայաստանն, ըստ էության, ռուսական ծայրամաս է` համակարգային, մտածողության, մենթալ և արժեքային ընդհանրություններով: Այս պարագայում` ինչ-որ բաներ համաձայնեցնելու անհրաժեշտություն նույնիսկ չկա, որովհետև Երևանում հրաշալի հասկանում են այն, թե ինչ է կատարվում Մոսկվայում և ինչպես դա կարող է արձագանքվել Հայաստանում:

Պուտինը հրաշալի հասկանում է, որ աստիճանաբար դադարում է ռուսաստանյան համակարգի կոնսենսուս լինել:

Ռուսաստանում համակարգային կոնսենսուսն ինքնին վտանգված է, որովհետև այդ երկիրն իր պատմության մեջ հերթական անգամ կանգնած է քաղաքակրթական ընտրության ջրբաժանի առաջ: «Արևմտամետությունը» կամ «սլավոնաֆիլությունը» գուցե հին տերմիններ են, բայց դրանից ռուսական էլիտայի այսօրվա երկընտրանքի էությունը չի մոդեռնիզացվում, առավել ևս` չի մեծանում համակարգային երկու բևեռների կոմպրոմիսի հնարավորությունը: Պուտինը դեռևս վերահսկում է իրավիճակը և հանգիստ կարող է առաջադրվել և հաղթել հաջորդ տարվա նախագահական ընտրություններում: Դա խնդիր չէ ու նույնիսկ հաջորդ տարվա Պուտինի հաղթանակը կարող է ավելի լեգիտիմ լինել, եթե իշխանությունները տխմարություն չանեն և ընտրություններին մասնակցության հնարավորություն տան Ալեքսեյ Նավալնուն: Դա նույնիսկ Պուտինի շանսն է, որովհետև միջոցներից մեկն է, որով կարող է կոնսոլիդացնել համակարգը: Բայց առայժմ` 2018-ի իր պլանների անորոշությամբ Պուտինը վրեժ է լուծում համակարգից` նրան ենթարկելով ցնցումների ու հարկադրելով, որ իր անձի շուրջ կայացվի նոր կոնսենսուս` գոնե 5-10 տարվա կտրվածքով: Հակառակ պարագայում` Պուտինը սպառնում է իշխանությունն ու համակարգը հասարակության դատին հանձնել արդեն հաջորդ տարի:

Մոտավորապես նույն բանն անում է Սերժ Սարգսյանն, իհարկե` պրովինցիալ մակարդակով ու օրակարգով: Նա նույնպես այսօր վերահսկում է վիճակը և հանգիստ հենց այս պահին կարող է հայտարարել, որ 2018-ին ստանձնելու է վարչապետի պաշտոնը: Հենց այդ նպատակով էլ փոխել է սահմանադրությունը, բայց նույնիսկ իշխանության ապակենտրոնացումը չի երաշխավորում, որ երկարաժամկետ հեռանկարում համակարգային կոմպրոմիսն արտահայտվելու է Սերժ Սարգսյանի դեմքով: Սարգսյանը ցանկանում է անձնական իշխանության պահպանում, բայց վախենում է դրա պատասխանատվությունից: Երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների, ընդհուպ` պատերազմի վերսկսման և դեֆոլտի հեռանկարի առաջ: Սարգսյանը վստահ է, որ ֆորս-մաժորի դեպքում համակարգն իրեն կզոհաբերի` ինանապահպանման բնազդից ելնելով: Դա կանխելու համար հիմա ինքն է «ֆորս-մաժոր» հասունացնում` 2018-ի իր ծրագրերի վրա դնելով գաղտնիության կոդ:

Սերժ Սարգսյանը երկու խնդիր է լուծում: Նախ` նախապատրաստում է համակարգի գլխավոր ֆիլտրումը, որովհետև նրա ուշադիր հայացքից չեն վրիպում մարդիկ, ովքեր անորոշության այս փուլում առավոտյան քծնում են իրեն, երեկոյան հավատարմության երդում են տալիս Կարեն Կարապետյանին: Սակայն Սարգսյանի գերխնդիրը Կարապետյանը չէ (նրանից ազատվելու համար միայն իր ստորագրությունը բավարար է), այլ այն, որ համակարգը կապիտուլացվի իր առաջ, զրկվի մանևրելու հնարավորությունից: Այդ դեպքում` մի քանի տարի հետո Սերժ Սարգսյանը ինքը կարող է զոհաբերել քրեաօլիգարխիային: Այդպիսին է Հայաստանի այսօրվա վիճակի առանձնահատկությունը` մի քանի տարի հետո ինչ-որ բան զոհաբերվելու է: Սերժ Սարգսյանը ցանկանում է շախմատի տախտակի վրա «արքա» մնալ, ով, ըստ անհրաժեշտության, կարող է զոհաբերել իր «զինվորներին»: Սերժ Սարգսյանը նույնպես շանտաժ է անում համակարգին` սպառնալով հեռանալ ու բոլորին զոհաբերել հիմա, եթե իր շուրջ չկայացվի «արքայական» կոնսենսուս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20