Նոր պատերազմի շեմին. Ի՞նչ է սպասվում Հայաստանին

- in Վերլուծական
284
paterazm

Հայաստանն ու Ադրբեջանը գործնականում գտնվում են պատերազմական իրավիճակում, որին մասնակցում է նաեւ չճանաչված Ղարաբաղը: Ղարաբաղյան պատերազմն ամենամասշտաբայինն էր հետխորհրդային տարածքում, քաղաքական դիմակայության մեջ ներգրավելով մի շարք խոշոր պետությունների, այդ թվում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, քաղաքական գործընթացներին ԱՄՆ-ի ու Եվրոպական հանրության ակտիվ մասնակցությամբ:

2016 թվականը շատ բանով բեկումնային էր Հայաստանի ու հատկապես Ադրբեջանի քաղաքականության համար: Պարզվեց, որ միջազգային հանրությունը, նախեւառաջ ԱՄՆ-ն ու Եվրոպական հանրությունը ղարաբաղյան կարգավորման որեւէ իրատեսական սխեմա նախաձեռնելու մտադրություն չունեն, ընդհակառակը՝ մոտեցել են այն համոզմանը, որ առանց Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի սահմանման անհնար է սպառել այս հակամարտությունը:

Ռուսաստանը սպասողական դիրք է գրավել, զգուշանալով ԱՄՆ նախաձեռնությամբ հակամարտության լուծման հեռանկարից:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանի քիչ թե շատ բարենպաստ սպասումները սպառվեցին, այդ երկիրը ծավալեց ղարաբաղյան խնդրի լուծման նոր քաղաքականություն, որը ներառում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն շրջափակման լայն գործունեություն, զուգահեռ մեծացնելով ռազմական պոտենցիալը, որի հիմքը նավթի ու գազի վաճառքից ստացված նշանակալի հասույթներն էին:

Պետք է նշել, որ Ադրբեջանի նախագահը բացահայտ հայտարարել է Հայաստանի հանդեպ այս համակարգված թշնամական քաղաքականության մասին, եւ դա գնահատական չի ստացել Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների կողմից:

Այն խորհրդակցությունները, որ Հայաստանն իրականացրել է դիվանագիտական խողովակներով, վկայում են, որ ԱՄՆ-ն ու Արեւմուտքի առաջատար տերությունները թույլ չեն տա Ադրբեջանի այս դոկտրինի չափից ավելի ծավալումը: Ըստ ամենայնի, Արեւմուտքը Ադրբեջանին հնարավորություն է տալիս համոզվել նման մտադրությունների սնանկության մեջ, երբ Բաքուն տրվում է ճնշման ուժային ու կոշտ քաղաքական միջոցների գայթակղությանը:

Միեւնույն ժամանակ, այս կապակցությամբ պաշտոնական հայտարարությունների բացակայությունը կարելի է դիտարկել որպես Հայաստանի յուրատեսակ շանտաժ, որին հասկացնել են տալիս զիջումների անհրաժեշտությունը, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հետ հարաբերություններում:

Թեեւ, նման ենթադրությունների տրամաբանվածությամբ հանդերձ, իրականում Արեւմուտքը բավական իներցիոն վերաբերմունք ունի Հարավային Կովկասի իրադարձություններին, եթե դրանք չեն առնչվում ռազմական գործողությունների վերսկսման հարցին, էներգետիկ հաղորդակցությունների անվտանգությանը եւ իշխանության ուժային փոփոխությանը:

Օրինակ, ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ Ալիեւի հայտարարություններին հետեւեցին Պենտագոնի ու Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը Բաքու, ինչպես նաեւ ԵՄ միջազգային հարցերով հանձնակատարի կոշտ հայտարարությունը:

Դիտարկելով Հայաստանի հանդեպ Ադրբեջանի այս քաղաքականության դինամիկան, կարելի է եզրահանգել հետեւյալը: Ամենասկզբից, երբ Ադրբեջանի ղեկավարությունն ընդունում էր համապատասխան որոշումները, քաղաքական դասին ու առաջատար ֆունկցիոներներին թվում էր, որ ունենալով ֆինանսական նշանակալի միջոցներ, Հայաստանի միջազգային շրջափակման դոկտրինի իրականացումը բարդություն չէր ներկայացնի:

Սակայն տեղեկատվական բազայի ձեւավորման, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արեւելքի եւ նույնիսկ Թուրքիայի տարբեր շրջանակներում նախաձեռնությունների ընթացքում այդ դոկտրինի մշակողների համար պարզ դարձան այն իրողությունները, որոնք կան աշխարհում:

Կան տեղեկություններ, որ Կենտրոնական Ասիայի երկրներին այս խնդրում ներգրավելու Բաքվի փորձերը տապալվեցին ու ըմբռնում չգտան այդ երկրների ղեկավարների մոտ, ովքեր ակտիվ մասնակցում են պրո-թուրքական միջոցառումներին ու նախագծերին:

Վրաստանը նույնպես հեռու քաշվեց Ադրբեջանի այդ մտադրություններից, գերադասելով հետեւել երկու հարեւանների դիմակայությանը: Իրանը, իհարկե, խափանում է Ադրբեջանի այդ մտադրությունները: Նման դիրք է գրավել նաեւ Ռուսաստանը:

Թուրքիան արդեն իսկ նշանակալի մասնակցություն ունի Հայաստանի շրջափակմանը, սակայն բավական ողջախոհ պահվածք է դրսեւորում միջազգային ասպարեզում, գերադասելով դիվանագիտական եւ ոչ թե գեոտնտեսական հնարքները: Թուրքիան իրականացնում է մի շարք տեղեկատվական-քարոզչական նախագծեր Հայաստանի դեմ եւ գտնում է, որ դա լիովին բավարար է միջազգային ներկայիս պայմաններում:

Ինչ վերաբերվում է հետխորհրդային տարածքին, ապա միայն մեկ պետություն՝ Ուկրաինան է պատրաստ Հայաստանին վնասելու ցանկացած առաջարկի, եթե Ադրբեջանն առաջարկի համապատասխան վճար, հատկապես նավթ ու նավթամթերք:

Ուկրաինան Ադրբեջանին զենքի կարեւոր մատակարար է:

Ներկայում Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, ինչպես նաեւ Իսրայելը: Ռուսաստանը ձգոտւմ է դառնալ Ադրբեջանի տնտեսական ու ռազմական գործընկերը, այդ պատճառով Ռուսաստանը դարձել է անհուսալի գործընկեր հնարավոր այլ գործընկերների համար:

Հայաստանի դիմաց ռուսները սկսել են թանկ վճարել իրենց վասալներին, որոնք ձգտում են դուրս պրծնել այդ «կարգավիճակից»: Ռուսաստանը կարողացել է ցույց տալ, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պատերազմը սցենար է, որին դատապարտված են երկու երկրները: Ռուսաստանն ապրիլյան պատերազմը համարում է բավական հաջող աշխարհքաղաքական հնարք եւ դա չի թաքցնում:

Ադրբեջանում հասկանում են, որ այդ պատերազմը հրահրել է Ռուսաստանը, սակայն հայերը շարունակում են հույս պահել, որ հենց Պուտինն է կանգնեցրել այդ պատերազմը:

Ապրիլից հետո ոչ մի լուրջ պետություն Հայաստանը չի կարող համարել քաղաքական գործընկեր: Որոշակի առումով, Հայաստանը դադարել է լինել ինքնիշխան պետություն: Տեղի է ունեցել բավական տարօրինակ բան՝ կարողանալով հետ մղել ադրբեջանական ագրեսիան, Հայաստանը դիտարկվում է որպես պարտված երկիր:

Այս դիրքերից Հայաստանը մոտենում է նոր պատերազմին, որն անհնար է կանխել, եւ հենց այն պատճառով, որ Հայաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման ու Ռուսաստանից կախվածության մեջ: Ընդ որում, ծիծաղելի է Ռուսաստանի կողմից անվտանգության որեւէ երաշխիքի մասին խոսելը:

Հայաստանին օգնության վերաբերյալ ԱՄՆ-ի ու եվրոպացիների առաջարկները կդառնային Հայաստանի միջազգային շրջափակման ճեղքումը: Սակայն Հայաստանն առայժմ չի պատասխանում Արեւմուտքին, երեւում է սպասելով ավելի շատ առաջարկներ Ռուսաստանից: Սա Հայաստանը դնում է խիստ խոցելի վիճակում:

Չի կարելի պնդել, որ Հայաստանը կպարտվի նոր պատերազմում, եթե նկատի առնենք, որ պատերազմը ոչ թե ավարտվել է, այլ շարունակվում է: Սակայն ցանկացած պատերազմից հետո Հայաստանն ավելի մեծ կախվածություն կունենա Ռուսաստանից:

Ադրբեջանին այլ բան չի մնում, քան սկսել լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից բացի, Թուրքիան նույնպես ավելի շահագրգիռ է դառնում պատերազմի հարցում: Թուրքիային անհրաժեշտ է վերջնականապես սահմանել պատերազմում Ադրբեջանի որոշիչ նշանակությունը: Ներկայում դա Թուրքիային ավելի մեծ նշանակություն կհաղորդի տարածաշրջանային պատերազմում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20