Նոր պատժամիջոցների թիրախ են դարձնում ոչ միայն Ռուսաստանին, այլև` Թրամփին

- in Միջազգային
125
trump-putin

Ժամեր առաջ ԱՄՆ Սենատի լսումներում, որոնք վերաբերում էին ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությանը, Թրամփի գլխավոր խորհրդական և փեսա Ջերարդ Քուշները հերքել է, թե նախընտրական շրջանում գործարքի մեջ է եղել ռուսների հետ՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու նպատակով:

Քուշները հիշատակել է իր և ռուսական կողմի ներկայացուցիչների չորս հանդիպումների մասին՝ նսեմացնելով դրանց նշանակությունը կամ տպավորություն ստեղծելով, թե դրանց ընթացքում քննարկել է Սիրիայի խնդիրը:

Փորձագետները նշում են, որ Քուշների ելույթն իրավաբանորեն գրագետ է եղել, սակայն թերահավատ են նրա անկեղծության հարցում: Թրամփի փեսան անդրադարձել է միայն այն «ականներին», որոնք արդեն վնասազերծված են, այսինքն՝ այն տեղեկատվությանը, որն արդեն հասու է հասարակությանը: Մինչդեռ փորձագետները վստահ են, որ նրա հետ կապված առկա են ոչ միայն չհայտնաբերված «ականներ», այլև մի ամբողջ «ականապատ» դաշտ, որով քայլելն անվտանգ չէ:

Քուշներն այսօր հանդես է գալու Կոնգրեսի լսումներում, և կասկածից վեր է, որ դարձյալ պնդելու է իր անմեղությունը:

Սակայն այսօր Կոնգրեսում դա չէ հիմնական իրադարձությունը, այլ երկու կուսակցությունների կողմից համաձայնեցված պատժամիջոցների նոր փաթեթը Ռուսաստանի դեմ: Խնդիրը միայն այն չէ, որ պատժամիջոցները խստացվելու են և ամենակոշտն են լինելու Սառը պատերազմից հետո: Ավելի էական են այլ հանգամանքներ:

Ուժեղացվում է պատժամիջոցների մոտիվացիան. ուկրաինական դոսյեին ավելանալու են սիրիական խնդիրն ու ընտրությունների միջամտության հարցը: Ռուսաստանը համալրում է «չարիքի առանցքի» երկրների շարքը՝ ընկերակցելով Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ: Նոր պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանի տնտեսական սուբյեկտներին, այլ նաև ՊՆ-ին և ուժային կառույցներին:

Եվ վերջապես, պատժամիջոցներն ինստիտուցիոնալացվում են՝ այսուհետ կարգավորվելով ոչ թե նախագահի հրամանագրերով, այլ օրենքներով: Հատկապես վերջին հանգամանքը նոր պատժամիջոցների թիրախ են դարձնում ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Թրամփին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20