Նույն ճանապարհը պետք է անցնի Հայաստանը

- in Հրապարակ
162
serzh-robert

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլու դա Սիլվան դատապարտվել է 9.5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով կոռուպցիայի գործով:

Նախկին նախագահը մասնավորապես մեղադրվում է իր դղյակ հիշեցնող հսկա տունը չհայտարարագրելու և OAS շինարարական ընկերությունից 747.8 հազար դոլար վերցնելու համար՝ Petroleo Brasileiro պետական ընկերության հետ միասին պայմանագրեր ստանալու գործում օգնելու դիմաց:

Որևէ երկրի միջազգային հեղինակության, պետական ինստիտուտների նկատմամբ վստահության և հանրային հարգանքի տեսանկունից, անշուշտ, ցանկալի չեն նախկին նախագահների դեմ քրեական հետապնդումները, առավել ևս՝ նրանց ազատազրկումները: Միևնույն ժամանակ, արդարադատությունն իրավունք չունի անտեսելու կոռուպցիայի ակնհայտ դրսևորումները, եթե չի ուզում դրանք «բնավորության» գիծ դառնան իրար հաջորդող իշխանությունների, նախագահների համար: Հասարակությունը կարոտ է արդարության և պետության նկատմամբ կորցնում է հավատը, երբ տեսնում է, որ իշխանության կրողները պետությանը ծառայելու փոխարեն՝ ճզմում են այն, իշխանությունն օգտագործում են հարստություն դիզելու, քաղաքացիներին հարստահարելու և նվաստացնելու համար:

Հայաստանում, ըստ էության, իշխանափոխություն տեղի չի ունենում, որովհետև իշխանության առաջին դեմքերը թաթախված են կոռուպցիայի մեջ և համոզված են, որ գալու է հատուցման ժամը, եթե երկրում հաստատվի օրինական իշխանություն, գերակայի օրենքը:

Եթե կուզեք, սա է հիմնական մոտիվներից մեկը, որ իշխանությունը կրակում է մարդկանց վրա, ընտրություններ է կեղծում, հետապնդում է ազատ խոսքն ու ընդդիմադիրներին: «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի ոճիրների գլխավոր մոտիվներից մեկը հենց կոռուպցիան է, կոռուպցիոն համակարգը արդարադատությունից պաշտպանելու քստմնելի մղումը:

Երկու հանցագործություններն էլ կապվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, ով իրավամբ Հայաստանի կոռուպցիոն բուրգի հիմնադիրն է, դրա ինստիտուցիոնալ հիմքերի ճարտարապետը:

Թյուր է այն կարծիքը, թե մեր հասարակությունը Քոչարյանին չի սիրում նրա ղարաբաղցի լինելու պատճառով: Հայաստանի ժողովուրդը Արցախը սիրում է ավելի, քան իր փոքր հայրենիքից ճողոպրած Ռոբերտ Քոչարյանը, և դա ապացուցել է առնվազն Ղարաբաղյան երկու պատերազմներում:

Մեր հասարակությունը չի հանդուրժում այլ բան՝ որ գավառից երկու վերնաշապիկով Երևան եկած մարդը կառավարման տասը տարիներին դարձավ միլիարդատեր, Աֆրիկաներում որսեր ու խրախճանք կազմակերպող վոյին: Մեր հասարակությունը չի հանդուրժում, որ Քոչարյանն ու նրա դրածոները Հայաստանին նայեցին «խոպանի» աչքով՝ լիմոնի պես ճզմելով երկիրը և թշվառության հասցնելով ժողովրդին:

Ներկա իշխանությունը որակով ոչնչով չի տարբերվում նրանից, ինչ ունեինք Քոչարյանի ժամանակ: Բայց կոռուպցիոն բուրգը ճաքեր կտա, կփլուզվի, եթե արդարադատության հաստատումը սկսվի դրա կնքահայր Քոչարյանից, ով դարձել է ահաբեկչության և կոռուպցիայի յուրօրինակ ներդաշնակության խորհրդանիշ:

Մեկ աղմկոտ կոռուպցիոն բացահայտումը բավարար է, որպեսզի Հայաստանում այլևս ընտրություն չկեղծեն, մարդկանց վրա չկրակեն, չխոշտանգեն, ինչ-որ մարդիկ չմտածեն իրենց իշխանությունը հավերժացնելու մասին՝ արյունով դիզած միլիոններն ապահով վայելելու համար:

Դա Սիլվան ազատազրկվում է Բրազիլիայի միջազգային վարկի, սեփական հասարակության աչքում պետության հեղինակությունը վերականգնելու նպատակով: Նույն ճանապարհը պետք է անցնի Հայաստանը՝ ապացուցելու համար, որ ոչ թե խոպան է Քոչարյանի ու մյուսների համար, այլ իրեն հարգող ինքնիշխան երկիր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20