Շանթ ու Շահեն Հարությունյաններից անտեղյակ ավագանիները

- in Ով ով է ..., Պնակալեզներ
122
shant-harutyunyan

Երևանի ավագանիում ՀՀԿ-ական անդամների մեծ մասը, հատկապես «մտավորական թևը», անգամ տեղյակ էլ չէ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան: Նրանց մեծ մասն արձակուրդում էր, կտրված այսօրվա իրականությունից: 

«Առաջին լրատվական»-ը նրանցից ցանկացել է պարզել՝ նախաձեռնություն կցուցաբերե՞ն, կդիմե՞ն, որ Տարոն Մարգարյանը հետ վերցնի Շահեն Հարությունյանի դեմ դիմումը, ինչպես նախօրեին վարվեց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն իր անտեղյակությունն ընդգծելու համար նշել է, որ արձակուրդն անցկացնում է այնպիսի վայրում, որտեղ կապի ոչ մի միջոց չկա, դրա համար ոչնչից տեղյակ չէ: «Ես արձակուրդում եմ: Քաղաքում չեմ: Բացի այդ, ավագանին շատ վաղուց արձակուրդում է: Ես տեղյակ չեմ էդ ամեն ինչի մասին: Այնպիսի տեղում եմ, որտեղ կապ չկա, հեռուստացույց չկա, կապի ոչ մի միջոց չկա»,- ասել է Մ. Վարդազարյանը։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ տեղյակ չէ կատարվածից, բայց լավ կլինի այդ հարցով դիմել ավագանու իրավական հանձնաժողովին, քանի որ «իր կարծիքը կարող է ոչ մասնագիտական լինել»:

Մեր դիտարկմանը՝ թե արդյոք ինքը կցանկանար, որ Շահեն Հարությունյանը պատասխանատվության ենթարկվեր և դա կանխելու համար արդյոք հնարավոր է դիմի քաղաքապետին հետ վերցնել դիմումը, տիկին Գևորգյանը պատասխանեց. «Ես պետք է խորանամ այդ հարցին պատասխանելու համար: Ես ընդհանրապես դեմ եմ բռնարարքների, ինչ որ պարտադիր բաների, բայց դա ոչինչ չի նշանակում: Ավագանին իր կոչումով պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա, իսկ դրա համար մենք ունենք իրավական հանձնաժողով»,- ասաց նա:

Իսկ դուք, առհասարակ, գիտեք՝ ովքեր են Շանթ Հարությունյանը, նրա որդին՝ հարցրինք ժուռնալիստների միության նախագահին: «Ոչ: Չգիտեմ: Միայն մամուլից եմ մի քիչ ծանոթ»,- ասել է տիկին Գևորգյանը:

Ավագանու անդամներից Հովհաննես Թոքմաջյանի և մյուսների հետ կապվել չի հաջողվել: Նրանց հիմնական մասը անհասանելի է կամ, առհասարակ, ռադիոծածկույթից դուրս:

Երևանի ավագանու ԵԾ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ հրաժարվել է հեռախոսով այո կամ ոչ պատասխանել հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս հետ վերցնի Շահեն Հարությունյանի դեմ ներկայացված հայցադիմումը: /Երևի Սերժ Սարգսյանին կհարցնի՝ նոր – ՄԻՏՔ/:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ից Երևանի Վարչական դատարանում քննվում է Շահեն Հարությունյանի դեմ Երևանի քաղաքապետարանի հայցը:

Հայցվոր կողմը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաք անցկացնելու համար:

Հիշեցնենք նաև, որ 2017 թվականի մարտի 16-ին «Հաց բերող»՝ Արթուր Սարգսյանի մահվանը հաջորդած օրերին, ի հիշատակ նրա, Շահեն Հարությունյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիաներ անցկացվեցին Երևանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20