Ո՞ւմ է պատկանում փիառվելու առաջնային իրավունքը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
118
ara-babloyan

Երեկվանից հայ հանրությունը ակտիվորեն քննարկում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտնի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ իշխանություններին առաջարկել է պաշտոնական կարգավիճակով ամրագրել ռուսերենը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի Հայաստանի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում: «Ես կարող եմ ասել միայն մի բան. ամրագրեք ռուսերենը իբրև պաշտոնական, և այդ դեպքում օրենքը կտարածվի նաև ՀՀ քաղաքացիների վրա»,- ասել է Վոլոդինը նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:

Այս առաջարկից ու հանդիպումից հետո հայկական պատվիրակության կողմից մի քանի արձագանք եղավ այս հայտարարությանը: Անգամ երեկ ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը հերթական անգամ արձագանքեց Վոլոդինի հայտարարությանը՝ նշելով, որ «Հայկական պատվիրակությունն ասել է, որ Հայաստանի օրակարգում չկա նման հարց, և չի էլ նախատեսվում ռուսերենը պետական լեզու ճանաչելու մասին հարցի քննարկում»:

Իրականում Վոլոդինի առաջարկ-հայտարարությանը մի քանի անգամ արձագանքելը բոլորվին այլ պատճառներ ունի: Մեր տեղեկություններով՝ իրականում Մոսկվայում Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, երբ նման առաջարկ է արվել, դրան առաջինն արձագանքել է հայկական պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը: Նա միանգամից նշել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ միայն հայերենին է տրվում պետական լեզվի կարգավիճակ: Իսկ երկրորդ պետական լեզվի ընդունումը Հայաստանի համար ակտուալ չէ: Եվ բացի այդ, Հայաստանում Բելառուսի կամ Ղրղըզստանի օրինակով ռուսախոս զանգվածն այդքան մեծ չէ:

Աշոտյանից հետո ՌԴ Պետդումայի նախագահին արձագանքել է նաև Արա Բաբլոյանը, սակայն շատ կարճ և ոչ այդքան դիպուկ՝ ինչպես Աշոտյանը:

Հանդիպումից հետո Աշոտյանը դուրս է եկել հանդիպումից, ներկայացրել, թե ինչ կոշտ պատասխան է տվել ռուսական կողմի առաջարկին: Աշոտյանի արձագանքը լուսաբանվել է հայկական լրատվամիջոցներում: Դրանից հետո ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը, ծանոթանալով հրապարակումներին, որից պարզ է դառնում, որ հենց Աշոտյանն է պատասխանել Վոլոդինին, Բաբլոյանին ներկայացնում է իրավիճակը, ըստ որի՝ ստացվում է, որ Վոլոդինի առաջարկի «դեմն առել է» Աշոտյանը, այլ ոչ թե ԱԺ նախագահը, որը ղեկավարում է պատվիրակությունը: Արդյունքում Աշոտյանը հայտնվել է բավական ոչ նախանձելի վիճակում: Նրան կանչել են և բացատրություն պահանջել, թե ինչու է իրեն առաջ «գցել» ԱԺ նախագահից և սեփական փիառով զբաղվել՝ ընդգծելով, որ ամբողջ պատվիրակությունից միայն ինքն է հակադարձել ռուսական կողմին:

Աշոտյանին մի լավ կշտամբելուց հետո հայտարարության մի նոր տեքստ է պատրաստվել, որը տեղադրվում է ԱԺ կայքում և հիմա էլ տեղադրված է, ըստ որի՝ «Հակադարձելով ՌԴ Պետդումայի նախագահի առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը»:

Փաստորեն ռուս գործընկերոջը իրապես արժանի պատասխան տալու փոխարեն՝ ՀՀ ԱԺ նախագահը փիառվելու կռիվ է տալիս՝ փորձելով պարզել, թե ում է պատկանում փիառվելու առաջնային իրավունքը:

Հ.Գ. – ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը արձագանքել է մեր այսօրվա «Աշոտյանն ընդդեմ Բաբլոյանի՞․ Ո՞ւմ է պատկանում փիառվելու առաջնային իրավունքը, կամ ինչ է տեղի ունեցել Պետդումայի նախագահի հետ հանդիպմանը» հրապարակմանը, որտեղ անդրադարձել էինք ԱԺ նախագահի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության այցին Մոսկվա: Արսեն Բաբյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«Զավեշտալի է, երբ Հայաստանի շահը ներկայացնելը բնորոշվում է որպես PR-վելու մրցակցություն: Անտեղի, մտացածին սենսացիաներ տարածելու կարիք չկա: Ավելորդ եմ անգամ համարում նշել, որ ՌԴ մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակությունը գործել ու դիրքորոշում է հայտել փոխհամաձայնության և լիակատար համերաշխության մթնոլորտում՝ գործադրելով բոլոր ռեսուրսները տարատեսակ՝ այդ թվում լրատվական մանիպուլյացիաները չեզոքացնելու համար»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20