Ոչ թե իտալական, այլ սիրիական մաֆիա

- in Միջազգային
179
siria

«Մաֆիա» բառի իրական նշանակությունն աշխարհն իմացավ Ամերիկայում իտալական մաֆիայի շնորհիվ: Իտալական մաֆիան, որն առաջացել է ԱՄՆ-ում իտալացի գաղթականների միջավայրում և շուտով ընդլայնվել է, երկար ժամանակով դժբախտություն դարձավ այդ երկրի համար: Այս մասին գրում է թուրքական Yeni Çağ թերթը:

Արդեն մոտ 100 տարի ամերիկյան անվտանգության ուժերը փորձում են հաղթահարել այդ պատուհասը: Բնականաբար, իտալական մաֆիայի մասին մենք միայն ֆիլմերից գիտենք:

Հարց է առաջանում՝ իտալական մաֆիան ինչպե՞ս է կապված մեզ հետ: Իհարկե, ոչ մի կերպ: Բայց հիմա Թուրքիայում նման սոցիալական գործընթացներ են տեղի ունենում: Միայն թե այդ գործընթացներում իտալացիներ չկան:

Սիրիացիներ կան: Վերջին ամիսներին փախստականները, ովքեր ստիպված են եղել իրենց երկրում պատերազմի պատճառով ապաստան փնտրել Թուրքիայում, բուռն արձագանքի են բախվում հասարակության մեջ:

Թուրքերն ինչո՞ւ են այդպես սուր արձագանքում: Ծեծկռտուք փողոցներում սիրիացիների հետ, սիրիացիների տների հրկիզում և էլի շատ օրինակներ: Այդ արձագանքի գլխավոր պատճառը մաֆիոզ կազմավորումներն են, որոնք առաջանում են որոշ փախստականների միջավայրում:

Հատկապես Ստամբուլում սիրիացիներն աշխատում են ոչ միայն շինարարության և նման ոլորտներում: Նրանք սկսում են պարտքերի բիզնեսում աշխատել, ինչպես, օրինակ, կտրոններով և պարտամուրհակներով պարտքերի բռնագանձման ոլորտում:

Ավելին՝ նրանք դա անում են ոչ այնքան մեծ գումարների դիմաց: Պարզապես ավազակությունը գործնականում նորաձև է դարձել սիրիացի երիտասարդության համար: Երիտասարդ սիրիացիները, միավորվելով խմբերում, մարդկանց ծեծում, վախեցնում են փողի համար և շատ այլ մաֆիոզ գործողությունների են դիմում:

Թուրքիան, ցավոք, միայն իր դռները բացել է սիրիացի միգրանտների համար՝ նրանց կրթություն չտալով: Եվ հիմա տասնյակ հազարավոր սիրիացիներ փողոցում են, աշխատանք չունեն և կիսասոված վիճակում են:

Այսինքն՝ նրանք հանձն են առնում ցանկացած աշխատանք: Գլխավոր խնդիրը դա է: Սոված մարդն ամեն ինչի ընդունակ է: Եվ ոչինչ չես կարող անել, եթե Թուրքիան, ինչպեսև եվրոպական երկրները, միլիոնավոր սիրիացիների փող և տանիք չի տվել, գրում է պարբերականը:

Այդ պայմաններում սիրիացիներն իրենք են փորձում ելք գտնել իրավիճակից: Մոտ ժամանակներս սիրիացիների խնդիրն ավելի կսրվի:

Նույն կերպ, ինչպես տեղի է ունեցել Ամերիկայում իտալական մաֆիայի ծնունդը, սիրիական մաֆիան Թուրքիայում նույնպես կարող է ավելի աճել: Երկրում լուրջ ճգնաժամ է՝ կապված կտրոններով և պարտամուրհակներով վճարման հետ:

Այդ ճգնաժամը կարող է սիրիական մաֆիայի ազդեցության հետագա աճի և ուժեղացման պատճառ դառնալ: Ներկայումս նրա ազդեցությունը դիտվում է փոքր առևտրականների և պարտքերի մակարդակով: Բայց այն օր օրի կարող է մեծանալ:

Ծեծկռտուքը փողոցներում, տների և աշխատավայրերի հրկիզումը միայն հասարակական արձագանքն է այդ ամենին: Որոշ ժամանակ անց, երբ սիրիացիներն ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեն, ամեն ինչ կարող է փոխվել: Թուրքիան ինչպե՞ս կպայքարի մաֆիայի դեմ, որը նույնիսկ Ամերիկան չի կարողանում հաղթահարել մեկ դար:

Այդ մարդիկ, ովքեր փողոցներում թափառում են «փող չունեցող մարդը անպետք մարդ է» փիլիսոփայությամբ, պետք է պարտադիր կրթություն և աշխատանք ստանան: Ինչպես Թուրքիայում 12% գործազրկության դեպքում աշխատանք գտնել այդ մարդկանց համար, իհարկե, առանձին հարց է:

Երկրում գործազրկությունը երիտասարդության շրջանում հասել է 25%-ի: Թուրքիայում սիրիացիների զգալի մասը երիտասարդներ են, նրանց աշխատանք չունեցողների թվում ներառելու դեպքում ստացվում է երիտասարդ գործազուրկների բանակ 30% և նույնիսկ 35% թվով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20