Ով է լինելու Հայաստանի իշխանության մեջ հարցի գլխավոր պատասխանատուն

- in Կեղտոտ լվացք
81
Serzh Aliyev

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջոցով Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին են փոխանցել 2017 թվականի վերջին հանդիպելու առաջարկ: Առայժմ երկու կողմն էլ լռում են դրա վերաբերյալ, և հավանաբար առաջիկա ամիսներին նրանցից պատասխան չի ակնկալվում:

Մինսկի խմբի համանախագահների այդ առաջարկը առնվազն հայկական կողմում, բացի անմիջական կարգավորման գործընթացին և շփման գծում իրավիճակին առնչվող հարցերից, ունի նաև հետաքրքիր մեկ այլ ասպեկտ: 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը պետք է թողնի նախագահի պաշտոնը: Նրա հետագա կարգավիճակի վերաբերյալ բոլոր հարցերը նա թողնում է անորոշ, չի տալիս հստակ պատասխան, և բաց են մնում հավանական բոլոր տարբերակները՝ սկսած նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնում շարունակելուց, մինչև իշխանության մեջ այլ կարգավիճակը, օրինակ՝ անվտանգության խորհրդի նախագահ կամ պարզապես իշխանությունից դուրս ՀՀԿ «պոլիտբյուրոյի» ղեկավար՝ ՀՀԿ նախագահ:

Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլից հետո պետության առաջին դեմքը փաստորեն դառնում է վարչապետը, և ըստ այդմ Ղարաբաղյան խնդրում այլևս չի կարող լինել նախագահների հանդիպում, որովհետև Հայաստանի առաջին դեմքը, ի տարբերություն Ադրբեջանի, այլևս լինելու է վարչապետը; Ըստ այդմ, եթե լինի հայ-ադրբեջանական գագաթնաժողով, ապա դա նշանակում է, որ Հայաստանից դրան մասնակցելու է վարչապետը:

Այդպիսով, Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպումը, եթե դա տեղի ունենա՝ ինչպես ցանկանում են համանախագահները, կարող է լինել վերջինը Սերժ Սարգսյանի համար նախագահի պաշտոնում, քանի որ հազիվ թե մինչև ապրիլ կազմակերպվի ևս մեկ հանդիպում: Իսկ այդ հանգամանքն էլ իր հերթին առաջացնում է նոր հարցեր, մասնավորապես՝ այն առումով, թե ինչ օրակարգով և ինչ քաղաքական հիմքով կմասնակցի դրան Սերժ Սարգսյանը, ինչ պայմանավորվածություններ կամ հարցադրումներ են հնարավոր նրա այդ «կարգավիճակով» մասնակցության դեպքում, որը փաստորեն «կաղ բադիկի» կարգավիճակն է, ինչպես ընդունված է հեռացող նախագահներին բնորոշել Արևմուտքում: Իհարկե, եթե մինչ այդ հանդիպումը Սերժ Սարգսյանն առավել որոշակիացրած չլինի իր հետագա քաղաքական ճակատագրի հարցն ու ներկայացրած չլինի վարչապետի պաշտոնում առաջադրվելու արդեն բացահայտ ու հստակ հայտ:

Ավելին՝ այստեղ, իհարկե, առկա է մեկ այլ ուշագրավ հանգամանք: Կարո՞ղ է արդյոք Սարգսյան-Ալիև հանդիպման առաջարկը Սերժ Սարգսյանը տեղավորել իր քաղաքական ծրագրերի հեռանկարի սպասարկման շրջանակում՝ այդպիսով նպատակ ունենալով դե յուրե հնարավոր վերջին հանդիպումը վերածել հավանական վարչապետության դե ֆակտո առաջին հանդիպման, երբ Սերժ Սարգսյանը, մնալով առաջին դեմք, պահպանի Սարգսյան-Ալիև ձևաչափը:

Համենայնդեպս, ակնհայտ է, որ դա ամենևին երկրորդական խնդիր չէ ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև միջնորդ համանախագահների և ընդհանրապես Ղարաբաղյան խնդրում դե յուրե կամ դե ֆակտո հետաքրքրություն ունեցող և շահեր հետապնդող այլ տարածաշրջանային ու միջազգային սուբյեկտների համար, թե ով է լինելու Հայաստանի իշխանության մեջ այդ հարցի գլխավոր պատասխանատուն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20