Որտե՞ղ է իրականությունը. Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Սևանի ջուրը Արարատյան դաշտ հասցնել հնարավոր չէ

- in Կարծիք
126
Sevan

1909 թ.-ին տվյալ ժամանակաշրջանի համար ոչ անհայտ տնտեսագետ-ինժեներ Սուքիաս Մանասերյանը Երևանի քաղաքային դումային առաջարկել է քաղաքի կարիքների համար օգտագործել Սևանի ջուրը, բայց դումայի կողմից մերժվել է՝ «դա բնության դեմ հանցագործություն է» պատճառաբանությամբ: Դրանից հետո նա դիմել է Կովկասի ջրային տեսուչին՝ առաջարկելով լճի ջրերը օգտագործել Արարատյան դաշտի հողերի ոռոգման համար:

Տեսուչը նույնպես ելնելով բնապահպանական նկատառումներից՝ մերժել է Մանասերյանի առաջարկը: Սա, կարծես ոգևորվելով մերժումներից, առաջարկ է ներկայացրել փոխարքա Վորոնցովին, որին, սակայն, հայատյաց փոխարքան առարկել է՝ ծրագրի վրա մակագրելով. «Սևանը ծփացել է մինչև մեզ, թող ծփա նաև մեզանից հետո»՝ հավելելով. «Չի կարելի սպանել բնությունը»:

Այս դրվագը պատկերացում է տալիս ավելի քան հարյուր տարի առաջ հայատյաց ռուսական չինովնիկների դեպի բնությունն ունեցած վերաբերմունքի, այլոց ազգային հարստության նկատմամբ ու հնարավորություն տալիս համեմատելու մերօրյա չինովնիկների հետ: Ինչևէ:

ՀՀ կառավարությունը մեկ-երկու տարվա դադարից հետո հերթական անգամ ԱԺ-ին է դիմել խնդրանքով՝ համաձայնություն տալ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում նախատեսված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողնման 170 մլն խմ չափաքանակի ավելացումը հասցնելու 270 մլն խմ-ի:

ԱԺ արտահերթ նիստում թեմայի վերաբերյալ զեկուցող Ջրտնտպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարեց, որ լրացուցիչ 100 մլն խմ ջրի բացթողնման արդյունքում հնարավոր կլինի շուրջ 130 հազար գյուղացիական տնտեսությունների ապահովել ոռոգման ջրով: Այլապես ջրի չմատակարարման դեպքում տնտեսությանը կհասցվի շուրջ 10 մլրդ դրամի վնաս (անհասկանալի է, թե ինչ հաշվարկների հիման վրա են նման հստակ թիվ ստացել):

Հետաքրքիր է, որ նիստի ժամանակ պատգամավորների կողմից հնչեցված և ոչ մի հարցի Արսեն Հարությունյանը սպառիչ պատասխան չտվեց, ինչն առաջին հերթին իրավիճակին ու ինֆորմացիային չտիրապետելու հետևանք էր: Մյուս կողմից էլ՝ վերջինս խուսափում էր որևէ կոնկրետությունից՝ հետոյի համար մանևրելու հնարավորություն թողնելով:

Գանք բուն նյութին: Սերժ Սարգսյանը ոչ վաղ անցյալում հստակ արտահայտել է իր վերաբերմունքը Սևանի նկատմամբ. «Սևանը հիվանդ է, և նրան պետք է բուժել: Եկել է Սևանի պարտքը վերադարձնելու ժամանակը»: Կարծես այդ խոսքերը պետք է ուղեցույց լինեին նրա թիմի համար՝ հատկապես, որ ծրագիր է մշակվել լճի մակարդակը նվազագույնը 6 մետրով բարձրացնել, որպեսզի էկոլոգիական հավասարակշռություն ստեղծվի: Լճի մակարդակի յուրաքանչյուր սանտիմետր բարձրանալը նշանակում է 13 մլն խմ ջրի կուտակում: 100 մլն խմ ավելի ջուր թողնելը նշանակում է մակարդակը գրեթե 8 սմ-ով նվազեցնել: 6 մետր բարձրացնելն էլ նշանակում է կուտակել ևս 8 մլրդ խմ ջուր:

Ոլորտում տիրող իրավիճակն ամբողջապես հասկանալի լինելու համար նշենք, որ այսօր հանրապետությունում եղած 80 ջրամբարներում կուտակվում է առավելագույնը 1 մլրդ 50 մլն խմ ջուր, որից Ախուրյանում ջրամբարված ջրի կեսը՝ 275 մլն խմ-ն, թուրքերի բաժնեմասն է: Փաստորեն, Սևանից դուրս տարեկան կարողանում ենք կուտակել առավելագույնը 875 մլն խմ ջուր: Ամենապարզ հաշվարկներով՝ 8 մլրդ խմ ջուր կուտակելու համար պետք է կառուցվի նվազագույնը 600 ջրամբար, որի համար անհրաժեշտ կլինի 20-24 մլրդ դոլար, ինչը մեր պարագայում գործնականում անհնարին է (նվազագույն հաշվարկներով անգամ արհեստական ջրամբարում կուտակվող 1 խմ ջրի ինքնարժեքը կազմում է 2-2.5 դոլար): Մինչդեռ Սևանի մակարդակի բարձրացմամբ այդքան ջուր կուտակելու համար ոչինչ պետք չէ ծախսել: Դրանով Սևանը կվերականգնվի, կկենդանանա, ու մենք կունենանք ևս 8 մլրդ խմ ջրի ռազմավարական պաշար: Հատկապես, որ գլոբալ տաքացման պայմաններում Հայաստանում մինչև 2030թ.-ը ջերմաստիճանը բարձրանալու է 2 աստիճանով: Իսկ դա նշանակում է, որ տեղումները կպակասեն 17%-ով, գոլորշիացումը կավելանա 22%-ով:

Սրանից հետևում է, որ այսօր արդեն ջրի պաշարների հետ կապված լուրջ պրոբլեմներ ունենք, իսկ վաղը ավելի ծանր է լինելու՝ հատկապես, որ այդպես էլ միջոցներ չեն գտնվում Արփա-Սևան թունելի վթարային 500-600 մետրանոց հատվածը վերականգնելու և 25 խմ/վայրկյան թողունակություն ապահովելու համար: Թունելով տարեկան 280 մլն խմ-ի փոխարեն հիմա տեղափոխվում է հազիվ կեսի չափով ջուր: Եվ նախատեսված տարեկան 21-22սմ-ով լճի մակարդակի բարձրացման փոխարեն վերջին տարիներին հաջողվում է ապահովել հազիվ 5-6 սմ բարձրացում: Եթե այս տարի չափից ավելի 8 սմ էլ նվազի, կհետևի, որ արդյունքում կունենանք նախորդ տարվա համեմատությամբ մակարդակի նվազում նվազագույնը 2 սմ-ով:

Ընդամենը 5-6 տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված Սևանի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը կատարած համապարփակ ուսումնասիրություններից հետո հայտարարեց. «Ցավոք, Սևանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի 48-50%-ը անօգուտ կորչում է քայքայված ոռոգման ցանցերում»: Նույնը հաստատեց 2016թ.-ին Ջրտնտպետկոմի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը՝ ասելով, որ յուրաքանչյուր 2 խմ ջրից համարյա 800-900 լիտրը կորչում է:

Կորուստների թիվը տարեցտարի մեծանում է, որովհետև չնայած այս տարիների ընթացքում համակարգում ներդրված մի քանի հարյուր մլն դոլարին՝ այն շարունակում է արագընթաց քայքայվել: Իսկ դա այդպես է, որովհետև համակարգում մեծ փողեր են շրջանառվում, և հիդրոմասնագետներն այնտեղ անելիք չունեն: Հին կադրերին վաղուց դուրս են մղել: Մինչդեռ նրանք պնդում են, որ ջրի կորուստների զգալի մասը ոչ ճիշտ տեխնիկայի կիրառման արդյունք է: «Արարատյան դաշտում հիմնականում տեխնիկական կորուստներ են լինում: Հասկանալի է, որ բնական կորուստներ էլ կան, բայց հիմնականում ջրաբաշխման կորուստներ են: Հաճախ ջրաբույսերը մայր ջրանցքներում այնքան են զարգանում, որ մայր ջրանցքում կորուստները հասցնում են 50-60%-ի: Հիմնական խնդիրներից մեկը ճիշտ շահագործումն է»:

Այսօր հանրապետությունում ոռոգման համար 1.5-ից 1.7 մլրդ խմ ջուր է օգտագործվում, որի կեսը պարզապես կորում է: Եթե հավելենք, որ տարեկան 1-1.3 մլրդ խմ էլ կորցնում ենք թափթփված ձևով ձկնաբուծություն «զարգացնելու» արդյունքում, պարզ կլինի, թե ինչ բարբարոս տնտեսվարում է իրականացվում Հայաստանում:

Իրականում վերջին տարիներին ներտնտեսային ցանցերի պահպանման ու վերականգնման վրա գրեթե ներդրումներ չեն արվում՝ չնայած հաշվետվություններում այդ տողերի դիմաց կլորիկ թվեր են ներկայացվում: Իրավիճակն այնպիսին է, որ շատ գյուղացիներ տարիներ շարունակ դիմելով իրենց սպասարկող ՋՕԸ-ներին ու պատասխան չստանալով՝ փորձում են իրենց միջոցներով իրենց հողամասերին կից լոկալ հատվածները կարգի բերել: Համակարգը մատնվել է բացարձակ անտերության, ինքնահոսի թողնված վիճակ է, իսկ ՋՕԸ-ների տնօրեններին միանգամից մի քանի մեքենա է սպասարկում, մի քանի օգնական, մի քանիսն էլ այլ հաստիքի տակ արդեն անձնական թիկնապահներ են պահում: Նման հոռի բարքերը շարունակելու համար էլ ԱԺ-ն քվեարկելու է հերթական անգամ Սևանից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու օգտին:

Եվ վերջում թերևս ամենակարևորը. «Եթե Ազատի ջրամբարը չի լցվում, ապա լուրջ խնդիր ենք ունենում այն առումով, որ գործնականում Սևանի ջուրը հնարավոր չէ հասցնել այնտեղ, որտեղից Ազատի ջրամբարը կամ Մխչյանի պոմպակայանը ջուր են մատակարարում: Հնարավոր չէ այդ տարածքներին Սևանի ջուրը հասցնել: Հարցն այն է, որ Երևանի տարածքում Արտաշատի ջրանցքը այնպիսի կառուցապատման է ենթարկվել (ջրանցքի վրա տներ ու կից շինություններ են կառուցել), որ այդ ջրանցքով 16խմ/վ ջրի թողունակությունը նվազել է՝ հասնելով առավելագույնը 5-6 խմ-ի: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Սևանի ջուրը Արարատյան դաշտ հասցնել հնարավոր չէ: Դա լուրջ տեխնիկական խնդիր է»,- բացատրում է այդ ոլորտի ամենամեծ մասնագետներից մեկը:

Իսկ Ջրտնտպետկողմի նախագահը անգամ հաշվարկներ է ներկայացնում, թե չհասցնելու դեպքում տնտեսությունները ինչ կորուստներ են կրելու:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20