Որտեղի՞ց սկսվեց բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու գաղափարի վերաբերյալ քննարկումները

- in Կարծիք
100
karen-karapetyan

Հայաստանում նոր թափ են առել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ հիմնելու վերաբերյալ քննարկումները: Այդ հարցը մի քանի օր առաջ բարձրացվեց նաև Ազգային ժողովում, որտեղ քնարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը:

«Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ՄԻՊ Արման Թաթոյանին հարցրեց, թե ինչ կարծիք ունի բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման մասին: Վերջինս պատասխանեց, որ նախընտրելի է գործող ինստիտուտը զարգացնել, քան նոր ինստիտուտ ստեղծել: Նրա խոսքերով՝ բիզնես-օմբուդսմենն ըստ էության կատարելու է իր գործառույթը: «Հակառակ դեպքում այդ անձը նաև կարող է ինձ դիմել, կլինի դուբլիկացիա, որը խոչընդոտելու է գործին: Դեմ եմ»,- հայտարարեց Թաթոյանը:

Իսկ որտեղի՞ց սկսվեց բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու գաղափարի վերաբերյալ քննարկումները: Այդ մասին խոսակցությունները սկսվել են տարիներ առաջ դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կամ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի օրոք: Անգամ, երբեմն լուրեր էին շրջանառվում, թե այդ գրասեյակը ղեկավարելու է կամ բիզնես-օմբուդսմենը լինելու է գործարար Խաչատուր Սուքիասյանը: Բայց, հավանաբար, նախկինները հասկացան, որ դրա համար անհրաժեշտություն չկա, դա լինելու է ձևական կառույց և ավելի մեծ դերակատարում, դեր ու նշանակություն չի ունենալու, ինչ այսօր ունի ՄԻՊ գրասենյակը:

Բայց վերջին շրջանում այդ թեման թարմացրեց արդեն ներկա վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախ, տարեսկզբին նա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հետ հանդիպման ժամանակ կարևորել է բիզնես հաշտարարի, նույնն է, թե բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ներդրման հեռանկարը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: «Չափազանց կարևորում ենք բիզնես միջավայրում հավասար, արդար և թափանցիկ դաշտի ձևավորումը, այդ առումով, ներկայացված առաջարկները կարևոր են մեզ համար»,- ընդգծել էր նա:

Վարչապետն այդ թեմային անդրադարձել էր նաև անցած ամիս հայաստանյան բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Եվ այդպես այդ թեման այսօր դարձել է խիստ արդիական: Ու Մ. Մելքումյանն էլ գտնում է, որ բիզնես- օմբուդսմեն ունենալու անհրաժեշտությունն այսօր առկա է: «80 հազար ձեռնարկատերերի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, տեղ չկա, որ դիմեն: Էդ ի՞նչ բան է, աշխարհում բիզնես-օմբուդսմեններ կան: Լավ, եկեք անունը դնենք հաշտարար, կարգավորումներ տանք: Հարկայինը կարող է օրը 10 անգամ գա ՀԴՄ, ամեն ինչ ստուգի, խախտվո՞ւմ է բիզնեսմենի իրավունքը, թե՞ չէ»,- ասում է նա:

Իսկ մեզ անհրաժե՞շտ է արդյոք նման ինստիտուտի ներդրումը, կամ այն ինչ կարող է անել մեր բիզնես համակարգում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր գործարար դաշտը գտնվում է անհավասար պայմաններում, որոշ գործարարներ օգտվում են արտոնյալ հնարավորություններից՝ ներկրելիս հնարավորինս շրջանցում են մաքսային կանոններն ու չեն մուծում օրենքով սահմանված տուրքերը, մասամբ են մուծում կամ քիչ մուծելու համար այլ ապրանք անվանումով են մաքսազերծում: Ոմանք հարկային համակարգն են նույն կերպ շրջանցում, իսկ ամենահզորներն էլ թե՛ սեփական, թե՛ պետական լծակներն օգտագործում են ու չեզոքացնում իրենց մրցակիցներին: Եվ տարիներ շարունակ այնպիսի իրավիճակ է ստեղծվել մեր երկրում, որ լայն սպառման ապրանքների ներկրման ու իրացման շուկայում գոյացել են մենաշնորհներ: Այսօր իբր թե քսան շաքարավազ ներկրող կա, բայց այդ ապրանքի ներկրման 99 տոկոսը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Եվ եթե երկրի ղեկավարն է արտերկրի հայերի հետ հանդիպման ժամանակ արդարացնում շաքարավազի ներկրման մոնոպոլիան, ապա այդ դաշտում մրցակցություն ապահովելու կամ հակամրցակցային երևույթները չեզոքացնելու համար բիզնես-օմբուդսմենն ի՞նչ պետք է անի:

Ի՞նչ է արել մինչև այժմ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, որի վրա տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դրամներ են ծախսվում: Այդ գրասենյակի միայն ղեկավարի աշխատավարձը 1 մլն դրամից ավելի է: Կամ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ինչ նվաճումների է հասել Ա. Թաթոյանի ղեկավարած հիմնարկը: Դա շատ թույլ լիազորություններով մի գրասենյակ է, որն այդ ոլորտում գրեթէ ոչ մի հարց չի կարող լուծել: Այն իր ստեղծման օրվանից նույնպես ձևական կառույց է եղել և նորից բավականին գումարներ է ստացել բյուջեից ու դեռ պահանջում է այն ավելացնել: Իսկ այս հաշտարարների ու օմբուդսմենների ինստիտուտները Հայաստանի նման ժողովրդավարության ու ոչ մրցակցային, ոչ ազատ տնտեսություն ունեցող երկրների համար ավելի շուտ իմիտացիոն նշանակություն ունեն: Այդպիսով, նման երկրների իշխանություններն ընդամենը միջազգային կառույցներին ու, ինչու չէ, իրենց հանրությանը ցույց են տալիս, թե պայքարում են մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի, անհավասար մրցակցության ու նման այլ արատավոր երևույթների դեմ:

Կամ, ի վերջո ի՞նչ է արել ազատ մրցակցության համար այդ նպատակով ստեղծված հակամրցակցային հանձնաժողովը, որ հիմա էլ Կ. Կարապետյանը բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ է ցանկանում ներդնել: Նա եթե ուզում է կամ կարող է հավասար մրցակցային դաշտ ստեղծել ու պաշտպանել տնտեսվարողների իրավունքները, ապա թող կարգադրի այդ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, և, որ ամենակարևորն է, ՊԵԿ-ի իր սիրելի նախագահ Վարդան Հարությունյանին, որ բոլոր գործարարների նկատմամբ կիրառեն հավասար խաղի կանոնները, հենց իրենք չխախտեն նրանց իրավունքները, իսկ նման երևույթներ նկատելու դեպքում պատժել մեղավորներին:

Հավելենք նաև, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ կա Ռուսաստանում, ու հավանաար Կ. Կարապետյանն այդ երկրի փորձն է ուզում ներդնել Հայաստանում: Բայց ի՞նչ է արել այդ օմբուդսմենն այդ երկրի բիզնես միջավայրի զարգացման համար: Արդյոք այնտեղ ազատ մրցակցություն կա, և չեն խախտվում տնտեսվարողների իրավունքները: Իհարկե, ոչ: Ավելի արատավոր վիճակ է: Եվ եթե անկեղծ լինենք, մեր երկրում կոռուպցիայի, հովանավորչության կամ նման այլ արատավոր երևույթների հիմքը հենց այնտեղ է: Ունե՞ն ՀՀ իշխանությունները կամ նույն Կ. Կարապետյանը բիզնեսի շահերը պաշտպանելու քաղաքական կամք: Եթե այո, նրանք առանց այդ օմբուդսմենների ու հանձնաժողովների էլ դա կարող են իրականացնել՝ ընդամենը պետական կառույցներին հանձնարարելով աշխատել օրենքի տառին համապատասխան: Ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանում, որտեղ էլ սկսել են իրենց կապիտալը ներդնել մեր երկրում գոյություն ունեցող անհավասար պայմաններից հոգնած գործարարները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20