Պուտինը սահմանում է ծառայամտության, ստորաքարշության նոր նշաձող

- in Միջազգային
109
putin

Այսօր Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն անդրադարձել է իր երկրում 2014-ին փակված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիաբազային: Նախագահն ասել է, որ այդ բազան սպառնալիք էր Ղրղըզստանի ազգային անվտանգությանը, որովհետև երկիրն իբր թե պոտենցիալ թիրախ էր մի քանի երկրների կողմից:

Հատկանշական է, որ Ղրղըզստանի իշխանությունները տարիներ շարունակ տրամագծորեն այլ բան էին պնդում՝ ամերիկյան բազան ներկայացնելով որպես երկրի անվտանգության ուժեղացման, միջազգային հեղինակության բարձրացման, ինչպես նաև պետական բյուջեն համալրելու երաշխիք:

Աթամբաևը  բավականին երկար ժամանակ դիմակայում էր ռուսների ճնշմանը և ի վերջո 2014-ին տեղի տվեց ռուսական աննախադեպ ճնշմանը՝ դադարեցնելով իր երկրի տարածքում ամերիկյան բազայի գործունեությունը:

Սակայն Աթամբաևի այսօրվա պնդումները հակասում են ոչ միայն տարիներ առաջ արված իր իսկ հայտարարություններին, այլ նաև կոնտրաստի մեջ են այսօրվա իրականության հետ: Եթե Ղրղըզստանի նախագահն իրապես մտահոգ է երկրի անվտանգության խնդիրներով, ապա պետք է ռազմական առումով պահպաներ չեզոքություն և երկրի տարածքում թույլ չտար օտար ուժերի ռազմական որևէ ներկայություն: Բայց այսօր Ղրղըզստանի տարածքում գործում է ռուսական ավիաբազա, որն, ըստ Աթամբաևի տրամաբանության, դարձյալ պետք է խոցելի դարձնի երկիրը, որովհետև Ռուսաստանը մինչև ականջները թաթախված է սիրիական պատերազմի մեջ: Սակայն գուցե այլ է Աթամբաևի խոսքի ենթատեքստը, և նա ակնարկում է, որ ամերիկան ռազմաբազայի պարագայում Ղրղըզստանի անվտանգությանը սպառնում էր հենց Ռուսաստանը՝ շանտաժով, ուժի սպառնալիքով:

Սակայն, մեր կարծիքով, խնդիրն ունի ավելի խորքային դրսևորում, և պատահական չէ, որ Աթամբաևը փակված ավիաբազայի մասին հիշել է երեք տարի անց: Ըստ ամենայնի, Մոսկվային այլևս չի բավարարում միայն այն հանգամանքը, որ սատելիտ պետությունները կուրորեն հետևում են իր բոլոր նախաձեռնություններին: Աթամբաևի օրինակով պարզ է դառնում, թե ինչ է Պուտինն ակնկալում ԵՏՄ մյուս առաջնորդներից: Աթամբաևն առանց դիմադրության համաձայնեց երկրում պետական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին, անցում կատարել կիրիլյան տառատեսակին և, որ ամենակարևորն է, ակտիվ ձեռնամուխ լինել հակաարևմտյան, հակաամերիկյան քարոզչությանը:

Աթամբաևի դեմքով՝ Պուտինը սահմանում է ծառայամտության, ստորաքարշության նոր նշաձող: Պատրա՞ստ է դրան Սերժ Սարգսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20