Ռուսական յաթաղանն ընդդեմ ութ միլիարդի

- in Վերլուծական
326
Serj Sargsyan

Հայաստանին առաջարկվող ամերիկյան ութ միլիարդանոց ներդրումների պատմությունն իր էությամբ շատ նման է չարաբաստիկ սեպտեմբերի 3-ի առեղծվածին։ Մեզ առաջարկվում է ակնհայտ շահավետ գործարք, այնպիսի բան, որից մենք չենք կարող հրաժարվել, սակայն Հայաստանը չի ընդունում այն։

Եթե Եվրասոցացման դեպքում ենթադրվում էր, որ Հայաստանը պետք է փոխի իր աշխարհքաղաքականության առանցքը, ապա այս դեպքում նման պահանջ չկա։ Ավելին, առաջին հայացքից ոչ մի քաղաքական պայման չդրվեց՝ ոչ ազատ ընտրությունների անցկացում, ոչ մարդու իրավունքներ, ոչ ազատ մամուլ՝ պարզապես փող են առաջարկում։

Իհարկե, այս ամենն ունի նաեւ շատ կարեւոր քաղաքական համատեքստ, որովհետեւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ամերիկյան ծրագիրն ընդունելը նշանակում է այլեւս անկախություն Ռուսաստանի էներգետիկ համակարգից։ Բայց մեր դեպքում էներգետիկան Ռուսաստանից կախվածության միայն շատ փոքր մասն է, Ռուսաստանն է կարգավորում ղարաբաղյան հակամարտությունը, Ռուսաստանն է պահում Թուրքիայի հանդեպ մշտավառ թշնամությունը, Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ, հայկական ապրանքների շուկան Ռուսաստանն է, հայ խոպանչիները Ռուսաստան են գնում եւ, ի վերջո, Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, եւ ռուս զինվորականների քանակը տարբեր առիթներով ավելանում է Հայաստանում։

Այլընտրանքային էներգետիկայի զարգացման դեպքում խոսքը չի գնում աշխարհքաղաքական ընտրության մասին, միայն էներգետիկ կապով Ռուսաստանից կտրվելը չի նշանակում մյուս բնագավառներում փոփոխություն, բայց Միացյալ Նահանգները որոշել էր նպաստել Հայաստանի անկախացման գոնե մեկ քայլին եւ դրա համար առաջարկում էր ութ միլիարդ դոլար։

Սակայն Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ինքը ագահ չէ, այլ քաղաքական գործիչ է եւ չնետվեց առաջարկվող միլիարդների հետեւից։ Սերժ Սարգսյանն այս հարցը քննարկել է Մոսկվայի հետ եւ ամենայն հավանականությամբ չի կարողացել գոնե մի փոքր զիջում կորզել։ Մոսկվան ցանկանում է Հայաստանի նկատմամբ ամբողջական վերահսկողություն։ Մոսկվան չի ցանկանում թույլատրել Հայաստանի զարգացման գոնե ամենափոքրիկ հնարավորությունը, թեեւ դա էապես չի ազդում

Հայաստանի կառավարման իր լծակների վրա։
Ակնհայտ է, որ Հայաստանին վաճառվող չնչին գազը կարեւոր նշանակություն չունի «Գազպրոմ» կոչվող մոնստրի շահույթների համար։ Կրեմլը Հայաստանին վերածել է փակուղու, եւ Հայաստան մտնող գազը չունի նաեւ տրանզիտային նշանակություն, ի տարբերություն, ասենք, Ուկրաինայի կամ Բելառուսի։ Թերեւս փոքր խաղերի հնարավորություն է ստեղծվել վրաց-ռուսական հարաբերությունների համար, սակայն այն նույնպես էական չէ եւ ունի միայն կողմնակի նշանակություն։

Հայաստանին հրամայելով հրաժարվել ամերիկյան ներդրումներից՝ Մոսկվան պարզապես ստորացնում է Սերժ Սարգսյանի իշխանությանը, նրան զրկում է կարեւոր կոռուպցիոն հնարավորություններից, իսկ Հայաստանին՝ զարգացման հնարավորությունից։

Այնուամենայնիվ, այս դեպքում, ավելի քան սեպտեմբերի 3-ին կարեւոր հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է Հայաստանը հպատակվում Կրեմլի կամակորություններին։

Ինքնագործունեության Սերժ Սարգսյանը չի կարող դիմել։ Անհեթեթություն կարելի համարել այն տեսակետները, թե Սերժ Սարգսյանի նկատմամբ ռուսներն ունեն կարեւորագույն կոմպրոմատներ՝ ողջ հայկական մամուլը հեղեղված է Սերժ Սարգսյանին եւ նրա հարազատներին վարկաբեկող տեղեկատվությամբ, սակայն դա որեւէ ազդեցություն չի ունենում Հայաստանի քաղաքական ընթացքի վրա։ Անլուրջ է նաեւ այն պնդումը, թե Սերժ Սարգսյանը ռուսական ագենտ է, եւ այդ պատճառով իր տերերին դեմ չի գնա. ութ միլիարդ դոլարի դիմաց ցանկացած գաղտնի ու ակնհայտ գործակալ կվերահավաքագրվի։

Մինչդեռ հեռավոր ու փոքրիկ Մոնտենեգրոյում (ռուսերեն՝ Չեռնոգորիա) շաբաթներ առաջ տեղի ունեցածը բացահայտում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ ռուսների ունեցած անսահմանափակ իշխանության աղբյուրը։ Մոնտենեգրոյում Կրեմլը պատրաստում էր հերթական տեղական հոկտեմբերի 27-ը։ Պատրաստվում էին սպանել վարչապետին, գրավել խորհրդարանը, մնացածը՝ ըստ հայտնի սցենարի։ 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի քաղաքական վերնախավի ցեղասպանությունից հետո Ռուսաստանը փայլեցրեց ու պատրաստ պահում է իր յաթաղանը Սերժ Սարգսյանի ցանկացած չհամաձայնեցրած քայլի դեպքում։

Այդ յաթաղանն էր, որ Սերժ Սարգսյանին ցույց տվեցին սեպտեմբերի 3-ից մի քանի օր առաջ, եւ Հայաստանի եվրոպական քայլերթը անսպասելիորեն ընդհատվեց։ Այս անգտամ յաթաղանը բերել էր «Գազպրոմի» Միլլերը։ Նա Հայաստանի իշխանություններին հիշեցրեց, թե ինչ կարող է իրենց հետ պատահել ամերիկյան փողերն ընդունելու, Հայաստանը զարգացնելու, եւ ըստ այդմ՝ Պուտինի կամակորությանը չհնազանդվելու դեպքում։

Այսինքն, Սերժ Սարգսյանն իրեն պահեց որպես հասուն քաղաքական գործիչ՝ նա հաշվարկեց Հայաստանին առաջարկվող օգուտները եւ իրեն սպասվող ռիսկերն ու ընդունեց անհրաժեշտ որոշում։ Ավելորդ չէ նկատել, որ եթե ԱՄՆ-ը, նրա հետեւից՝ Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստ են լուրջ ներդրումների, ապա նրանք կպաշտպանեն իրենց ներդրումները, այսինքն այս քայլը կարող է դառնալ նաեւ խաղաղության պահպանման կարեւոր գործոն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն անցավ ակտիվ պատերազմի այն ժամանակ, երբ արդեն համարյա ամբողջությամբ սպառվել էր «Բրիթիշ Փեթրոլեումի» «հեշտ» նավթը եւ մնացել էին «ՍՈԿԱՐ»-ին բաժին մնացած փշրանքները, որոնք պետք է արդյունահանել խորը ցամաքային նավթահորերից ծանր ու թանկ ձեւերով։

Ըստ այսմ, Սերժ Սարգսյանի այլընտրանքն ավելի է սրվում՝ ընտրել Հայաստանի զարգացումն ու խաղաղությո՞ւնը, թե՞ սեփական ռեժիմի անվտանգությունը։ Եթե խոսքը վերաբերվեր սովորական քաղաքական գործչին, ապա նա իհարկե կընտրեր Հայաստանի շահը։ Բայց Սերժ Սարգսյանը չի կարող իր կոռուպցիոն հնարավորությունները զիջել հանուն Հայաստանի զարգացման ու անվտանգություն։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ, Քաղաքագետ; lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20