Ռուսաստանը՝ «չարիքի առանցք»

- in Միջազգային
96
us-russia

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ՝ Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին, չնայած այդ փաստաթղթի կապակցությամբ նախագահ Դոնալդ Թրամփի առարկություններին։ Օրինագծին աջակցել են 388 կոնգրեսականներ՝ թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ։

Ուշագրավ է, որ այս փաստաթղթով Ռուսաստանն ըստ էության դասվում է Հյուսիսային Կորեայի ու Իրանի շարքին և հռչակվում է ԱՄՆ արտաքին քաղաքական հակառակորդ: Այս օրինագծի ընդունման միտքը հղացել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտնել է, թե ուզում է Պուտինի հետ «լավ գործարք» կնքել: Օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Թրամփը նման բան չի կարող անել անգամ տեսականորեն, որովհետև փաստաթուղթը նրան զրկում է պատժամիջոցները չեղարկելու կամ դրանք մեղմացնելու հնարավորությունից:

Կոնգրեսի կողմից ընդունված փաստաթղթի 184 էջ վերաբերում է Ռուսաստանին, և մանրամասն թվարկված են նրան հասցեագրված մեղադրանքները՝ Ուկրաինայի դեմ վարվող քաղաքականություն, ոտնձգություն ԱՄՆ կիբերանվտանգության և ընտրական ինստիտուտների դեմ, աջակցություն Բաշար Ասադին, կոռուպցիա, մարդու իրավունքների ոտնահարում: Փորձագետներն այս փաստաթուղթն արդեն համեմատել են ԽՍՀՄ-ի դեմ ժամանակին ընդունված Ջեքսոն-Վենիկի լրացումների հետ:

Կասկածից վեր է, որ օրինագիծը կընդունվի նաև Սենատում: Թրամփը թեև դեմ էր օրինագծի ընդունմանը, սակայն նրա աշխատակազմը կիրակի հայտնել է, որ նախագահը կվավերացնի այն:

Թրամփն ըստ էության այլընտրանք չունի, որովհետև ամերիկյան Կոնգրեսը միևնույն է՝ կհաղթահարի նրա վետոն, բացի այդ՝ օրինագծին ընդդիմությունը միայն կխորացնեն կասկածները Թրամփի և Ռուսաստանի կասկածելի կապերի մասին:

Մոսկվան ընկալում է Վաշինգտոնին որպես վտանգի աղբյուր և ընդունում է որոշումներ՝ ելնելով այդ գիտակցումից։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա այդ կերպ է մեկնաբանել Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հանդեպ միակողմանի պատժամիջոցների խստացման մասին օրինագծի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկությունը։ Նրա խոսքով՝ օրինագծի ընդունումն ԱՄՆ-ում ՌԴ թշնամիների գիտակցված ընտրությունն է։

Ռյաբկովը նաև նշել է, որ Վաշինգտոնի գործողությունները համարում է քայլ՝ ուղղված Մոսկվայի հետ հարաբերոթյունների նորմալացման հեռանկարների ոչնչացմանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20