Ռուսաստանը Հայաստանի վրա կպարպի «հզոր կայսրության» ողջ էներգիան

- in Ով ով է ..., Պնակալեզներ
275
Sergey Lavrov

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխարհի ամենափորձառու ու հարգված դիվանագետներից մեկն է: Սա անհերքելի փաստ է, որն ընդունում են նույնիսկ նրա մոլի քննադատները: Այս ֆոնին փոքր-ինչ զարմանալի է Լավրովի, ըստ էության, անօրակարգ հադիպումները եվրոպական մայրաքաղաքներում:

Իսկ երեկ Լավրովը նույնիսկ դիվանագիտական ֆիասկո արձանագրեց Բեռլինում, որտեղ նա իր գերմանացի գործընկերոջ հետ պետք է փակեր ռուսական մշակույթի տարին: Զիգմար Գաբրիելն անսպասելի հայտարարել է, որ տաքություն ունի և չի հանդիպի Լավրովին: Չնայած նույն օրը նա հանդիպել է այլ պաշտոնյաների:

Իրականում` Լավրովի այցերը հուսահատական են: Նա վերջին ջանքերն է գործադրում եվրոպական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար, բայց Բրուսելում կամ Բեռլինում այդպես էլ չի կարողացել գալ սկզբունքային համաձայնությունների: Այս առումով` Լավրովի եվրոպական տուրնեն ակամայից նմանվում է դարեր առաջ հայ հասարակական գործիչ Իսրայել Օրու եվրոպական այցերին, որոնց ընթացքում նա փորձում էր արդարության հասնել «թղթե շերեփով»: Լավրովը, իհարկե, ոչ արդարություն է մուրում և ոչ էլ` «թղթե շերեփով» է, սակայն նույնիսկ կայսրությունը կարող է խեղճանալ, երբ գնում է քաղաքակրթության և ժամանակի դեմ, անգամ, եթե ունի Լավրովի պես փայլուն դիվանագետ ու մի քանի հազար միջուկային մարտագլխիկ:

Մոսկվան Եվրոպային փորձում է համոզել, որ փոխել է իր դեմքը` այն ավելի հումանիստական դարձնելով: Լավրովի զրուցակիցներն ակնարկում են, որ իրենք սպասում են ոչ թե ձևի, այլ` բովանդակության փոփոխության:

Մյուս կողմից` Սիրիան և Ուկրաինան չափազաց թանկ են նստում Ռուսաստանի վրա` թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական վարկի առումներով:

Չնայած ագրեսիվ հռետորաբանությանն ու քարոզչությանը` Ռուսաստանը հիմա գտնվում է փակուղային, պատային իրավիճակում: Սա ազդանշան պետք է լինի նաև հայկական դիվանագիտության համար: «Սատանան այնքան դաժան չէ` ինչքան թվում» է ու թերևս ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանությունները խնդիրներ դնեն Մոսկվայի առաջ` թույլ չտալով, որ Ռուսաստանը Հայաստանի վրա պարպի «հզոր կայսրության» ողջ էներգիան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20