«Սասնա ծռեր» խմբի ուղերձը

- in Պաշտոնական
92
Sasna Crer

Կալանքի տակ եւ ընդհատակում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները ուղերձ են հղել ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների մեկ տարին լրանալու կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցնե՛ր,

Մեկ տարի առաջ Սասնա Ծռեր ռազմաքաղաքական խմբավորումը 1921թ․-ից ի վեր առաջին անգամ զինված ապստամբություն կատարեց թրքաբոլշևիկյան համակարգի դեմ։

Ազգային ազատագրման և ժողովրդավարության հաստատման նպատակ հետապնդող այդ գործողությունը բխում էր ապստամբության աստվածային և բնական իրավունքից, այդ պատճառով միանգամայն իրավաչափ էր և նրա մասնակիցներն անպարտ են օրենքի առաջ։

Ապստամբությունն իր ճանաչողական- գաղափարական, քաղաքական-իրավական և հոգեբանական-հուզական դրսևորումներով տիպական, բնորոշ, հարազատ և յուրային էր ազգային էությանն ու ինքնությանը և համահունչ էր նաև արժանապատվության, ազատության, արդարության ու այլ առաքինությունների վերաբերյալ համամարդկային ընկալումներին։

Այս ամենի շնորհիվ ապստամբությունը կարողացավ թափանցել մինչև հայի անհատական ու կոլեկտիվ ներաշխարհների ամենախորը ծալքերը, բորբոքել նրա ոգու հնոցը, արթնացնել նրա գիտակցությունը, բացել նրա աչքերը և վերստին ծնունդ տալ իր և իր զավակների կյանքի գնով ազգային առաքելությանը հավատարիմ, հայրենատեր ու ժառանգորդ տեսակին։

Ուստի ապստամբության հիմնական և գլխավոր ձեռքբերումը պետք է համարել այդ տեսակի նորովի ծնունդը։

Այս երևույթը տեսել և հասկացել է նաև համակարգը։ Նա գիտի, որ Սասնա Ծռերի ապստամբությունը կտրել է իր կյանքի թելը։ Ուստի ստիպված վերանայել և շատ հարցերում կասեցրել է մեզ մարսելու իր ծրագիրը։

Կտրված թելը կապելու և իր հրեշավոր ծրագիրն ավարտին հասցնելու համար Դև համակարգը հրեշտակի կերպարանք առած ձգտում է ամեն գնով և կերպով խաբել ու մոլորեցնել, գինով հարբեցնել, մեղքերով գայթակղել և իրենց հանցակից դարձնելով՝ կրկին քառսուն գազ հորը գցել, այսինքն՝ իր մահացու գիրկը վերադարձնել արթնացած Ծուռ տեսակին։

Այդ նպատակով համակարգի հիմնական հայաստանյան գործիքի՝ գաղութային վարչակազմի գլխավորությամբ մոբիլիզացրել է ամբողջ ենիչերիական ռեսուրսը՝ պետածառայողական վերնախավ, կուսակցություններ և դրանց պարագլուխներ, պատգամավորներ, ԶԼՄ-ներ և առանձին լրագրողներ, քարոզչական պայքարի մասնագետներ, վերլուծաբաններ, առհասարակ՝ տարաբնույթ գործակալներ, կարիերիստներ, հարմարվողներ և Հայրենիք ու արժանապատվություն չունեցող այլազան տականք։

Իրենց դավադիր միասնությունը քողարկելու համար նրանք երգում են նույն երգի տարբեր հատվածները, հաճախ՝ տարբեր ձայներանգներով։ Սակայն նրանց մատնում է կրկներգը, որ նրանք պարտադիր կերպով կատարում են։

Այս ենիչերիական «երգչախմբին» հանձնարարված է լուծել խնդիրների մի ամբողջ փունջ, առաջին հերթին՝ նսեմացնել Սասնա Ծռերի ապստամբության արժեքն ու նշանակությունը, վարկաբեկել նրանց և մերժել ու չեզոքացնել «ծռություն»-ապստամբությունը որպես մեր պարագայում միակ իրական ելք և առհասարակ՝ որպես իրավունքի պաշտպանության, սոցիալական վարքի ու արարքի ձև, բթացնել ժողովրդի գիտակցությունը և ընկճել նրա կամքը՝ նրան տարուբերելով հեռավոր ապագայի վարդագույն պատրանքների և դառը իրականության միջև, «ընտրությունների» կամ ապստամբությունը բացասող այլ «ելք»-եր հրամցնել համակարգի ներսում, եթե հնարավոր է՝ խորհրդարանում, իսկ եթե ոչ՝ ապա գոնե համակարգի վերասկողության ներքո գտնվող արտախորհրդարանական տիրույթում։

Իսկ այս արշավի վերջնական արդյունքը պետք է լինի անզորություն և դատապարտվածություն սերմանելը, թե մենք ի վիճակի չենք պահել Արցախը և գոյատևել առանց Ռուսաստանի կամ այլ օտար տիրոջ, որպեսզի հիմնավոր դառնա Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը կլանելու համակարգի ծրագիրը։

Այսօր յուրաքանչյուր հայի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առջև ծառացած է ճակատագրական ընտրության հրամայականը՝ մնալ մեզ որպես սպառվող ռեսուրս օգտագործող համակարգի ներսում, սպասարկել նրա օրակարգը և, ի վերջո, ոչնչանալ՞, թե՞ դուրս գալ այնտեղից և որդեգրել հայության առաքելության, հայրենատիրության ու ժառանգության ռազմավարական ուղենիշներով առաջնորդվող յուրային համակարգ (որի միջուկն ու առանցքը պետք է դառնա Հայկական բարձրավանդակի ամբողջ տարածքի վրա կառուցված ազգային պետությունը) ստեղծելու համահայկական օրակարգ և անհատական, խմբային ու հանրային բոլոր ջանքերն ուղղել դրա իրականացմանը։

Մենք կասկած չունենք, որ հավերժի ճամփորդ Հայը ընտրելու է ազգային համակարգ կառուցելու օրակարգը։

Անկախ այս երկարաժամկետ և բազմափուլ համազգային օրակարգի հարցերի հերթականությունից և նրանց բովանդակությունից, դրա առաջին հարցը պետք է դառնա ինքնուրույն ազգային սուբյեկտ- պետության (ազգային կամքի կենտրոնի) ձևավորումը, ինչի համար առնվազն անհրաժեշտ է․

1․ Ձերբազատվել այդպիսի սուբյեկտի ձևավորմանը խոչընդոտող հանգամանքներից, որոնցից հիմնականներն են՝ ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունը (որն առնվազն ենթադրում է Հայաստանից Արցախի և Նախիջևանի անջատ վիճակ․ և հայկական պետության տարածքի սահմանափակվածություն նախկին ՀԽՍՀ սահմաններում), Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը և այդ կախյալությունն ապահովող հայաստանյան գաղութային վարչակազմը։

2․ Համախմբել և արդյունավետ կերպով գործադրել ներկայումս հայության իրավազորության տակ գտնվող և 1-ին կետում նշված հանգամանքներից ձերբազատվելու շնորհիվ հայությանը հասանելի դարձող պետական ռեսուրսը՝ տարածքը, բնակչությունը, ինքնիշխանությունը, պետական կառավարման համակարգը և այլ ռեսուրսը։

3․ Համակարգի կենտրոնը, նրա գլուխը Հայաստանում չէ։ Հայաստանում նրա ենթակա բաղադրիչն է, նրա գործիք գաղութային վարչակազմը։ Ուստի ընդամենը ենթակա բաղադրիչի հետ հարաբերվելով, այն էլ՝ նրա գերակա ու վերահսկող կարգավիճակի պարագայում, հնարավոր չէ ազդել համակարգի վրա։

4․ Համակարգի հայաստանյան գործիք գաղութային վարչակազմի ղեկավար դասն անդառնալի կերպով թաղվել է Հայրենիքի դավաճանության, իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի, սպանությունների և ծանր ու առանձնապես ծանր այլ հանցագործությունների ճահճում։ Անձնական ու խմբային շահերով կազմակերպված այդ հանցավոր համագործակցության անդամների համար փոփոխությունը հավասարազոր է ազատազրկման և ունեզրկման, այդ պատճառով նրանք մինչև վերջ փորձելու են պահպանել առկա իրավիճակն ու կառավարման լծակները։ Ասվածի թարմ և խոսուն ապացույցն է դատարանի նկուղում թրքաբոլշևիկյան այս համակարգի ոստիկանների միջոցով Սասնա Ծռերին դաժանաբար ծեծելը, ինչն առանց այլևայլության 1921թ. փետրվարին Երևանի բանտում կատարված կացնահարման ժամանակակից դրսևորումն էր:

Նոր Հանրապետության հիմնադրման գործընթացը նախապատրաստելու և սկսելու համար հարկավոր է այս ամենը հաշվի առնելով ստեղծել արտահամակարգային քաղաքական բևեռ, որը կդառնա ապագա ազգային համակարգի սաղմը և իր վրա կվերցնի քաղաքական և ժողովրդային ռեսուրսի մոբիլիզացիայի, համաժողովրդական ընդվզման, գաղութային վարչակազմի հեռացման, ինչպես նաև Նոր Հանրապետության հիմնադրման Անցումային փուլի մեկնարկն ապահովող Ժողովրդի վստահության կառավարության ձևավորման կազմակերպական բեռը։

Արտահամակարգային բևեռը կենսականորեն անհրաժեշտ է նաև արտաքին հակառակորդի հավանական հարձակման դեպքում, որպեսզի հնարավոր լինի մոբիլիզացնել ժողովրդին և խափանել պայմանավորված պատերազմով տարածք հանձնելու ունակ վարչակազմի դավաճանությունը։

Արտահամակարգային բևեռում համախմբվող գործիչները և ժողովուրդը պետք է մտածեն և գործեն «ծռավարի»՝ ընդառաջ գնալով վերահաս վտանգին և այն դիտելով որպես հաղթանակի լիցք ու ռեսուրս։

Հայությունը շուտով իր հետևում է թողնելու անկումների ու կորուստների ժամանակը և մտնելու է վերածննդի, վերելքների ու ձեռքբերումների ժամանակ։

Սասնա Ծռերի ապստամբությունն այս գործընթացի օրինաչափությունը հաստատող անցման գործողություն էր և ապագան մեկնարկող գալիք համաժողովրդական ընդվզման հաջողված փորձարկումն ու կազմակերպական խթանը։
Ապստամբական հանգուցալուծումն անխուսափելի է։ Նախապես արտահամակարգային բևեռի ստեղծումը այն կդարձնի հնարավորինս նվազ կորստաբեր և առավելագույնս արդյունավետ։

Մենք՝ ներքոստորագրյալ ռազմագերիներս, քաղբանտարկյալներս և քաղհալածյալներս՝

ա/ դիմում ենք Հայրենիքի և պետականության ապագայով մտահոգ բոլոր ուժերին ու անհատներին և հորդորում ենք մեր գոյության հաշվին ապրող համակարգի ներսում խորհրդարանական կամ արտախորհրդարանական լուծումներ փնտրելու փոխարեն համախմբվել արտահամակարգային տրամաբանությամբ,

բ/ մեր կողմից պատրաստ ենք պատասխանատվության մեր բաժինը ստանձնել ինչպես արտահամակարգային բևեռի կայացման ու գործունեության, այնպես էլ Ժողովրդի վստահության կառավարության մեջ և Անցումային փուլում:
Մենք ենք տերը մեր երկրի։

Ստորագրություններ

1.​Ժիրայր Սեֆիլյան
2.​Գարեգին Չուգասզյան
3.​Մխիթար Ավետիսյան
4.​Պավել Մանուկյան
5.​Վարուժան Ավետիսյան
6.​Արայիկ Խանդոյան
7.​Արմեն Լամբարյան
8.​Կարո Եղնուկյան
9.​Հայկ Կյուրեղյան
10.​Սերգեյ Կյուրեղյան
11.​Արեգ Կյուրեղյան
12.​Աշոտ Պետրոսյան
13.​ Լիպարիտ Պետրոսյան
14. Հովհաննես Հարությունյան
15. Գևորգ Իրիցյան
16. Արամ Մանուկյան
17. Արթուր Մելքոնյան
18. Գառնիկ Հովակիմյան
19. Արթուր Սողոմոնյան
20. Թաթուլ Թամրազյան
21. Գագիկ Եղիազարյան
22. Արամ Հակոբյան
23. Մարտիրոս Հակոբյան
24. Տիգրան Մանուկյան
25. Վարդան Գերավետյան
26. Ներսես Պողոսյան
27.​Գևորգ Սաֆարյան
28.​Թորոս Թորոսյան
29.​Սեդրակ Նազարյան
30.​Էդվարդ Գրիգորյան
31.​Արայիկ Հակոբյան
32.​ Արթուր Մովսիսյան
33.​Տիգրան Սարգսյան
34.​Արմեն Բիլյան
35.​Հովհաննես Վարդանյան
36.​Սմբատ Բարսեղյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20