Սերժ Սարգսյանը սահմանել է այն գինը, որը պալատական օլիգարխին վճարելով, Հովիկ Աբրահամյանը կարող է վերադառնալ համակարգ

- in Ով ով է ..., Պնակալեզներ
226
Serj Hovik

Սերժ Սարգսյանը երեկ` Գագիկ Ծառուկյանի ընկերակցությամբ, Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ 14-րդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները:

Համակարգը ցուցադրում է իր միասնականությունն` օգտագործելով տարբեր հարթակներ: Կասկած չկա, որ երեկ Սարգսյանը Ծաղկաձոր էր գնացել` Ծառուկյանի հետ իր չձևակերպված դաշինքը հանրայնորեն ցուցադրելու համար: Դա` մի կողմից ուղերձ է հասարակությանը, որ խաղն ավարտված է ու ամեն բան որոշված է, մյուս կողմից` Սարգսյանը նուրբ ակնարկ է անում ՀՀԿ-ին, որ իր հենարանն ավելի ընդգրկուն է և ինքն է ավելի շատ պետք Հանրապետականին, քան` հակառակը:

Ծառուկյանի խնամին` Հովիկ Աբրահամյանն, իր բիզնեսները ծախում է Սամվել Ալեքսանյանին: Այս փատը որևէ կերպ չի տեղավորվում համակարգային տրամաբանության մեջ, որովհետև նախկին վարչապետը, հատկապես վերջին շրջանում, հասկացնում էր, որ մնում է խաղի մեջ` չնայած պաշտոնի կորստին: Ավելին` նա համակարգին իր պատկանելությունը մտադիր է հաստատել Արտաշատի քաղաքապետի առաջիկա ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելով: Արգամիչը փորձառու գործիչ է, անգիր գիտի համակարգի բոլոր «ծակ ու ծուկերը» և ընտրական որևէ պրոցեսի մասնակցության մասին չէր հրապարակայնացնի, եթե երաշխիքներ չունենար: Իսկ Հայաստանում երաշխիքը ոչ թե ընտրողի քվեն է, այլ` իշխանության «դաբրոն»:

Եվ ահա, այս ֆոնին անտրամաբանական է հնչում, որ Հովիկ Աբրահամյանն իր բիզնեսի մի մասը վաճառում է Սամվել Ալեքսանյանին, որովհետև հայաստանյան քաղաքականությունը հիմնված է բացառապես կապիտալի վրա: Այլ խոսքով` եթե ինչ-որ մեկը լուրջ փայ չունի բիզնեսում, կհայտնվի համակարգի ստորին օղակներում կամ առհասարակ` դուրս կմղվի դրանից: Դա Հովիկ Աբրահամյանը բոլորից լավ գիտի, որովհետև երկու-երեք տարի առաջ իր խնամի Գագիկ Ծառուկյանին ժամերով բացատրել է, որ վերջինիս ըննդիմադիր կեցվածքը հղի է ունեզրկմամբ և արտահամակարգային «բոմժի» կարգավիճակով:

Հիմա դժվար թե Աբրահամյանն Ալեքսանյանին ինչ-որ բան վաճառեր` այս ճշմարտություններն իմանալով: Այն, ինչ տեղի է ունենում` նման չէ առք ու վաճառքի, որովհետև գործարքի մի կողմում քրեաօլիգարխիայի նախկին «կուռատոր» Հովիկ Աբրահամյանն է, մյուս կողմում` պալատական թիվ մեկ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: Տրամաբանական է կատարվածի երկու վարկած: Ըստ առաջին վարկածի` Ալեքսանյանն Աբրահամյանից հետ է ստանում այն, ինչը փաստացի իրեն է պատկանում:

Ավելի պարզ` ժամանակին` որպես համակարգի «օբշակի» տեր, Աբրահամյանի տնօրինմանն են հանձնվել Ալեքսանյանի որոշ բիզնեսներ, հիմա փոխվել է Արգամիչի կարգավիճակը, և նա այլևս չի կարող փայ ունենալ ազդեցիկ Ալեքսանյանի բիզնես համակարգում և օլիգարխին վերադարձնում է այն, ինչը փաստացի պատկանել է նրան: Սակայն կա նաև երկրորդ վարկածը` Սերժ Սարգսյանը սահմանել է այն գինը, որը պալատական օլիգարխին վճարելով, Հովիկ Աբրահամյանը կարող է վերադառնալ համակարգ: Սա էլ միանգամայն տրամաբանական է, որովհետև մեր համակարգը նման է կենդանական աշխարհին, իսկ այնտեղ «թրջված» մկների ախորժակը սահմանափակ է լինում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20