Սերժ Սարգսյանի «Հայաստանը՝ 2040-ին»

- in Կեղտոտ լվացք
108
serzh-sargsyan

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ և դա ես ասել եմ անկեղծորեն՝ առանց որևէ բան պահելու՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը, և նույնկերպ հիմա եմ շարունակում մտածել»,- իր վարչապետության հեռանկարի մասին «Արմենիայի» հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

Ժողովրդավարական երկրներում նման արտահայտությունը կասկածի տակ կդներ գործչի լրջությունը՝ մանավանդ, եթե նա խոսում է ընդամենը ինն ամիս հետո սպասվելիք իրադարձության մասին: Դա նաև կհամարվեր ընտրողներին վիրավորող արտահայտություն, որովհետև կայացած հասարակությունները սիրում են գործ ունենալ կանխատեսելի գործիչների հետ:

Բայց մենք ապրում ենք հայաստանյան իրականության մեջ, ու թերևս Սարգսյանն առաջնորդվում է 88-ի Շարժման տարիներին Վանո Սիրադեղյանին վերագրվող «մեր ուժը մեր բառադիության մեջ է» կարգախոսով: Ուղղակի եթե այն թվերի «բառադիությունը» սասանում էր խորհրդային կայսրության և կոմունիստական իշխանության հիմքերը, Սարգսյանի «բառադիությունը» ցնցում է Հայաստանի պետական համակարգը:

Մյուս կողմից՝ մի քիչ դժվար է պատկերացնել, որ մարդը, ով թվերով պլանավորում է Հայաստանը մինչև 2040թ.-ը, չի կարողանում պլանավորել սեփական կյանքը մեկ տարվա կտրվածքով: Նույնիսկ սովետական «գենսեկները», որոնց իշխանությունը սկզբունքորեն ցմահ էր, ավելի համեստ էին ու հանդես էին գալիս հնգամյակի պլաններով, որոնք, իհարկե, միշտ գերակատարվում էին՝ երկրի հետընթացի ֆոնին:

Սերժ Սարգսյանի «Հայաստանը՝ 2040-ին» խոստումների շարքում հատկապես տպավորել է չորս միլիոնանոց Հայաստանի հեռանկարը: Եթե Սարգսյանի պլանավորումներն աչքի են ընկնում նման դիլետանտիզմով, ապա իսկապես ավելի լավ է՝ նա ոչինչ չպլանավորի: Գոնե նախագահի ինստիտուտն ու խորհրդարանական ամբիոնը չարժեզրկելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20