Սերժ Սարգսյանն ունի մտավախություններ ու խնդիրներ

- in Հրապարակ
186
Serzh Sargsyan

Վերևում խոսում էի, չէիք լսո՞ւմ՝ արձագանքել է նախօրեին կառավարության նիստ այցելած Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե արդյո՞ք ինքն է լինելու 2018 թվականի վարչապետ:

Բանն այն է, որ «վերևում», այսինքն՝ կառավարության նիստի մեկնարկին, Սերժ Սարգսյանը խոսում էր ամեն ինչից՝ բացի 2018 թվականի վարչապետի խնդրից: Սերժ Սարգսյանի խոսքն, իհարկե, հագեցած էր բազմաթիվ ակնարկներով, իսկ խոսքի վերջում էլ նա Կարեն Կարապետյանի հետ փոխանակեց, այսպես ասած, ակնարկ-կրակոցներ, սակայն այդ ամենից պարզ էր մի բան՝ 2018 թվականի վարչապետի հարցում ոչինչ պարզ չէ: Այսինքն՝ ոչ թե կա ինչ-որ որոշում կամ սցենար, որը պահվում է հանրային աչքից ու ականջից գաղտնի, այլ պարզապես չկա պատկերացում, թե ինչ է լինելու:

Ի դեպ, դրա մասին նախօրեին ակնարկել էր նաև արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն ասել էր, թե վաղաժամ է խոսել 2018-ի մասին, քանի որ 2018-ի ապրիլին կարող է լինել ներքին ու արտաքին լիովին այլ վիճակ:

Դա չի նշանակում, որ այս կամ այն շահառու անձը կամ բևեռը չունի սեփական սցենար և նույնիսկ սցենարներ: Բայց միաժամանակ բոլորն էլ սկսել են պատկերացնել, որ կան այդ սցենարներից ավելի ուժեղ գործոններ, որոնք գտնվում են արտաքին դաշտում, և դրանք են ի վերջո թելադրելու ներքին գործոնների ազդեցության աստիճանը:

Դրան զուգահեռ՝ առկա է նաև մեկ այլ առանցքային խնդիր: 2018-ի հարցը դիտարկվում է հետևյալ համատեքստում՝ Սերժ Սարգսյանը կա՛մ ինչ-որ մեկին փոխանցում է իշխանությունը, կա՛մ չի փոխանցում և պահում է իր ձեռքում: Ընդհանուր դիտարկմամբ դա այդպես է, այսինքն՝ հարցը գտնվում է այդ տիրույթում: Սակայն իշխանություն հասկացությունը աշխարհի ցանկացած պետությունում, անկախ հասարակարգից, բավական բարդ, բազմաշերտ մեխանիզմ է, հարաբերությունների և շահերի բավականին բարդ մի հանգույց: Ըստ այդմ, իշխանությունն ընդունում-հանձնում սկզբունքով չի փոխանցվում որևէ տեղ և գործնականում չի փոխանցվում ընդհանրապես: Կամ փոխանցելու զուտ ցանկությունը դեռևս բավարար չէ ակտն իրականացնելու համար:

Եթե դիտարկենք երևույթը կոնկրետ հայաստանյան իրականության պայմաններում՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանության բնույթը, կառուցվածքը, ծագման և կենսագործունեության կանոններն ու մեխանիզմները, ապա այստեղ խնդիրը հետևյալն է. Անկախ նրանից, թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, ակնհայտ է, որ ամբողջ համակարգը ուզում է մի բան՝ կանխատեսելի և կայուն փոխանցում՝ հուսալի հեռանկարով, կանխատեսելի հեռանկարով: Դա գերական է, որ առկա է համակարգում՝ չնայած մի շարք բաժանարար գծերին և շահերի ակնհայտ բախմանը:

Դա նշանակում է, որ խնդիրը լոկ այն չէ, թե ում է փոխանցվում իշխանությունը: Խնդիրը այն է, թե նա, ում կփոխանցվի, արդյո՞ք պատրաստ է բոլորի համար հուսալի տնօրինել այդ իշխանությունը, չենթարկել այն գլոբալ ռիսկի: Եթե անգամ դե ֆակտո իշխանությունը ՀՀԿ նախագահի պաշտոնի միջոցով իրականացնելու է Սերժ Սարգսյանը, միևնույն է, դե յուրե որևէ վարչապետ կամ նախարար պետք է կարողանա աշխատել իր պաշտոնում այնպես, որ դա չբերի համակարգի համար ցնցումների, որովհետև այդ դեպքում դե ֆակտո իշխանությունը կդառնա կաթվածահար:

Խորքային առումով խնդիրը ամենևին Սարգսյանի գնալ կամ մնալը չէ, խորքային առումով խնդիրն այն է, թե կա՞ մեկը, որը կգա նրա փոխարեն: Իհարկե, այդ իմաստով պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանը անցնող տարիներին գործնականում արեց այնպես, որ այդ մեկը չլինի: Եվ պետք է խոստովանել, որ դա նրա մոտ ստացվել է:

Բայց, ամենայն հավանականությամբ, ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, և Սերժ Սարգսյանը նկատելիորեն գալիս է այն գիտակցման, որ, այդուհանդերձ, իշխող համակարգում անհրաժեշտ է կարող դե յուրե ուժերի ձևավորումը, որովհետև հակառակ դեպքում նրանք կլինեն ոչ թե իր կառավարման և վերահսկողության ներքո, այլ հենց այն գլոբալ իրավիճակի, որի մասին խոսեցինք վերևում՝ արտաքին առավել վճռորոշ և գերակա զարգացումների ազդեցության համատեքստում:

2018-ի խնդիրը իրականում Սերժ Սարգսյանի համար սկսել է արտահայտվել հենց այդ համատեքստում, այսինքն՝ Հայաստանում իշխող համակարգի «անապատացման» համատեքստում: Այդ տեսանկյունից խնդիրը լուծելու համար Սարգսյանն ունի ներիշխանական մրցակցություն խթանելու անհրաժեշտություն, քանի որ միայն այդ միջոցով նա կարող է ձևավորել դե յուրե իշխանություն կրող քիչ թե շատ կենսունակ սուբյեկտներ և անձինք, որոնք ի վիճակի կլինեն պատասխանատվություն կրել արտաքին խնդիրների մակարդակում և չհայտնվել այդ խնդիրների լիակատար ազդեցության տակ:

Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ապա նա կարող է անձամբ չեզոքացնել առկա խնդիրը, բայց եթե դա չստացվի, ապա այստեղ, իհարկե, առաջանում է լրջագույն բաց՝ համակարգի համար խոշոր տապալումով: Իսկ վարչապետի պաշտոնում անձնական հեռանկարի հարցում Սերժ Սարգսյանը կարծես թե ունի մտավախություններ ու խնդիրներ, ինչն արտահայտվեց նույն կառավարության նիստում նրա արած մեկ այլ հայտարարությամբ՝ «եթե հեշտ լիներ, պարոն վարչապետ, ապա ամեն ինչ վաղուց արած-պրծած կլինեինք»:

Ըստ երևույթին հենց դա պետք է լսած լինեին լրագրողները, որովհետև Սերժ Սարգսյանը «վերևում» ամեն ինչ ասել էր հենց ամենավերջում հնչած այդ նախադասությամբ, որում ինչ-որ իմաստով նկատելի է նաև նրա ափսոսանքը առ այն, որ Սարգսյանը գործնականում թույլ է տվել հետխորհրդային իրականության համար կարևոր վրիպումներից մեկը՝ նա չի պատրաստել իր ժառանգորդին՝ միաժամանակ չունենալով իշխանությունը «չկտակելու» միարժեք ռեսուրս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20