Սկսվել է կառավարության անվստահության շքերթ

- in Կեղտոտ լվացք
173
karen-karapetyan

Իշխանության համակարգում սկսվել է բավականին ուշագրավ մի գործընթաց այն բանից հետո, երբ խորհրդարանում հաստատվեց կառավարության ծրագիրը: Դրանից հետո սկսվել է կառավարության անվստահության շքերթ:

Համենայն դեպս, իշխանության համակարգում հնչում է անվստահության արդեն երկրորդ հռչակագիրը, իհարկե՝ ոչ ուղղակի, սակայն խիստ թափանցիկ տողատակով:

Երեկ հայտարարություն է արել ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ասելով, որ Հայաստանում, մեղմ ասած, կա ժողովրդագրական ճգնաժամ, և աղետից խուսափելու համար պետք է բոլոր ջանքերը ուղղվեն այն հանգուցալուծելուն: Ֆարմանյանի հայտարարություններում առանցքային է այն, որ նա առաջարկում է կառավարության գործունեության արդյունավետությունը չափել ոչ թե տնտեսական աճի ցուցանիշներով, այլ ժողովրդագրական միտումներով: Այսինքն՝ ՀՀԿ-ական պատգամավորը գործնականում առաջարկում է մի կողմ դնել կառավարության հաստատված ծրագիրը, քանի որ Հայաստանի գլխավոր խնդիրը ժողովրդագրական խնդիրն է: Անվիճելի է:

Այստեղ ուշագրավը տողատակերն են: Այսինքն՝ ստացվում է, որ Ֆարմանյանի գնահատմամբ՝ խորհրդարանում մեծամասնության հաստատած կառավարության ծրագիրը չի արտացոլում Հայաստանի գլխավոր խնդիրը: Ինչ է դա, եթե ոչ՝ անվստահություն կառավարությանն ու ծրագիրն:

Անվստահության առաջին ակտը, դրանից առաջ, ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայտարարությունն էր ոստիկանության կոլեգիայի նիստում՝ մեկ շաբաթ առաջ: Ոստիկանապետը հայտարարեց, որ եթե ժողովրդի խնդիրները չեն լուծվում, ապա մարդիկ վաղ թե ուշ ակտիվորեն արտահայտում են իրենց բողոքը: Եվ ուշադրություն՝ Գասպարյանը ոչ թե կոչ է անում զգոն լինել բողոքներից անակնկալի չգալու համար, այլ ոստիկաններին կոչ է անում զբաղվել բնակչության սոցիալական խնդիրներով: Ի՞նչ է դա, եթե ոչ՝ անվստահություն կառավարությանը: Այսինքն, ոստիկանապետը դրանով ակնարկում է, որ չկա սոցիալական խնդիրներով զբաղվող կառավարություն, որի գործառույթն է դա, և ստիպված պետք է զբաղվի ոստիկանությունը: Այլ բան, քան անվստահություն կառավարությանը, դժվար է որակել:

Այդպիսով, անցնող մեկ շաբաթների ընթացքում իշխանության համակարգի երկու կետերից կառավարությանը հասցեագրվել են անվստահության բավական կոնկրետ մեսիջներ ու ազդակներ: Այդ կետերը ներկայումս զգալիորեն տարբեր են և դեռ երկուսը, բայց՝ մեկ շաբաթվա ընթացքում: Ինչպիսի՞ն կլինի հետագա դինամիկան, և արդյո՞ք այդ կետերը շքերթի վերջում կմիանան միմյանց, թե՞ նրանք արդեն իսկ միմյանց միացած են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20