Սևանա լճից ավել ջուր վերցնելը պետք է համարվի բացասական ազդեցություն

- in Կարծիք
163
Artsvik minasyan

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Սևանա լճից 100 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին կառավարության որոշմանը:

Ազգային ժողովում Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ օրենքը Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմքեր սահմանում է. «Օրենքը նախատեսում է հիմքեր՝ տնտեսական խիստ անհրաժեշտություն կամ արտակարգ իրավիճակներ: Մենք երբեք դեմ չենք արտահայտվել Սևանա լճից 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելուն: Ասել ենք, որ դրա հիմնավորումը պետք է համապատասխանի օրենքի պահանջներին»:

ՀՀ բնապահպանության նախարարը հավելեց, որ բնապահպանական տեսակետից Սևանա լճից ավել ջուր վերցնելը պետք է համարվի բացասական ազդեցություն. «Պարզ է, որ ավելի մեծ ծավալի ջուր վերցնելը, քան օրենքով նախատեսված 170 միլիոն խորանարդ մետրն է, համարվում է, որ ազդեցությունը կարող է բացասական լինել: Բայց այս դիտարկումները պետք է ընթացքում: Չի կարելի միանգամից հայտարարել բացասական կլինի, թե՝ դրական»:

Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017 թ.-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել:

Մարիամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20