Վաշինգտոնի վերաբերմունքը մեծ նշանակություն է ունենալու 2018-ի հարցում

- in Հրապարակ
178
Serzh Sargsyan1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորելով ԱՄՆ անկախության տոնի առիթով, նրան հղած իր ուղերձում Սերժ Սարգսյանը խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ որոնց 25-ամյակը լրանում է 2017 թվականին, հայտնում է հետաքրքրական մի հույս. «որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան օրակարգը կհարստացնենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններով ու ծրագրերով»:

2018 թվականին Հայաստանում իշխանության հանգուցային կետի հետ կապված իրողությունների ֆոնին այդօրինակ մեսիջները իհարկե ունեն յուրահատուկ ընկալում, հատկապես՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում իշխանության այդ խնդրի լուծման գործում ամենևին երկրորդական նշանակություն չի ունենալու աշխարհաքաղաքական կենտրոնների և այդ թվում՝ բնականաբար Վաշինգտոնի դիրքորոշումը:

Անկասկած, այդ կենտրոնների և մասնավորապես դրանց թվում Վաշինգտոնի վերաբերմունքը մեծ նշանակություն է ունենալու 2018-ի հարցում Սերժ Սարգսյանի, այսպես ասած, վերջնական սցենարային ընտրության հարցում: Եվ այստեղ Սերժ Սարգսյանի «համատեղ» հույսը ստանում է ուշագրավ իմաստ և ենթատեքստ: Մյուս կողմից հարց է առաջանում, թե Երևանն ի՞նչ պատկերացումներ ունի հայ-ամերիկյան հարաբերությունը նախաձեռնություններով հարստացնելու մասով, և Սերժ Սարգսյանը Թրամփին հասցեագրված այդ ուղերձում բացի իր քաղաքական ճակատագրի վերաբերյալ ակնարկից կամ ակնկալիքից, ի՞նչ է պատկերացնում բովանդակային իմաստով:

Արդյո՞ք տողատակում վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին ԱՄՆ դեսպանի հայտնի հայտարարության մասին ակնարկն է: Այդ հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը թե՛ կառավարության, թե՛ Սերժ Սարգսյանի մակարդակով չի հնչեցրել կոնկրետ հայտարարություններ և անդրադարձեր, սակայն դեսպանի հայտարարությունից մի քանի օր անց նրա հետ հանդիպել է Կարեն Կարապետյանը, իսկ նախօրեին էլ ԱՄՆ անկախության տոնի առիթով դեսպանի հետ հանդիպել է Սերժ Սարգսյանը՝ այցելելով դեսպանատուն: Որևէ դեպքում խոսք չկա, թե արդյո՞ք քննարկվել են կոնկրետ առաջարկի վերաբերյալ հարցեր: Նշվում է ընդհանուր առմամբ ներդրումային հեռանկարների վերաբերյալ երկխոսության մասին, ինչը սակայն այսպես ասած ստանդարտ ձևակերպում է և առկա է եղել նաև նախկին առիթների դեպքում:

Ինչ վերաբերում է 8 միլիարդին, կամ այսպես ասած հայ-ամերիկյան հարաբերության ավելի կոնկրետ նախաձեռնություններով հարստացմանը, ապա այս հարցն ըստ ամենայնի Հայաստանի իշխանության համար դիտարկվում է առավելապես 2018-ի այս կամ այն սցենարի համար ԱՄՆ հավանությունը կամ աջակցությունը ստանալու համատեքստում: Եվ այն, որ Սերժ Սարգսյանը խնդիրը շոշափում կամ ավելի շուտ ակնարկում է դրա մասին Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում, վկայում է, որ դեսպանատան մակարդակում իշխանությանը չի տրվել որևէ շոշափելի պատասխան և ցույց է տրվել Վաշինգտոնի ուղղությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20