Վերջնաարդյունքն աղետալի է լինելու

- in Սոցիալական
110
Migracia

Այս օրերին, երբ արտերկիր հանգստի մեկնելու հարցով առնչվում ես անձնագրային և վիզաների վարչության հետ, առաջին հայացքից ինչը զարմացնում է, դա այդ գերատեսչություն եկած քաղաքացիների թիվն է:

Նրանց մեծ մասը, սակայն, ոչ թե մեկնում է հանգստանալու, որի համար վիզա է հարկավոր, այլ պարզապես եկել է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում գրելու: Միջանցքում քո հերթին սպասելիս, միայն քաղաքացիների խոսակցությունները լսելիս, պատկերն ամբողջությամբ հստակ է դառնում: Մարդիկ պարզապես հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից և պատրաստվում լքել Հայաստանը:

Նրանց մի մասը Հայաստանը լքում է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից դրդված, մի մասն էլ պարզապես ցանկանում է լքել երկիրը՝ այդ քայլով իրենց որդիներին պարտադիր ժամկետային ծառայությունից ազատելու համար: «Ամեն օր որդի կորցրած մոր լացի ձայն եմ լսում, չեմ ուզում հաջորդը ես լինել»,-իր հերթին սպասելիս, կողքի կնոջ հետ զրույցում անկեղծանում էր մի երիտասարդ կին:

Միայն 2017 թվականի առաջին եռամսյակում՝ հունվարից մինչև մարտի 31-ը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել 1190 քաղաքացի: Երկրորդ եռամսյակը թեև ավարտվել է, սակայն անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնական թվերը դեռ չեն ամփոփվել:

Սակայն դատելով առաջին եռամսյակի թվերից և նկատի ունենալով, որ Հայաստանում երկրորդ եռամսյակում իշխանությունները ոչ մի դրական քայլ չեն կատարել, որը կստիպեր ՀՀ քաղաքացիներին մնալ Հայաստանում, ապա կարելի է հետևություն անել, որ գրեթե նույնքան, կամ ավելի շատ քաղաքացի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:

Այս օրերին այս վիճակագրության հետ կապված տարբեր կարծիքներ են հնչում, թե պետք է բարդացնել քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը: Կամ այլ մեխանիզմներ մշակել, քանի որ վերջնաարդյունքն աղետալի է լինելու:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20