Տեսավ միայնակ, քեֆը լավ տղամարդ վիրավորվավ, թե իրան վատ աղջկա տեղ եմ դրել… անծանոթը կոտրել է վիրավոր շանն օգնության հասած կնոջ ձեռքը

- in Իրավունք
58
shtap ohnutyun 1

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ավարտվել է Մինաս Տ.-ի գործի դատական քննությունը:

48-ամյա Մինաս Տ.-ին մեղադրանք էր առաջադրված որպես զենք գործածված առարկայի՝ գազային ատրճանակի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 25-ին, գիշերվա ժամը 3-ն անց 20-ի սահմաններում Կոմիտասի «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ Մինաս Տ.-ն կատարել է խուլիգանություն՝ գազային ատրճանակի գործադրմամբ, և Գոհար Մ.-ի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի պահին Մինաս Տ.-ն եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, դեպքի վայրում հնչեցրել է հայհոյանքներ, ապա գազային ատրճանակով հարվածել է տուժող Գոհար Մ.-ի ձեռքին ու պատճառել է աջ դաստակի նախադաստակային գլխիկավոր ոսկրի երկայնակի ոչ  լրիվ կոտրվածք:

Տուժող Գոհարը, իր նախաքննական ու դատաքննական ցուցմունքներով, շուրջ 8 տարի հանդիսանում է «Դինգո թիմ» ՀԿ-ի կամավոր անդամ, զբաղվում է անօթևան կենդանիների պաշտպանությամբ ու առաջին օգնությամբ:

Դեպքի օրը ՀԿ-ի պաշտոնական կայքէջից տուժողը տեղեկացել է, որ Կոմիտասի «ՍԱՍ»-ի դիմաց վրաերթի են ենթարկել անօթևան շան, կենդանուն պետք է օգնել:

Գիշերվա ժամը 3-ին Գոհարն ընկերուհու՝ նույն ՀԿ-ի կամավոր Հասմիկի, վերջինիս ամուսին Կարենի հետ գնացել է Կոմիտասի պողոտա՝ վրաերթի ենթարկված շանն օգնելու: Գոհարը ցանկացել է օգնել շանը, բայց շունը, որ արնաշաղախ ընկած էր, ցավից ագրեսիվ էր դարձել ու կծել է Գոհարի ձախ ձեռքը:

Գոհարը զանգել է ՀԿ-ի անդամներից մեկին, ով կարող էր հատուկ սարքերով շանը տեղափոխելուն օգնել:

Մինչ նրա գալը՝ Գոհարը մոտեցել է իր մեքենային ու փորձել է փակել բեռնախցիկը, որն ինչ-որ պատճառով չէր փակվում:

Այդ ժամանակ Գոհարին է դիմել մի խմած քաղաքացի. «Ես բավական հոգնած էի… շունն էլ կծել էր ձեռքս, բավական լարված վիճակում էի… Ես իմ մեքենայի կողքն էի կանգնած, ամբաստանյալը՝ իր մեքենայի… Նա սկսեց խոսել ինձ հետ: Սկզբում չհասկացա, հետո նա կրկնեց. «Բանալիներս եմ կորցրել, արի իրար հետ ման գանք…»: Տոնը ինձ դուր չեկավ՝ գիշերվա ժամին աղջկան առաջարկություն անել մեքենայի մեջ բանալիներ ման գալու… Ես կոպիտ պատասխանեցի, քանի որ տղամարդը հարբած էր… Նա սկսեց հայհոյել ինձ… Մոտեցավ ընկերուհիս, նա էլ փորձեց հասկացնել, որ մեզ հանգիստ թողնի… Մեքենայից իջավ ու մոտեցավ նաև Հասմիկի ամուսինը… Մինչև նրա մոտենալը ես փորձում էի իրավիճակը հանդարտեցնել, չէի ուզում, որ մեզ հետ գտնվող տղամարդը միանա վեճին, տղամարդը տղամարդու հետ վիճի… Մենք երեքով մոտեցանք տղամարդուն… Կարենը մոտեցավ, փորձեց պարզաբանել՝ ինչ է կատարվում… Ամբաստանյալը նորից բորբոքվեց… Ասում էր, թե ինքը վատ բան չի արել, ես պատմություն եմ սարքել… Ես հեռախոսս հանեցի, որ ոստիկանություն զանգեմ, նրան զգուշացրի… Նա մի անգամ ապտակեց դեմքիս… Հետո սև գույնի զենք հանեց… Նա զենքով հարվածեց աջ դաստակիս… Հեռախոսս ընկավ նրա մեքենայի մեջ…Կարենը բղավեց՝ զենքդ էն կողմ տար, ես ասեցի՝ անմիջապես ոստիկանություն եմ կանչելու, Մինասն էլ ասեց՝ ինքը ոչ մի բան չի արել, ոչ մեկից վախենալու չունի… Նա զենքով անկանոն շարժումներ էր անում, հայհոյում էր… Այդ ժամանակ կոնկրետ ես ահաբեկված էի, քանի որ իմ վրա ամեն օր զենք չեն պահում… Նա գնաց դեպի Կարենը, ես այդ պահին նրա մեքենայից վերցրի իմ հեռախոսը ու զանգեցի ոստիկանություն… Միջամտեցին երկու երիտասարդներ, որոնք դուրս եկան խանութից… Ես հասկացա, որ նրանք Մինասին ճանաչում են… Քիչ անց եկան ոստիկանները… Ամբողջ միջադեպը տևել է 20-25 րոպե…»:

Ամբաստանյալ Մինաս Տ.-ն հայտնել է. «Այդ օրը թոռնիկ էի ունեցել, գնացել էինք տղաներով նշելու, հետո տուն գնալուց սուպերմարկետ մտա՝ սիգարետ ու ջուր առնելու… Երբ դուրս եկա… մեքենայի բանալին ընկել էր նստատեղի տակ, չէի կարողանում գտնել… Մի քանի մետր հեռավորության վրա տեսա մի աղջկա, հեռվից խոսացի, ասեցի՝ մի րոպե մոտիկացեք կամ հեռախոսի ֆանարը գցեք, բանալի եմ կորցրել: Աղջիկը չպատասխանեց: Երկրորդ անգամ տոնս բարձրացրի՝ քո հետ եմ, կարողա՞ մոտիկանաս օգնես… Նա էլ շուռ էկավ ու ասեց. «Էս էլ թազա աղջիկ խոսացնելու ձևա՞» ու անպատվեց: Ես էլ իրան անպատվեցի, ասեցի. «Իմ տարիքը նայի, երկրորդն էլ ես քո ի՞նչն եմ խոսացնում»: Ինքը մենակ էր, հետո ընկերուհին մոտիկացավ, հետո էլ ընկերուհու ընկերը մոտիկացավ… Գնաց մեր մեջ լեզվակռիվ հեռավորության վրա… Իրանք մոտիկացան ինձ, մոտիկանալու ընթացքում ագրեսիվ էին, չուզեցա էդ օրը հարամեմ, ոչ էլ ընգնեմ այ սենց փորձանքների մեջ… Հանեցի զենքը մեքենայի միջից, իրանց կողմ պարզելով՝ ասեցի. «Էս կողմ չգաք, թողեք գնացեք…»: Եկան մոտիկ, էլի նույն լեզվակռիվը գնաց, զենքը ձեռքիս մեջ էր… Գոհարը էդ ժամանակ հեռախոսը մոտիկացրեց դեմքիս, ասեց. «Զանգում եմ ոստիկանություն»: Ես սենց ձեռքով բան արեցի, որ նա ձեռքը քաշի, էդ պահին՝ ես մինչև էսօր էլ չեմ կարողանում կողմնորոշվեմ՝ խփե՞լ եմ, չե՞մ խփել, վնասվածք պատճառե՞լ եմ… Ես հետո եմ իմացել, որ Գոհարի ձեռքը վնասվել է… Ցուցմունքի մեջ գրել են՝ ես մոտիկացել եմ, սեռական բնույթի հայհոյանք եմ տվել, առաջարկ եմ արել, մերժել ա, դրանից հետո հասել եմ վրեն… Հարգելի՛ դատարան, էտի առնվազն մի հատ գիժ մարդ պիտի լինես կամ մանյակ պիտի լինես, որ մարդուն չճանաչելով՝ հլը չես իմանում՝ ո՞վ ա, ի՞նչ վարքագծի տեր ա, ո՞ւմ էրեխեն ա, ո՞ւմ աղջիկն ա, առաջարկություն ես անում՝ չճանաչելով, ու դրանից հետո հարձակվում ես վրեն… Ես ո՞նց եմ հարձակվել, որ իմ մեքենայի մոտից չեմ շարժվել… Ես չեմ ուզեցել միտումնավոր որևէ մեկին վնասվածք պատճառեմ, ցավ պատճառեմ, էղելա մի անգամ՝ ասել եմ՝ ձեռդ էն յան քաշի… Քննիչին էլ եմ ասել՝ ինձ խի՞ ես բերել, ինձի գժանոց տար, էտի մենակ գիժը կարա ըտենց բան անի՝ մարդուն չճանաչելով՝ հինգ մետր հեռավորության վրա առաջարկություն անի… Եթե հիմա ըտենց են աղջիկ խոսցնում, ես չեմ իմանում… Ինքը ինձ ճիշտ չհասկացավ՝ ես որ մեքենայի մոտ կանչեցի, խնդրում էի, որ օգնի, ինքը տեսավ՝ միայնակ տղամարդ, քեֆը լավ, ինքն էլ կինարմատ, վիրավորվավ, թե իրան վատ աղջկա տեղ եմ դրել, ինձ կոպտեց, մեր խոսակցությունը չստացվավ, չհասցրի ասեմ՝ ես իրան անպարկեշտ առաջարկություն չեմ անում… Ինքն ինձ անպատվեց, ես իրան անպատվեցի, դառավ նման բան, ես էլ՝ էս կարգավիճակում… Եթե ինքը հանգիստ ասեր՝ չհասկացա ինչ ես ասում, ես կբացատրեի, անձամբ կմոտիկանայի ու կբացատրեի՝ սխալմունք ա էղել, ես բանալի եմ կորցրել, ցանկացել եմ գտնել, ես իրան իմ մեքենայի մոտ դրա համար եմ կանչել… Բայց ինքն անպատվում էր, ես էլ հայհոյել եմ՝ անձամբ իրան… Հասարակություն-հասարակություն՝ գցել են բերանները, ի՞նչ եմ արել էդ հասարակության նկատմամբ, էդ հասարակության մի մասնիկն էլ ես եմ, մի բան պիտի գրեին՝ գրել են՝ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել… Ոչ մեկը իմ լոգիկան հաշվի չառավ… »:

Տուժողը դատարանում ասել է, որ իրեն մարմնական վնասվածք պատճառելու հետ կապված՝ այլևս բողոք չունի, ամբաստանյալի՝ այդքան ժամանակ կալանքի տակ գտնվելը բավարար է, խնդրում է կարճել քրեական գործը կամ մեծագույնս՝ մեղմ վարվել…

Դատարանը Մինաս Տ.-ին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, և դատապարտեց 4 տարի 1ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝  2016 թվականի հոկտեմբերի 18-ից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20