Քաղաքական անմեղսունակության դրսևորում են ՀՀԿ-ականների պնդումները

- in Կեղտոտ լվացք
158
HHK

Երբ ընդդիմությունն է փորձում չնկատելու տալ խորհրդարանական ընտրություններով հաստատված ներքաղաքական ստատուս-քվոն, ինչ-որ տեղ հասկանալի է`եթե ոչ քաղաքական առումով՝ գոնե մարդկայնորեն:

Դժվար է պարտվել ընտրություններում և հաշտվել իրականության հետ, որ նոր վարչապետի ընտրության հարցում դերակատարություն չունես: Մեծ հաշվով` դերակատարություն չունի նույնիսկ խորհրդարանական ֆորմալ մեծամասնությունը, որն ընդամենն ընտրություններով վերահաստատված կամ տրանսֆորմացված քրեաօլիգարխիայի քաղաքական ցուցանակն է, ֆասադը:

Այս համատեքստում քաղաքական անմեղսունակության դրսևորում են հանրապետականների այն պնդումները, թե 2018-իրավիճակն է թելադրելու, թե ով է լինելու իրենց վարչապետը, այսինքն` պետության ղեկավարը: «Ի՞նչ իրավիճակ կլինի 2018 թվականի ապրիլին՝ այ եթե Դուք կամ որևէ հարգարժան մեր գործընկեր, կամ փորձագետ կարողանա 100 տոկոսանոց պարզությամբ նկարագրել այն իրավիճակն, ինչ կլինի 2018 թվականի ապրիլին, ժամանակի մեքենա ստեղծենք, այդ դեպքում գուցե հնարավոր կլինի այդ հարցը քննարկել և որոշում կայացնել։ Բայց հավատացնում եմ Ձեզ, որ հիմա ուղղակի որևէ մեկի կամքից անկախ դա անհնար է»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասում է ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը: Մինչ այդ, նույն միտքը` գրեթե նույն ձևակերպումներով, բարձրաձայնել են Էդուարդ Շարմազանովը, Դավիթ Հարությունյանը, այսինքն` գործ ունենք ՀՀԿ ընդհանրական դիրքորոշման հետ:

Եթե ընդունենք, որ սա քաղաքական անմեղսունակություն չէ, ապա պիտի համարենք, որ մեր կառավարող կուսակցությունում զբաղված են ոչ թե քաղաքակականությամբ, այլ միստիկայով: Մյուս կողմից` միստիկները չէին կարող այդքան հաշվենկատ ամայացնել քաղաքական դաշտը, իշխանությունը վերածել կոռուպցիոն բուրգի: Սրանք կոնկրետ հաշվարկներ պահանջող գործողություններ են, որոնք կիլոմետրերով հեռու են միստիկայից: Սերժ Սարգսյանը մայիսի 18-ի իր խորհրդարանական ելույթում ուրվագծում էր Հայաստանի հեռանկարը մինչև 2040 թ-ը` թվերով, փաստերով, վիճակագրությամբ: Եթե մեր իշխանություններն այդպիսի ռազմավարական մտածողություն կամ պայծառատեսություն ունեն, ապա ի՞նչ ժամանակ է տաս ամիսը, որ չեն կարողանում գրել-ջնջել, հաշվել, մանավանդ, որ տաս ամիս հետո էլ` գրող-ջնջող, հաշվողն էլի իրենք են:

Թե՞ իրավիճակ կոչվածը Սերժ Սարգսյանի վերջնական որոշումն է, որն այս պահին դեռ չկա: Իսկ գուցե որոշումը վաղուց կա, և Սերժ Սարգսյանը միտումնավոր է 2018-ի համար ներհամակարգային «ֆորսմաժորային իրավիճակ» ստեղծում նոր իշխանությունը վերջնականապես «խմբագրելու» համար:

Գուցե 2018-ի իրավիճակի էպիկրիզն այլ տեղ է և բացահայտվելու է, երբ պարզվի, թե ով է պատրաստ բառացիորեն վճարել նոր իշխանության գինը: Եթե աճուրդ է հայտարարված, ապա ժամավաճառություն է, որովհետև իշխանությունը մնալու է Սերժ Սարգսյանի վրա. չկա այլընտրանք, ում վրա խաղադրույք արվի:

Իսկ ամենահավանականն այն է, որ Սերժ Սարգսյանը բացահայտել է, որ համակարգը կոնսոլիդացված կարող է պահել միայն վախի ու անորոշության մթնոլորտում: Մեր համակարգը նման է վայրի անտառի, որի մորթապաշտ կենդանիներն առյուծի թաթը լիզում են հատկապես խուճապի պահին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20