Քաղաքական նպատակը սխալ է ձևակերպվում, երբ գերնպատակ է միայն Սերժ Սարգսյանի հեռացումը

- in Կարծիք
101
serzh-sargsyan

«Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ «Ելք» դաշինքը չի մտնում այն մարդկանց կամ շրջանակի մեջ, ովքեր համոզում են Սերժ Սարգսյանին 2018թ. ստանձնել վարչապետի պաշտոնը»,- այսօր խորհրդարանական ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա օրիգինալ ոչին չի ասել, որովհետև «համոզողների» մեջ չէ նաև հասարակության մեծամասնությունը, որը չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանական ընտրություններում քվե է տվել ՀՀԿ-ին` նույնիսկ շատ կցանկանար Սերժ Սարգսյանին «քշված» տեսնել: Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակության և քաղաքական ուժի կարգավիճակները միանգամայն տարբեր են: Հասարակությունն ընտրություն կատարողն է և գնահատականներ տվողը, իսկ քաղաքական ուժերը պարտավոր են լուծումներ և այլընտրանքներ առաջարկել:

1997-98 թթ.-ի ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էլ գերնպատակ էր համարում Լևոն Տեր-Պետրոսյանին «քշելը»: Ի վերջո, Տեր-Պետրոսյանը գնաց, բայց դրանից ոչ հասարակությունը օգտվեց, ոչ էլ` ընդդիմությունը: «Քշելը» լուծում չէ, եթե չի առաջարկվում կոնցեպտուալ լուծում` ինչպես վարվել գործող համակարգի հետ, ինչով և ինչպես այն փոխարինել: 90-ականների վերջի ԱԺՄ-ն այս լուծումները չուներ, ուստի Տեր-Պետրոսյանի հետ, ըստ էության, հեռացավ նաև ինքը, իսկ ժառանգություն մնացած, արդեն կոռումպացվող և օլիգարխիկ համակարգին «նոր արյուն» և «կենսունակություն» հաղորդեց Ռոբերտ Քոչարյանը` բոլորիս հայտնի վերջաբանով:

Հիմա գրեթե նույն վիճակն է: Քաղաքական նպատակը սխալ է ձևակերպվում, որովհետև, եթե գերնպատակ է Սերժ Սարգսյանի հեռացումը, ապա բաց է մնում համակարգի հարցը: Քրեաօլիգարխիային կարողանում է վերահսկել միայն Սերժ Սարգսյանը, նրա հնարավոր հեռացումը, ընդամենը, պետական համակարգը կվերածի չմաքրված «աղբակույտի», որովհետև վարչապետի մյուս հնարավոր թեկնածուն` Կարեն Կարապետյանն ընդամենը կարող է «նոր ոգի», այսինքն` կենսունակություն հաղորդել քրեաօլիգարխիային:

Խնդիրը համոզել-չհամոզելու դաշտում չէ, ի վերջո` խոսքը չի վերաբերում աղջիկ ուզելուն: Հարցը նաև այն չէ՝ որս ավելի բարձր «կքլնգենք» Սերժ Սարգսյանին: Ամբողջ խնդիրն այն է, որ ընդդիմությունն ակամա խոստովանում է, որ մինչև 2018-ի ապրիլը չի կարողանալու ստատուս-քվո փոխել և մտնում է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան կեղծ դիլեմայի դաշտ: Համակարգի ճգնաժամն ու հեռացումն ավելի իրատեսական է լինելու Սերժ Սարգսյանով, այսինքն՝ եթե նա շարունակի ֆորմալ առումով մնալ երկրի ղեկավար, քանի որ այդ դեպքում քրեաօլիգարխիան զրկվում է «արհեստական ներարկման» հնարավորությունից և դատապարտված է արագ ֆիասկոյի: Արհեստական լուծումն ու «ներարկումը» Կարեն Կարապետյանն է, որը 2018-ի «Ռոբերտ Քոչարյանն» է` այլանդակ համակարգը բյուրեղացնելու «առաքելությամբ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20