Քաղաքական ցինիզմի դրսևորում է

- in Կարծիք
131
orensgirq

Դե յուրե Երրորդ հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին, երբ ընդունվեց նոր Սահմանադրություն՝ արմատապես փոխելով երկրի կառավարման համակարգն ու քաղաքական համակարգը:

Այս ֆոնին առնվազն տարակուսելի է, որ Հայաստանում շարունակում է տոնվել մի Սահմանադրության օր, որ այլևս գոյություն չունի նույնիսկ փաստացի: Չնայած քաղաքական այս ցինիզմը բնորոշ է ոչ միայն Սերժ Սարգսյանին` հուլիսի 5-ի Սահմանադրության գերեզմանափորին, այլև Հայաստանի գրեթե բոլոր նախագահներին:

Հուլիսի 5-ը Հայաստանում տոնական չի եղել երբեք՝ նույնիսկ 1995թ.-ին, երբ համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը: Եթե կուզեք, մեր քաղաքական ողբերգությունների հիմքը դրվեց հենց 22 տարի առաջ այս օրը, երբ սկսվեց քաղաքական համակարգի ձևախեղման գործընթացը, ինչը հետո կատարելագործվեց՝ վերածվելով այն այլանդակությանը, ինչն ունենք այսօր:

Սահմանադրության ընդունման նպատակով 1994-95թթ. Լևոն Տեր-Պետրոսյանը լայն դաշինքի գնաց բյուրոկրատիայի և նոմենկլատուրայի հետ՝ դնելով իշխանության ապաքաղաքականացման և, ըստ էության, քրեականացման հիմքերը: Պատահական չէ, որ նրա նախաձեռնությամբ ստեղծված «Հանրապետություն» միավորման համամասնական ցուցակն ըստ էության քաղաքական չէր և տարիներ հետո դարձավ «առնետավազքի» օջախ և այն ականը, որը պայթեցրեց առաջին նախագահի իշխանությունը: Տեր-Պետրոսյանի մյուս սկզբունքային սխալն այն էր, որ նա սահմանադրական հանրաքվեն մեկտեղեց խորհրդարանական վիճահարույց ընտրությունների հետ՝ կասկածի տակ դնելով ոչ միայն Մայր օրենքի լեգիտիմությունը, այլ նաև նպաստելով, որ Մայր օրենքը դառնա ոչ թե հասարակական կոնսենսուսի, այլ քաղաքական անտագոնիզմի դրսևորում:

Պատահական չէ, որ Սահմանադրության ընդունումից հետո երկրում չի անցկացվել գրեթե ոչ մի լեգիտիմ ընտրություն:

1995-ին 88-ի արժեքների ուրացումը հանգեցրեց իշխանության ներսում բարեփոխականների պարտությանը, ուժային բլոկի անվերահսկելի իշխանությանը: Քաղաքական ճգնաժամին գումարվեց իրավական նիհիլիզմը, ինչը 1998-ի փետրվարին հանգեցրեց պետական հեղաշրջման: 88-ի հեղափոխությունն ավարտվեց՝ չհասցնելով ինստիտուցիոնալացվել:

Ռոբերտ Քոչարյանի ամբողջ պաշտոնավարումն ուղղված էր սահմանադրականության և Երրորդ հանրապետության դեմ՝ սկսած նախագահի պաշտոնում նրա առաջադրումից, վերջացրած 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, երբ Երրորդ հանրապետության փլատակների վրա Քոչարյանը դուրս էր գալիս «անգլիական թագուհու» կարգավիճակից՝ դառնալով արյունարբու իշխանության միլիարդատեր դիկտատոր:

Սերժ Սարգսյանը ոչ միայն չվերացրեց հակասահմանադրական ռեժիմը, այլև երկու տարի առաջ իրավաբանորեն ձևակերպեց Երրորդ հանրապետության վախճանը՝ ըստ էության չդնելով Չորրորդի հիմքերը:

Այսօր մենք ունենք պետական կառույց, որի «բաժնետերերն» են քրեաօլիգարխիան և ռուսական կայսրությունը:

Հուլիսի 5-ը պետական տոնացույցում թողնելը քաղաքական ցինիզմի դրսևորում է: Ցինիզմ, որը փոխարինել է պետական քաղաքականությանը՝ ներքին հարաբերություններով դառնալով զոռբայության, արտաքին հարաբերություններում՝ անդեմության և անատամության դրսևորում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20