Քաշաթաղցին դանակով ծանր վնաս է հասցրել ծանոթի արտաքին սեռական օրգաններին

- in Իրավունք
55
danakaharutyun

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Զավեն Կ.-ի գործի դատական քննությունը:

Գործն ի սկզբանե քննում էր դատավոր Լևոն Արազյանը, սակայն ենթադրյալ կաշառքի գործով նրա լիազորությունների կասեցումից հետո գործը քննել ու դատական ակտ է կայացրել դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը:

44-ամյա Զավենին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 21-ի սահմաններում Զավենը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերով վիճել է համագյուղացի Նվերի (անունը փոխված է) հետ:

Վիճաբանության ընթացքում Զավենն իր մեքենայից դանակ է վերցրել ու ծանր վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել Նվերի «արտաքին սեռական օրգանների շրջանին՝ պատճառելով առնանդամի ծակած-կտրած վերքեր, ձախ կողմից փոշտի ծակած-կտրած վերք, աջ ամորձու և սերմնալարի վնասում…»:

Զավեն Կ.-ն դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժողը չի առարկել արագացված կարգի կիրառման դեմ:

Դատարանը հաշվի է առել, որ Զավենը նախկինում դատված չի եղել, մասնակցել է Արցախյան պատերազմին, վիրավորվել է՝ 1-ին խմբի հաշմանդամ է, ունի պարգևներ, ընտանիքով բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանում: Զավենի խնամքին են երեք անչափահաս երեխաները՝ 5, 4 տարեկան և…  3 ամսական…

Դատարանը հաշվի է առել ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելն ու զղջալը՝ որպես հետհանցավոր դրական վարքագիծ:

Զավեն Կ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է  3 տարի ազատազրկման:

Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է  3 տարի փորձաշրջան, որի ընթացքում նրա վրա պարտավորություն է դրվել՝ չփոխելու մշտական բնակության վայրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20