Ֆուտբոլը ֆուտբոլի նման չէր, ստադիոնը ստադիոնի նման չէր

- in Հասարակություն
futbol

Երեկ Անդորրայում տեղի ունեցած ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Սանտա Կոլոմա»-«Ալաշկերտ» հանդիպումը ոչնչով չէր տարբերվում բակային խաղից: Ֆուտբոլը ֆուտբոլի նման չէր, ստադիոնը ստադիոնի նման չէր, ֆուտբոլիստները ֆուտբոլիստների նման չէին: Եվ այս ամենը համեմված էր շարունակ բախումներով, որոնք հիշեցնում էին «քուչի կռիվ»:

Եվ նույնիսկ այս մակարդակի խաղում «աչքի» էր ընկնում «Ալաշկերտի» և Հայաստանի ազգային հավաքականի փառապանծ դարպասապահ Արսեն Բեգլարյանը: Կարելի է լինել վատ դարպասապահ, բայց Եվրոպայի վատագույն դարպասապահների շարքում դասվող Բեգլարյանը նաև ոչ ադեկվատ է իրեն դրսևորում խաղադաշտում: Օրինակ՝ ինչպես բացատրել այն դրվագը, երբ դարպասապահն ազատ հարվածից գնդակը գլորում է մի քանի մետր հեռավորության վրա կանգնած մրցակցի հարձակվողին: Կարծում ենք՝ մեկնաբանության կարիք չունի նաև «Սանտա Կոլոմայի» խփած գոլի ժամանակ Բեգլարյանի գործողությունը: Նշենք, որ «Ալաշկերտում» է խաղում նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը: Թե ինչու է միջազգային կարևորագույն հանդիպումներում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը դարպասը վստահում հանդիպումները տապալելու մեծագույն վարպետ Բեգլարյանին՝ դժվար է ասել:

Հանդիպման վերջում տեղի ականատեսը եղանք տարօրինակ մի երևույթի: «Սանտա Կոլոմայի» ֆուտբոլիստը խաղադաշտի ճակատային մասով փախչում էր մեր ֆուտբոլիստներից: Վերջիններիս հաջողվեց հասնել անդորրացի խաղացողին, և սկսվեց հերթական բախումը: Հեռարձակման ռեժիսորն անմիջապես դադարեցրեց տեսահեռարձակումը՝ չնայած մեկնաբանը շարունակում էր խոսել: Ռեժիսորը չցանկացավ, որպեսզի հեռարձակվի խայտառակ տեսարանը: Իսկ թե բռնելուց հետո ինչ արեցին մեր ֆուտբոլիստները մրցակցի խաղացողին՝ հայտնի չէ:

Նշենք, որ խաղին հաջորդած մամուլի ասուլիսի և այլ զարգացումների վերաբերյալ «Ալաշկերտ» ակումբը տեղեկություն չի տարածել: Ըստ անդորրական աղբյուրների՝ հանդիպումից հետո Աբրահամ Խաշմանյանը հայտարարել է, որ քաշքշուկը հրահրել են անդորրացի ֆուտբոլիստները, և հույս է հայտնել, որ այս թիմի հետ այլևս երբեք չեն հանդիպի: Մեր թիմի մարզիչը տեղի ունեցածը որակել է որպես նախամարդկանց վայել արարքներ:

«Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը, հակադարձելով Խաշմանյանին, նշել է, որ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Պելտիերին չափազանց կոպիտ և ագրեսիվ արարքներ է թույլ տվել Ռամոսի նկատմամբ, ինչն էլ բախման պատճառ է հանդիսացել: «Հայ ֆուտբոլիստները շարունակ սիմուլյացիայի էին դիմում, ժամանակ ձգում և աչքի ընկնում ֆուտբոլիստին ոչ վայել պահվածքով: Բացի այդ, հայերին օգնում էր նաև մրցավարը: Ամբողջ աշխարհի աչքի առաջ մրցավարը կոտրեց «Սանտա Կոլոմային»: Ամոթ է: Դա է պատճառը, որ մեր ֆուտբոլիստները կոշտ պատասխան տվեցին հայերին: Նման իրավիճակներում դժվար է զսպել զգացմունքները»,- ասել է անդորրական թիմի գլխավոր մարզիչը:

Գլխավոր մրցավարը հանդիպման հիմնական ժամանակին ավելացրել էր մոտ 10 րոպե: Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ խաղից հետո տեղի ունեցած բախման հետևանքով կարմիր և դեղին քարտ ստացած ֆուտբոլիստներ չեն եղել:

Հիշեցնենք, որ այս թիմերը մրցել էին նաև անցյալ տարի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում: Այն ժամանակ ևս հանդիպումն ավարտվել էր ծեծկռտուքով: Բախումներով էր անցել նաև հանդիպումը, ինչի հետևանքով կարմիր քարտ էր ստացել և երեք խաղով որակազրկվել էր «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը:

Երեկ կայացած խաղում առաջին կեսում Ուրոշ Նենադովիչը առաջ մղեց Հայաստանի չեմպիոնին, իսկ երկրորդ կեսում Իլդեֆոնս Լիման հավասարեցրեց հաշիվը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, և առաջին խաղում տարած նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» դուրս եկավ երկրորդ փուլ, որտեղ կմրցի Բելառուսի չեմպիոն Բորիսովի «ԲԱՏԷ»-ի:

Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին՝ Բորիսովում, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20