2018-ին՝ Ազգային համաձայնությամբ, Գագիկ Ծառուկյանի հետ

- in Կարծիք
226
Serzh Gagik

«Ես չեմ տեսնում որևէ խնդիր, որ Սերժ Սարգսյանը 2018–ից լինի վարչապետ»,- այսօր ասել է ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Ավելի վաղ բառացիորեն գրեթե նույն կարծիքն էր արտահայտել նրա կուսակից Վարդան Բոստանջյանը: Զավեշտալի է, բայց այս դեպքում խոսքն ընդդիմադիր խմբակցության մասին է, որը սկզբունքորեն պետք է իրականացներ միանգամայն այլ գործառույթ:

Կոալիցոն ՀՅԴ-ն առաջինը շրջանառու դարձրեց Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարի թեման` ակամայից բացահայտելով, որ իր այսօրվա կարգավիճակը բխում է նոր իշխանության ձևավորման հարցում Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային պայմանավորվածություններից:

Գագիկ Ծառուկյանի դաշինքը ֆորմալ առումով կոալիցիայի մեջ չէ, սակայն ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդը Սերժ Սարգսյանի հետ ունի սկզբունքային պայմանավորվածություններ, որոնք, բնականաբար, չեն վերաբերում Արա Բաբլոյանի քվեարկությանը կամ Կարեն Կարապետյանի կառավարությանը սատարելուն: Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են նոր իշխանության ձևավորման հարցում, այնպիսի ստատուս քվոյի հաստատման մասին, որում երաշխիքներ տվողը դարձյալ Սերժ Սարգսյանն է: Հակառակ պարագայում` Ծառուկյանը որևէ պարագայում չէր վերադառնա քաղաքականություն կամ առնվազն` նոր իշխանության հարցում կպայմանավորվեր ոչ թե Սարգսյանի, այլ ասենք` Կարեն Կարապետյանի մոսկովյան հայտնի «ներդրող» Սամվել Կարապետյանի հետ:

Այն, ինչի մասին խոսում են «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ ներկայացուցիչները` Սերժ Սարգսյանը նրբանկատորեն անվանել է «ազգային համաձայնության իշխանություն»` դեռ մեկ տարի առաջ, երբ ՊՊԾ գնդի դեպքերից հետո ելույթ էր ունենում հայաստանյան էլիտայի առաջ: Նրա «ազգային համաձայնության իշխանության» մեկնարկը տրվելու է 2018-ի ապրիլին, երբ խորհրդարանում կբացահայտվի նոր մեծամասնությունը, որն, ըստ էության, բաղկացած կլինի 96 պատգամավորից: Մեր խորհրդարանն ամբողջովին կնմանվի խորհրդային Գերագույն սովետներին` այն տարբերությամբ, որ իր կազմում կհանդուրժի ինը հոգուց բաղկացած «դիսեդենտի»:

Սա էլ կլնի եվրասիական Հայաստանի «եվրոպական» դրսևորումը: Այն փաստը, որ Սերժ Սարգսյանի վարչապետության քաղաքական հիմքերը և քարոզչական ֆոնը ձևավորում են ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը` լրջորեն պետք է անհանգստացնի ՀՀԿ-ին, որովհետև առնվազն տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանն իր պլանների մասին ավելի հանգամանալից կիսվել է Հրանտ Մարգարյանի կամ Ծառուկյանի հետ, քան` հարազատ կուսակցությունում:

Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած համակարգային տրանսֆորմացիայի հետևանքով հնարավորինս վերանայվի Հանրապետականի դերակատարությունը, և նա «ազգային համաձայնության իշխանության» մոդելում լինի ոչ թե դոմինանտ ուժ, այլ` երեք հավասարներից մեկը: Կառավարման նոր համակարգում` Սերժ Սարգսյանը իր անձնական ազդեցությունը կարող է պահել իշխանության ապակենտրոնացման և ուժի տարբեր կենտրոններ ձևավորելու ճանապարհով: Այդ բարդ համակարգում նա կատարելու է կայունության երաշխավորի և արբիտրի անփոխարինելի դերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20