Apatris` չունի որևէ երկրի քաղաքացիություն

- in Ով ով է ...
126
Saakashvili

Մարդ, ում անունը կապված է հետխորհրդային տարածքում երեք դեմոկրատական հեղափոխության հետ, ով իննը տարի ղեկավարել է Վրաստանն ու երկու տարի առանցքային դերակատար է եղել Ուկրաինայի իշխանության մեջ, հուլիսի 26-ից ունի apatris կարգավիճակ, այսինքն` մեկն է, ով չունի որեւէ երկրի քաղաքացիություն:

Խոսքը Միխեիլ Սաակաշվիլիի մասին է, ում հիմա քրեական հետապնդում է սպասվում Վրաստանում և, հավանաբար, ձերբակալություն Կիևում և արտահանձնում Թբիլիսիին, եթե ԱՄՆ-ից որոշի վերադառնալ Ուկրաինա:

Այն ամենն, ինչ վերջին օրերին կատարվում է Սաակաշվիլիի անձի շուրջ` չի կարող ուրախացնել մարդկանց, ովքեր հետխորհրդային տարածքում պայքարում են ժողովրդավարության և ռուսական կայսերականության դեմ:

Սաակաշվիլին շատերի համար այդ պայքարի խորհրդանիշներից մեկն է, և եթե Միխոն այսօր պրոբլեմներ ունի Վրաստանում մարդկանց մեծ մասին թվում է, որ Վրաստանի այսօրվա իշխանությունները փորձում են նրա հաշվին առևտուր անել կամ հարաբերություններ կարգավորել Ռուսաստանի հետ:

Գուցե Վրաստանի այսօրվա էլիտայում իսկապես կան մարդիկ, ովքեր նման պրիմիտիվ հաշվարկներ ունեցել են, սակայն, մեծ հաշվով, օբյեկտիվ չէ Սաակաշվիլիի այն պնդումը, որ Թբիլիսիում հիմա իշխանության ղեկին նստած են Մոսկվայի մարիոնետները, որովհետև հարևան երկրի արտաքին քաղաքականության եվրաատլանտյան կուրսն, ըստ էության, չի վերանայվել:

Սակայն օբյեկտիվ չեն նաև Վրաստանի գործող իշխանությունները. նրանք նախկին նախագահին թիրախավորել են ոչ թե օրինականության հաստատման նպատակով, այլ, որպեսզի կարողանան ինքնահաստատվել, քողարկել սեփական միջակությունը:

Ճիշտ է, որ Սաակաշվիլիի քաղաքականությունը, մեծ հաշվով, Վրաստանին տվեց նոր`եվրոպական դեմք, սակայն ճիշտ է նաև, որ Միշան չդիմացավ բոնապարտիզմի գայթակղությանը: Ճիշտ է այն, որ Սաակաշվիլիի իշխանությունից հետո Վրաստանի արտաքին քաղաքականությունն էապես չի փոխվել, սակայն փաստ է նաև, որ վրացական նոր էլիտան զուրկ է ռեֆորմիստական պոտենցիալից ու, մեծ հաշվով, մսխում է Սաակաշվիլիի քաղաքական ժառանգությունը:

Պորոշենկոյի համար Սաակաշվիլին դաշնակից էր, երբ միասին հեղափոխություն էին անում և վայելում էին իշխանությունը, հիմա անցանկալի անձ է, որովհետև ընդդիմադիր է: Պորոշենկոյի արածը քաղաքական հաշվեհարդար է. այս առումով` Սաակաշվիլին ճիշտ է, բայց այնպես չէ, որ հենց երեկ Պորոշենկոն նմանվեց կոռումպացված Յանուկովիչին: Նրանք վաղուց են միմյանց նման, սակայն Սաակաշվիլին դա չի «նկատել», երբ իշխանության մեջ էր:

Մեծ հաշվով` կոնկրետ մարդկանց գզվռտոցն այնքան էլ հետաքրքիր չէ: Վատն այն է, այս արանքում տուժում է արևմտյան զարգացման գաղափարը, որը հետխորհրդային տարածքում կապված է մարդկանց անվան հետ, ովքեր չդիմացան իշխանության գայթակղությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20