Ադրբեջանի բացահայտ վերաբերմունքն է կարգավորման գործընթացի և նրա միջազգային երաշխավորի հանդեպ

- in Հասարակություն
328
Zinvor

ԵԱՀԿ դիտորդական խումբը Չինարիի հատվածում մոնիթորինգ անցկացնել չի կարողանում, քանի որ ադրբեջանական կողմը կրակ է բացել խմբի ուղղությամբ: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Միջադեպի մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում»։

Խորհրդանշական է, որ Ադրբեջանը հենց այսօր է խոչընդոտում ԵԱՀԿ դիտորդական խմբի մոնիթորինգին` իր ագրեսիվ գործողությունները զուգահեռելով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման իրադարձության հետ, ինչը դարձյալ հետևանք է Բաքվի վերապահումների:

Այս ամենը Ադրբեջանի բացահայտ վերաբերմունքն է կարգավորման գործընթացի և նրա միջազգային երաշխավորի հանդեպ: Բաքվում հասկացնում են, որ ԼՂ խնդիրը պատրաստ են լուծել անգամ ռազմական ճանապարհով և, ըստ էության, թքած ունեն բոլոր այն պայմանավորվածությունների վրա, որոնք ԵԱՀԿ հովանու ներքո ձեռք են բերվել Վիեննայում:

Շանտաժի այս քաղաքականությունը նորություն չէ Ադրբեջանի համար, սակայն Բաքվի վարքագիծը հիմա ավելի վտանգավոր և անկանխատեսելի է դարձել` ներքին և արտաքին քաղաքականության մի շարք գործոնների հանրագումարում, որոնց հետևանքով երկիրն օրեցօր ավելի է մեկուսանում քաղաքակիրթ աշխարհից:

Մյուս կողմից` ստեղծված իրավիճակը հետևանք է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ համարժեք մոտեցումների: Խոսքն այս դեպքում ոչ այնքան Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ համանախագահների վերաբերմունքի, որքան` սեփական օրակարգի նկատմամբ հետևողականության բացակայության մասին է: Մինսկի խմբում ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը երկու շաբաթվա ընթացքում տարբեր շեշտադրումներով անդրադարձավ հակամարտությանը` առաջին հայտարարության շեշտը դնելով շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման վրա, երկրորդ հայտարարությամբ` հրապարակ բերելով գործընթացի բովանդակային բաղկացուցիչը:

Թրամփի վարչակազմի օրոք ամերիկյան քաղաքականությունը լավագույնս բնորոշվում է մեկ բառով` անորոշություն, ինչը ցայտուն դրսևորվում է նաև Վաշինգտոնի ղարաբաղյան քաղաքականության մեջ:

Էմանուել Մակրոնի քաղաքականության առաջին ամիսներին ԼՂ հարցը բացակա է Փարիզի արտաքին քաղաքականության օրակարգից: Մյուս համանախագահը` Ռուսաստանը, ստատուս-քվոյի պահպանումը հնարավոր է համարում ոչ թե խաղարար նախաձեռնություններով, այլ` հակամարտության կողմերին սպառազինելով: Սա Մոսկվայի ուղղակի մեսիջն է Բաքվին` անտեսել Վիեննայի օրակարգը: Այն պարագայում, երբ կոնսոլիդացված մոտեցումներ չենք տեսնում համանախագահների կողմից, օրինաչափ է, որ Ադրբեջանը կրակում է ԵԱՀԿ-ի վրա, ընդ որում` ոչ միայն դիվանագիտական ճակատում: Եվ այդ ամենը տեղի է ունենում Ռուսաստանի ուղղակի կամ անուղղակի քարտբլանշով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20