Ամերիկյան պատժամիջոցները կարող են անուղղակի վնասել Հայաստանին

- in Միջազգային
us-russia

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»–ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետևի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաև Հայաստանի վրա:

«Հնարավոր են չնախատեսված բացասական հետևանքներ Հայաստանի, Ղազախստանի և ԵԱՏՄ մյուս անդամների համար, և դա ցավալի է»:

Քաղաքագետ Գուորգ Մելիքյանի խոսքով, Հայաստանը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ և ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է.

«Հայաստանի վրա դա կունենա ուղղակի ազդեցություն, խոսքը ե՛ւ տրանսֆերտների մասին է, ե՛ւ՝ ներմուծման խնդիրների մասին»:

Տեղի ունեցածը պետք է Հայաստանի համար ազդանշան հանդիսանա, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել քաղաքական և տնտեսական կապերը, ամրապնդելով գործընկերությունը մյուս երկրների հետ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նույնպես համոզված է, որ թեև ուղղակի պատժամիջոցներն ընդունված են Ռուսաստանի դեմ, դրանք կանդրադառնան նաև Հայաստանի վրա.

«Պատժամիջոցները Հայաստանի վրա չեն ունենալու ուղղակի հետևանքներ, սակայն անպայման լինելու են անուղղակի հետևանքներ, քանի որ Հայաստանի համար Ռուսաստանը համար առաջին տնտեսական գործընկերն է»:

Պենտագոնի նախկին վերլուծաբան, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի ավագ փորձագետ Մայքլ Ռուբինը հիշեցնում է, որ պատժամիջոցները հիմնականում վերաբերում են Ռուսաստանի նավթարդյունաբերական ոլորտին և ուղղակի Հայաստանին չեն կարող վնասել: Միևնույն ժամանակ.

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև աճող լարվածությունը, որը կարող է լայնածավալ առևտրային պատերազմի վերածվել, Հարավային Կովկասում ոչ մի երկրի շահերից չի բխում»:

Լարվածության պատճառով Ռուսաստանը կարող է նաև պահանջել իր հետ մի դաշինքում գտնվող երկրներից սահմանափակել կապերը Արևմուտքի հետ.

«Այսպես, Ռուսաստանը կարող է պահանջել հարևաններից կողմնորոշվել և հետևել իր վարած քաղաքականությանը: Այս դեպքում Հայաստանը կարող է բարդ իրավիճակում հայտնվել»:

Ամերիկյան փորձագետների խոսքով սակայն, ԱՄՆ-ի ազդեցիկ հայ համայնքը կփորձի երաշխավորել, որ Ռուսաստանի հետ լարվող հարաբերությունները և այդ երկրի դեմ ընդունված ամերիկյան պատժամիջոցները չվնասեն Հայաստանին, առավել ևս, որ դրանք ի սկզբանե ուղղված են եղել միայն Ռուսաստանի դեմ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20