ԱՄՆ-ն նոր վարչակազմը սկսում է որոշակիացնել իր հարավկովկասյան քաղաքականությունը

- in Միջազգային
127
usa-spitak-tun

Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որը բավարար ուշադրություն չի ստացել ԱՄՆ նոր վարչակազմի կողմից, սակայն, փոխնախագահ Մայքլ Փենսի այցը Վրաստան էապես փոխեց իրավիճակը` տալով շատ հարցերի պատասխաններ:

Կարելի՞ է այս այցից հետո ասել, որ ԱՄՆ-ն նոր վարչակազմը սկսում է որոշակիացնել իր հարավկովկասյան քաղաքականությունը և դա ըստ էության չի տարբերվելու ԱՄՆ նախորդ վարչակազմերի քաղաքականությունից, և ավելի ագրեսիվ բնույթ է կրելու՝ հաշվի առնելով ՌԴ-ի դեմ վերջին պատժամիջոցների փաթեթը։

Այցի ընթացքում հնչած ելույթները, շեշտերը ընդհանուր առմամբ ամեն ինչ դնում են իրենց տեղը։ ԱՄՆ-ն պաշտպանում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հայտը։ ԱՄՆ-ը Ռուսաստանը համարում է ՆԱՏՕ-ի սպառնալիք։ Մյուս կողմից` Թրամփի վարչակազմն աչքի է ընկնում անկայուն և ոչ հետևողական քաղաքականությամբ, ինչը թույլ չի տալիս անել գոնե նախնական պնդումներ:

Այնուամենայնիվ, ԱՄՆ փոխնախագահը Թբիլիսիում հանդես է եկել մի քանի նշանային և հուսադրող հայտարարություններով: «Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնած կլինի աշխարհի ազատասեր պետությունների կողքին: Եվ մենք պատրաստ ենք անել դա ոչ միայն խոսքով, այլեւ՝ գործով», – հայտարարել է Մայք Փենսը:

ԱՄՆ-ի փոխնախագահը ելույթ է ունեցել նաև Վրաստանում անցնող միջազգային զորավարժությունների մասնակիցների առջև, որոնց թվում են ԱՄՆ-ի, Հայաստանի, Վրաստանի, Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Սլովենիայի զինվորականներ: Հատկապես այս հանգամանքը նպատակ ունի ազդանշան ուղարկել Մոսկվային, որ Վաշինգտոնը հակազդելու է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը տարածաշրջանում: Այս լույսի ներքո միանգամայն նոր որակ ստացավ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Ո՞րն է Հայաստանի անելիքն այս իրավիճակում՝ թե երկկողմ հարաբերությունների մակարդակում (հայ-վրացական, հայ-ամերիկյան) և թե տարածաշրջանային՝ Իրանի հետ հարաբերությունների մասով՝ նկատի առնելով Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմի պատժամիջոցների քաղաքականությունը:

Երևանում հատկապես պետք է ուշադիր լինեն Վաշինգտոնից եկող ազդակների հանդեպ, իսկ դրանք վերջին շրջանում քիչ չեն և, ըստ էության, նպատակ ունեն նպաստել Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային ու մեր երկրի սուբյեկտայնության մեծացմանը: Սակայն պաշտոնական Երևանը համարժեք չի արձագանքում թե Վաշինգտոնից հնչող մեսիջներին, և թե Թեհրանի տարածաշրջանային առաջարկներին, ինչի դրսևորումներից մեկը թերևս Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցն էր, որում Հայաստանի նախագահն, ըստ էության, «ցրողական» պատասխան էր տվել մեր երկրի տարածքով Եվրոպա իրանական գազի տարանցման հեռանկարին:

Ինչքան էլ կոշտ լինի Իրանի հանդեպ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը(երեկ պետքարտուղար Թիլերսոնը հրապարակավ խոստովանել է, որ այս հարցում տարաձայնություններ ունի նախագահ Թրամփի հետ)` Վաշինգտոնում ըմբռնումով են մոտենում հայ-իրանական հարաբերություններին և Թեհրանի նախաձեռնություններին, որովհետև դրանք նպաստում են տարածաշրջանային համագործակցության և անվտանգության նոր համակարգի ձևավորմանը, որը զսպող գործոն է լինելու Ռուսաստանի կայսերական քաղաքականության համար: Խնդիրը Հայաստանի քաղաքականության, ավելի շուտ` դրա վրա ռուսական ազդեցության մեջ է, և եթե Երևանը չկարողանա մեծացնել իր մանևրելու հնարավորությունը, մեծ հավանականությամբ, դարձյալ հայտնվելու է ինտեգրացիոն գործընթացների լուսանցքում` ավելի խորացնելով ռուսական ֆորպոստի իր նվաստացուցիչ կարգավիճակը:

Մյուս կողմից` Հայաստանի համար անվտանգության առաջնահերթությունները Ղարաբաղի հարցը կենսական նշանակություն ունեն: Վաշինգտոնի ծրագրերում Հայաստանը պետք է ներառվի Ղարաբաղով, հակառակ պարագայում` անթույլատրելի շռայլություն կլինի ռուսական անվտանգության համակարգից հրաժարվելու նախաձեռնությունը, եթե նույնիսկ այդ համակարգը, մեծ իմաստով, չի ամրապնդում մեր անվտանգությունը: Սակայն Վաշինգտոնում Հայաստանը հաջողություններ կարող է ունենալ, եթե նվազագույնը կարողանա համոզիչ ցույց տալ իր ինքնուրույնությունը, մի բան, որին մեր դիվանագիտությունն այս պահին պատրաստ չէ քաղաքական և պրոֆեսիոնալ առումներով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20