Անգամ բաց երկնքի քաղաքականությունը որևէ շոշափելի, դրական արդյունք չի տալիս

- in Տնտեսական
283
Zvartnoc odanavakayan

Ավիատոմսերի գների գրեթե եռակի թանկացումը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը պայմանավորում է պահանջարկի ավելացմամբ: Նրա խոսքով՝ անգամ վիճակագրական տվյալներն են փաստում, որ ուղևորահոսքերը դինամիկ կերպով աճել են:

Հարցին՝ նման կերպ արդյոք հնարավո՞ր է զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում և ոլորտում դրական դինամիկա ապահովել, թե՞ հակառակը՝ ավիատոմսերի գների կտրուկ թանկացումը իր բացասական ազդեցությունն է ունենում զբոսաշրջիկների թվի վրա, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. «Զբոսաշրջության զարգացման կարևորագույն պայմաններից մեկը, բնականաբար, երկրի հասանելիության ապահովումն է կամ հասանելիության բարձրացումը, որը երկու հիմնական ուղղություն ունի՝ տրանսպորտային մատչելիություն և սահմանի անցման գործընթացների դյուրացում, և այս երկու ուղղություններով էլ աշխատանքներ տարվում են: Կառավարությունը մի քանի տարի առաջ որդեգրել է բաց երկնքի քաղաքականություն և այդ ուղղությամբ համապատասխան ծավալուն աշխատանքներ է տանում, որպեսզի մեզ մոտ ավելանան ավիաընկերությունները, ավելանան թռիչքների ուղղությունները, ավելանան թռիչքների հաճախականությունը, և այս առումով ևս վիճակագրական տվյալներ կան, որ մեզ մոտ դրական դինամիկա կա, մասնավորապես՝ շատ թռիչքներ ունենք տարբեր ուղղություններով, չարտերային թռիչքներն են ավելանում, և նույնիսկ կան չարտերային թռիչքներ, որոնք արդեն իսկ դարձել են կանոնավոր թռիչքներ, ինչը ևս լավ ցուցանիշ է»:

Մինչդեռ նկատենք, որ ոլորտի տարբեր անկախ փորձագետներ այս խնդրի հետ կապված իրենց գնահատականներում շատ կոշտ են արտահայտվում՝ նշելով, որ Հայաստանում գործող, սակայն ոչ հայկական այդ ավիաընկերությունները, արհեստական կերպով թանկացնելով ավիատոմսերի գները, փորձում են գերշահույթներ ստանալ կամ փոխհատուցել ուղևորափոխադրումների ավելի պասիվ ժամանակահատվածում իրենց կրած վնասները, և նման պարագայում անգամ բաց երկնքի քաղաքականությունը որևէ շոշափելի, դրական արդյունք չի տալիս:

Մեխակ Ապրեսյանը համաձայն չէ այսպիսի կարծիքների հետ՝ ասելով, որ իր կողմից վերոնշյալ թվարկած հանգամանքները փաստում են, որ դրական արդյունքն ակնհայտ է. «Որոշակի կարճ ժամանակահատվածում գնային տատանումը դեռ չի նշանակում, որ բաց երկնքի քաղաքականության դրական արդյունքը չկա, կամ այդ արդյունքը բացասական է, բայց, իհարկե, ժամանակ է անհրաժեշտ, և այստեղ շուկան ևս շատ հզոր կարգավորիչ դեր ունի: Ցանկացած ապրանքի դեպքում էլ, երբ պահանջարկն ավելանում է, ժամանակ է հարկավոր, որպեսզի առաջարկներն էլ ավելանան, այսինքն՝ երբ պահանջարկը զգալիորեն ավելանում է, ապա դա հանգեցնում է գների բարձրացման, և այդ ժամանակ արդեն շուկան սկսում է դրան արձագանքել, և տնտեսվարող սուբյեկտները սկսում են իրենց առաջարկներն ավելացնել, ինչն իր հերթին բերում է գների կարգավորում: Ինչ վերաբերում է վարչական մեթոդներով գների կարգավորմանը, ապա դա արվում է բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով նախատեսված կարգով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20