Արամ Սարգսյանը բարձրացնում է նշաձողը

- in Ով ով է ...
132
Aram_Z_Sargsyan

Արամ Զավենի Սարգսյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ միանում է «Ելք» դաշինքի իր գործընկեր Էդմոն Մարուքյանի մտքին՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու նախաձեռնության մասով:

Արամ Սարգսյանն ասել է, որ անկախ այն բանից, թե այդ հարցի մասին ինչ կարծիքի է և ինչ կանի իշխանությունը, «Ելք» դաշինքն ունի իր օրակարգը և պետք է հետևի դրան: Փաստորեն, Արամ Սարգսյանը սրբագրում է օրերս իր արած մեկ այլ հայտարարություն, որ պետք է ծանրութեթև անել ԵՏՄ-ից դուրս գալու հարցը: Դա գնահատվել էր որպես դիրքորոշումից նահանջ, և Արամ Սարգսյանը այժմ փաստորեն հստակեցնում է հարցը, կամ արձագանքում հանրային կարծիքին և շտկում շեղումը, կամ հավանական շեղումը: Հայտարարության մեջ միևնույն ժամանակ էական է այն հանգամանքը, որ Արամ Սարգսյանը հայտարարում է «Ելք» դաշինքի օրակարգի մասին, այսինքն՝ գործնականում առաջին անգամ հնչում է հայտարարություն, որ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը «Ելք» դաշինքի օրակարգի հարց է:

Իհարկե, այս հարցն էլ իր հերթին դեռևս ունի հստակեցման անհրաժեշտություն, որովհետև, ի վերջո, «Ելք» դաշինքում հնչում են դեռևս միայն անհատական կարծիքներ, ինչպես ժամանակին ԲՀԿ-ն էր այդպես որակում Վարդան Օսկանյանի կոշտ կարծիքները: Ընդդիմություն ներկայացող ԲՀԿ-ն հայտարարում էր, որ Վարդան Օսկանյանի կոշտ հայտարարություններն իշխանության հասցեին նրա «անձնական կարծիքն են»:

Առայժմ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը «Ելք» դաշինքում «անձնական կարծիքների» մակարդակի է: Իհարկե հնչել են երեք առաջնորդներից երկուսի «անձնական կարծիքները», ինչը ստեղծում է 2:1 հարաբերակցություն, բայց դաշինքում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, հետևաբար քանի դեռ չկա կոնսենսուս, չկա նաև «Ելք» դաշինքի օրակարգ կամ օրակարգն անկարգ է, կարիք ունի կարգավորվելու և դասավորվելու:

Այդուհանդերձ, Արամ Սարգսյանը փաստորեն բարձրացնում է նշաձողը և դաշինքի այսպես ասած «տրիումվիրատի» երրորդ անդամի պատասխանատվության աստիճանը:

Բանն այն է, որ արդեն մի քանի շաբաթ տեղի ունեցող քննարկումների և խոսակցությունների ֆոնին, որ ծավալվեցին Էդմոն Մարուքյանի հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանը մնացել է մի կողմ քաշված և ակնհայտորեն չի ցուցաբերում սեփական դիրքորոշում արտահայտելու շտապողականություն: Փաշինյանը դադար է վերցրել: Թե ինչ է դիտարկում նա այդ ընթացքում, պարզ չէ, սակայն նա չի փորձում ուղղում կամ պարզաբանում մտցնել նաև այն խոսակցություններին ի պատասխան, որ հենց ինքն է դաշինքում այսպես ասած ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու հարց նախաձեռնելուն դեմ հանդես եկողը: Ահա այդ շարունակվող համառ, համբերատար լռության ֆոնին Արամ Սարգսյանը կարծես թե բարձրացնում է նշաձողը և փորձում է Փաշինյանին բերել ասպարեզ, ստիպել խախտել լռությունը:

Համենայն դեպս, Արամ Սարգսյանը արդեն ոչ թե դիրքորոշումների մակարդակում է դիտարկում հարցը, այլ «Ելք» դաշինքի օրակարգի: Նիկոլ Փաշինյանն արդեն ոչ թե «անձնական կարծիքով» պետք է հայտնի իր դիրքորոշումը, այլ ըստ էության՝ կա՛մ հաստատի, կա՛մ հերքի, որ կա դաշինքի այդպիսի օրակարգ: Այսինքն՝ ասել, որ նախաձեռնությունն այժմ նպատակահարմար չէ, մի բան է: Ասել՝ հարցն օրակարգային է դաշինքի համար, թե ոչ՝ այլ բան: Այսինքն՝ Փաշինյանն արդեն կամ պետք է երկու պարագա հերքի կամ բացասական դիրքորոշում հայտնի, կամ հաստատի երկու պարագա, կամ մեկը հերքի, մյուսը հաստատի:

Միևնույն ժամանակ, Արամ Սարգսյանն իր նոր հայտարարությամբ փաստացի անում է նաև մի կարևոր ակնարկ, առայժմ բավական թույլ նշմարվող: Հայտարարելով, որ աջակցում է Էդմոն Մարուքյանին և ասելով, որ հարցը «Ելք» դաշինքի օրակարգի հարց է, Արամ Սարգսյանը փաստորեն ակնարկում է, որ եթե անգամ դաշինքի մյուս առաջնորդ Փաշինյանը հայտնի անհամաձայնություն, ապա իրենք պնդելու են իրենց տեսակետը, և եթե Փաշինյանը դուրս գա դաշինքից, ապա իրենք, միևնույն է, շարունակելու են լինել «Ելք» դաշինքի՝ երկու ուժից բաղկացած, պահելով հռչակված օրակարգը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20