Արդյո՞ք Չինաստանի նոր դեսպանատունը կարող է նշանակել նոր շունչ

- in Կարծիք
150
dzerq

Երեկ Հայաստանում տեղի է ունեցել Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմնարկեքը: Նոր շենքն ունենալու է երկու առանձնահատկություն, մեկը հատկանշական, մյուսը՝ խորհրդանշական:

Հատկանշականն այն է, որ Չինաստանի դեսպանության շենքն ինչպես հայտնի է արդեն, լինելու է իր մեծությամբ երկրորդը եվրասիական տարածաշրջանում: Առաջինը ՌԴ-ում է: Խորհրդանշականն այն է, որ Չինաստանի դեսպանության շենքը լինելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանության շենքի հարևանությամբ, որն ինչպես հայտնի է աշխարհում ԱՄՆ դեսպանատների շարքում իր մեծությամբ երրորդն է: Նախ ավելի մանրամասն հատկանշականի մասին: Չինաստանը եթե համաշխարհային տերություն չէ, ապա անկասկած ավելին է, քան լոկ տարածաշրջանային տերությունը՝ մեղմ ասած ավելին: Ընդ որում, Չինաստանի միջազգային տնտեսական, քաղաքական դերակատարությունն աճում է, իսկ վերջերս էլ Չինաստանը ունեցավ իր առաջին ռազմակայանն արտերկրում և թեև դա ինչ-որ հանգուցային աշխարհաքաղաքական գոտում չէ, այդուհանդերձ, որոշակիորեն հանդիսանում է նախադեպ Չինաստանի համար: Եվ այժմ, ահա, ավելի քան տարածաշրջանային այդ տերությունը, որը գուցե հինգ րոպե է պակաս համաշխարհային տերությունից և գործնականում դե ֆակտո արդեն իսկ հանդիսանում է իրականում երկրորդ բևեռը աշխարհում, վաղուց շրջանցելով Ռուսաստանին որպես այդպիսին, Հայաստանում բացում է իր նոր՝ եվրասիական գոտում ամենամեծ դեսպանատունը: Սա նշանակում է Հայաստանի հանդեպ աճող հետաքրքրություն, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ տարածաշրջանի հանդեպ աճող հետաքրքրություն, որի հենակետը կարող է լինել Հայաստանը:

Չինաստանի ծավալներով նոր դեսպանատունը անկասկած նշանակում է հարաբերությունների և դերակատարության նոր ծավալ: Ինչպե՞ս է արտահայտվելու այդ նոր ծավալը, երևի թե հարցի ամենահետաքրքիր կողմերից մեկն է: Օրինակ՝ արդյո՞ք Չինաստանը նոր փուլում կսկսի արդեն առավել գործնական հետաքրքրություն ցուցաբերել այն մեգանախագծերի հանդեպ, որ նախաձեռնել կամ մտահղացել է Հայաստանի իշխանությունը տարբեր տարիներին: Մասնավորապես, որպես կոնկրետ օրինակ՝ Իրան-Հայաստան երկաթուղին, որի ֆինանսավորման համար Հայաստանը տարիներ առաջ է դիմել Չինաստանին, երբ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ էր և մեկնել էր Չինաստան: Բայց Իրան-Հայաստան երկաթուղին թղթի վրա է: Արդյո՞ք Չինաստանի նոր դեսպանատունը կարող է նշանակել նոր շունչ, օրինակ, այդ նախագծին, հաշվի առնելով, որ այն կարող է լինել Չինաստանի՝ Մեծ Մետաքսի ճանապարհի այսպես ասած ուղղություններից կամ վեկտորներից մեկը: Կամ, արդյո՞ք Չինաստանի նոր դերակատարությունը Հայաստանում կամ նոր ծավալները ներկայացվածության առումով ենթադրեն աշխատանք Հայաստանի հասարակության հետ, բացի հնարավոր, ենթադրյալ բիզնես, ֆինանսական ներկայացվածությունից:

Իհարկե, հնարավոր է դիտարկել բազմաթիվ տարբերակներ: Մի բան հստակ է, որ չինացիները չունեն որևէ տարբերակի իրականացման համար ֆինանսական ռեսուրսի պակաս, և հարցը մնում է միայն ցանկությունն ու նպատակահարմարությունը: Հստակ է գուցե նաև այն, որ Չինաստանն իսկապես նախապատրաստվում է նոր փուլի և անկասկած է, որ Հայաստանն այստեղ իր հերթին պետք է պատրաստ լինի՝ պատրաստ ոչ վերևից ընկնող ինչ-որ բան ընդունելու, այլ ընդառաջ գնալու: Սա թերևս ամենակարևորն է՝ Հայաստանի ընդառաջ գնալու պատրաստակամությունը: Չինաստանի հետ հարաբերություն Հայաստանը կառուցում է վաղուց, և ասել, թե այդ հարաբերությունը պասիվ է, կլինի սխալ: Սակայն անկասկած է, որ այդ հարաբերությունն ամենևին չի համապատասխանել այն դերին, որ ունի Չինաստանն աշխարհում կամ որը ձեռք է բերում աստիճանաբար: Ընդհանրապես, այդ առումով բավական պարադոքսալ վիճակ է: Հայաստանի հարաբերությունը սերտության, խորության առումով հակադարձ համեմատական է հարաբերության մյուս սուբյեկտի աշխարհաքաղաքական դերին և Հայաստանի շահերին ու անվտանգությանն այդ դերի համահունչ լինելուն:

Այսինքն՝ որքան սուբյեկտը հեռու է Հայաստանի շահերից ու անվտանգությունից, այնքան Հայաստանը սերտ և դաշնակից է դրան, ու հակառակը: Ակնհայտ է, որ այդ հարաբերակցությունը պետք է շրջվի գլխիվայր, և տվյալ պարագայում կոնկրետ Չինաստանի մասով Պեկինն ակնհայտորեն պատրաստ է դրան ու երկարաժամկետ առումով: Եվ այստեղ հասնում ենք նաև Չինաստանի նոր դեսպանատան խորհրդանշականությանը՝ ԱՄՆ դեսպանատան հարևանության մասով: Որովհետև Միացյալ Նահանգներն էլ լինելով ըստ էության համաշխարհային միակ գերտերությունը, վաղուց ի վեր Հայաստանին հայտնում են հարաբերությունները բնականորեն խորացնելու պատրաստակամություն: Եվ այստեղ էլ Հայաստանի շահն ու անվտանգությունը պահանջում է ընդառաջ գնալ: Այդ իմաստով խորհրդանշական է, որ Նահանգների և Չինաստանի դեսպանատները Երևանում հայտնվում են կողք կողքի: Մյուս կողմից հայտնի է, որ ամերիկա-չինական հարաբերությունը նաև մրցակցային է, չնայած տնտեսական սերտ փոխկապակցվածությանը: Հայաստան կտեղափոխվի նրանց այդ հարաբերության մրցակցայի՞ն, թե՞ փոխկապակցվածության բաղադրիչն ու էներգիան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20