Արմավիրի մարզում ամուսինը կնոջը «դաստիարակել» է՝ դաժան ծեծի ենթարկելով

- in Իրավունք
cec

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Սոկրատ Հ.-ի գործի դատական քննությունը:

33-ամյա Սոկրատին մեղադրանք էր առաջադրված իր կնոջը ծեծելու, նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  117 հոդվածով:

Սոկրատը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է տուժող կնոջ հետ, նրանք մեծացնում են երկու մանկահասակ երեխաների:

Սոկրատը զբաղվում է հողագործությամբ, վատառողջ է, ունի թերի բարձրագույն կրթություն:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 29-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Սոկրատը իրենց գյուղական տանը երեխաների դաստիարակության հարցի շուրջ վիճել է կնոջ հետ և անցել է կնոջը «դաստիարակելու» ուժային մեթոդի:

Սոկրատը, առաջադրված մեղադրանքի համաձայն՝ կնոջը ծեծել է ձեռքերով, ոտքերով, այնուհետև՝ փայտե աթոռով և նույնիսկ պլաստամասսայից սեղանի ոտքով:

Նա հարվածել է կնոջ գլխին, մեջքին, ձեռքերին ու մարմնի այլ մասերին՝ կնոջ առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ճակատի միջնամասի ու ձախ կեսի, աջ ակնակապիճի, պարանոցի, կրծքավանդակի հետին մակերեսի միջթիակային շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի թիակային ու ստորթիակային շրջանների, կրծքավանդակի ձախ կեսի հետին-կողմնային շրջանի, ձախ ուսահոդի, ձախ նախաբազկի շրջանների արյունազեղումների, ձախ բազկի ու կոնքի ձախ կեսի ենթամաշկային արյունահավաքների, աջ նախաբազկի քերծվածքների ձևով:

Առաջադրված մեղադրանքում Սոկրատ Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, խնդրել է իր նկատմամբ ազատազրկման հետ չկապված մեղմ պատիժ նշանակել:

Ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող կինը բողոք, պահանջ  չի ներկայացրել:

Դատարանը Սոկրատ Հ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով ու դատապարտել է տուգանքի՝ 100 հազար դրամի չափով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20