Բաբայանը խոսում է դատարանում, բայց` ոչ թե դատավորի կամ դատախազի համար

- in Կարծիք
297
Samvel Babayan

Այսպես կոչված` «Իգլայի» գործով անցնող ամբաստանյալներն այսօրվա դատական նիստում մեղադրանքի վերաբերյալ կամ դիրքորոշում չեն հայտնել, կամ էլ` պնդել են իրենց անմեղությունը:

Այնուամենայնիվ, այս դատավարությունն անցնում է անհամեմատ հանգիստ և այն որևէ կերպ հնարավոր չէ համեմատել «Սասնա ծռերի» գործով երկու և Ժիրայր Սեֆիլյանի դատական «հեղափոխական» գործընթացների հետ:

Պատճառը` «Իգլայի» գործով դատավարության «գլխավոր» ամբաստանյալի` Սամվել Բաբայանի ոչ հեղափոխական կեցվածքն է: Արցախի Ազգային հերոսը պրագմատիկ է, շատ լավ ճանաչում է Սերժ Սարգսյանին, հրաշալի պատկերացնում է, թե ինչու են իրեն պահում անազատության մեջ: Բաբայանը հերոս դառնալու, հեղափոխություն առաջնորդելու պատրանքներ չունի. նրա նպատակն ազատությունն է, և Սարգսյանի երբեմնի զինակիցն ու երկարամյա ախոյանը գիտակցում է, որ այդ հարցը լուծվում է ոչ թե դատարանի դահլիճում, այլ` Բաղրամյան 26-ում:

Ըստ այդմ, Բաբայանը խոսում է դատարանում, բայց` ոչ թե դատավորի կամ դատախազի համար, որոնց նա ծաղրում է, այլ` Սերժ Սարգսյանի, ում նա հասցեագրում է յուրօրինակ մեսիջներ: Բաբայանը, ի հեճուկս ՕՐՕ-ի լիդերների պնդումների, այդպես էլ իրեն քաղբանտարկյալ չհամարեց: Նրան ամենևին էլ չի խանդավառում խորտակված նավի հրամանատարի հեռանկարը, միևնույն ժամանակ` իր գործը միտումնավոր «ապաքաղաքականացնելով»` Բաբայանը չի այրում Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու կամուրջները:

Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ այսօր դատարանում նշել է. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, երկրորդ՝ մեզ մեղադրում են, ասում են՝ դու Վրաստանից զենք ես տեղափոխել, հեռուստատեսությամբ մի շաբաթ ժողովրդին ներկայացրին, հետո կարճում են, ասում են նման բան չի եղել: Բա որտեղից է եղել… Ասում են՝ մարդը բերել, հանձնել է, բա ո՞ւր է այդ մարդը: Ես պատասխանատու եմ իմ ամեն արած քայլի համար, բացատրություններ էլ ունեմ տված և կտամ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դա հորինված, մտածված մեղադրանք է, պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանելու, ոչ մի հարցից չեմ խուսափում»: Այս խոսքերը ևս` հասցեագրված են ոչ թե դատարանին, այլ` Սարգսյանին, ում Բաբայանն ակնհայտորեն հասկացնում է, որ «ոչ մի հարցից չի խուսափում», ասել է թե` պատրաստ է արմատական կեցվածք ընդունել, եթե իր խնդիրը լուծում չստանա քաղաքական կամ նույնիսկ` կլանային պայմանավորվածությունների մակարդակում:

Սերժ Սարգսյանը նույնպես` ամենայն հավանականությամբ, հակված չէ «հերոսացնել» Սամվել Բաբայանին և հարմար պահի կլուծի նրա ազատության հարցը: «Հարմար պահը» կհասունանա առաջիկա ամիսներին, երբ հստակություն կմտնի նոր իշխանության հարցում: Բաբայանն ինտրիգային բնավորություն ունի և հիմա կարող է վտանգավոր լինել դրսում, մի քանի ամիս հետո` նույն տրամաբանությանբ, նա կարող է վտանգավոր լինել անազատության մեջ, որովհետև չափազանց շատ բան գիտի` «անշառ հեղափոխական» լինելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20