Բնապահպանությունը վտանգված է մեր երկրում

- in Հասարակություն
61
Artsvik minasyan

Այս տարին առանձնացավ բնապահպանական երկու խոշոր իրադարձություններով: Նախ. բավականին լուրջ աղմուկ բարձրացավ Սևանից լրացուցիչ բացթողնվելիք 150 մլն խմ ջրի որոշման հետ կապված:

Մինչ կառավարությունը դա պայմանավորում էր երաշտով, ոռոգման ջրի խիստ պակասով, բնապահպաններն ավելի շատ չէին կիսում այդ տեսակետը, հիմքում այլ նպատակներ տեսնելով: Այդքանով հանդերձ, ջրի պակասը լրացնելու հարցը խոր քննարկման թեմա է, որին կառավարությունն ամեն կերպ խուսափում է լրջորեն անդրադառնալ, գերապատվությունը տալով Սևանից ջուր բաց թողնելուն, դրանով իսկ իր համար լուծելով միանգամից մի քանի խնդիր, հետին պլանում թողնելով բուն խնդիրը:

Բնապահպանական երկրորդ կարևոր իրադարձությունը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհն էր, որ տևեց մի քանի օր և որի շուրջ նույնպես կառավարության ու բնապահպանների միջև լուրջ տարաձայնություններ առաջացան՝ սկսած աղետի մարդածին, թե բնական լինելուց մինչև այրված տարածքների ընդհանուր մակերեսին վերաբերող հարցերում: Վրաստանում բռնկված հրդեհներից հետո միայն Խոսրովի արգելոցում տեղի ունեցածից առաջացած լարվածությունը  որոշակիորեն մեղմվեց:

 

2017թ.  աչքի ընկավ բնապահպանական մեկ կարևորագույն իրադարձությամբ ևս: Տարեսկզբից հանրապետության վարչապետն ակտիվ պայքար է սկսել աղբավայրերի դեմ, ինչը, բնականաբար, բնապահպանական կարևորագույն միջոցառում է: Ցավոք, այս պարագայում մի հետաքրքիր հանգույց կա. մինչ այս կամ այն քաղաքը կներկայացնեն աղբի վերամշակման իրենց ծրագրերը, մինչ կառավարությունը դրանց հավանության կարժանացնի կամ կմերժի, մինչ «Մաքուր Հայաստան» ասելուց զատ կմտածեն դրա մեխանիզմների ներդրման մասին,   ընդունված սովետական տարբերակով բոլոր մարզպետերն ու քաղաքապետերը վարչապետին հանդիպելիս, առաջնահերթ շտապում են զեկուցել, թե քանի աղբավայր են փակել: Հարց է առաջանում, իսկ որտեղ է լցվում այն աղբը, որ մինչև այդ լցվում էր զեկույցի համաձայն փակված աղբավայրերում: Ակտիվացել են խոսակցությունները, որ վերջին շաբաթներում ջրատարներում աղբի, հատկապես պլաստմասայից շշերի քանակությունը շեշտակի աճել է:

Ջրի մաքրության առումով բնապահպանական, թերևս ամենահրատապ ու Սևանի կամ Խոսրովի խնդիրներին ոչնչով չզիջող թեմա է հանդիսանում Հրազդանի մաքրության հարցը: Անկախության տարիներից սկսած «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանը մաքսիմալ նվազագույնն է ծառայում իր նպատակին: Վաղուց քայքայման վիճակում գտնվող այս կայանը  պետք է  ֆիլտրեր, մաքրեր Հրազդան գետի ջրերը, որից հետո միայն դրանք բաց թողնվեին Արարատյան դաշտ: Տարիներ առաջ արած մասնագիտական գնահատականներով՝ օրական շուրջ 100 խմ աղբ էր լցվում Հրազդան և դա պետք է մաքրվեր: Կայանում եղած հին, վաղուց ժամկետանց տեխնոլոգիաները մասամբ են գործում: Եվ մինչ կառավարությունները երկու-երեք տարին մեկ հպանցիկ ընդունված ինչ-որ որոշմամբ անդրադառնում են կայանի կարգի բերման, դեպի Արարատյան դաշտ հոսող ջրերի մաքրման հարցերին, արդեն քանի տարի է  Երևան քաղաքի ամբողջ կոյուղին լցվում է Արարատյան դաշտ: Մասնագետի պնդմամբ՝ կոյուղու պարունակությամբ համեմատաբար քիչ է աղտոտվում միայն Ազատի ջրամբարի ջրերով ոռոգվող Արտաշատի և Արարատի  շրջանների ներքին հատվածները:

Հասկանալի է, որ կառավարության շահերից չի բխում այդ թեմային անդրադառնալը, քանի որ այն բավականին լուրջ ծախսեր է ենթադրում, չնայած, որ ոչ վաղ անցյալում նշվում էր, որ Ֆրանսիայի կառավարությունն աջակցելու է այդ խնդրի լուծման հարցում: Սակայն զարմանալի է բնապահպանների լռությունը: Մինչդեռ դրա հետևանքով սննդի անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, եթե, իհարկե, չեն առաջացել, հողի կառուցվածքում փոփոխություններ կարող են դրսևորվել, բուսական աշխարհի համար վտանգավոր միջատների, մոծակների տարածման պատճառ դառնալ: Առանց դրա էլ Արարատյան դաշտի բուսական աշխարհը հիվանդությունների ու վնասատուների պակասը չունի: Իսկ թե նորմաներից շեղվող  ինչ էլեմենտներ կան արտադրվող գյուղ մթերքի մեջ, ոչ ոք չի կարող ասել: Որքան էլ սննդի տեսչությունում պնդեն, իրականում ոչ մի լիարժեք, արժանահավատ ստուգում չի իրականացվում:

Հետևաբար, եթե Սևանի պարագայում ճահճացման, ջրի որակի վատացման վտանգը կա, Խոսրովում՝ 300 տարեկան ծառերի կործանում է, Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների գոյությունն է վտանգված, ապա այս պարագայում ամբողջ Արարատյան դաշտի հողն ու դրանից արտադրված գյուղմթերքի գենետիկ հատկանիշներն են վտանգված:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20