ԵԱՀԿ Երևանի գրասենյակն այսօր դադարեցնում է իր գործունեությունը

- in Հրապարակ
271
OSCE

Ըստ ԵԱՀԿ կանոկարագի՝ գրասենյակի գործունեության ժամկետը 12 ամիսը մեկ երակարաձգվում է:

1999-ից Երևանում գործող գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում վերապահումներ ուներ Ադրբեջանը: Իսկ քանի որ ԵԱՀԿ-ն կոնսեսուսի վրա հիմնված կազմակերպություն է, դրանց հետ հաշվի չնստել չի կարող:

Իրավիճակը հարթելու բոլոր փորձերը ձախողվեցին` չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու միջազգային բոլոր կառույցները հետամուտ էին, որ Երևանի գրասենյակը շարունակի իր գործունեությունը: Հայաստանը միակ երկիրն էր տարածաշրջանում, որտեղ ԵԱՀԿ-ն դեռևս գրասենյակ ուներ: Բաքվում 2000 թ. ամռանը բացված ԵԱՀԿ գրասենյակն իր գործունեությունն ավարտել է 2014-ին, Թբիլիսիում 1992 թվականին բացվածը՝ 2008-ին:

Ադրբեջանն իր հրապարակային դիրքորոշմամբ անհեթեթ հիմնավորումներ է ներկայացնում: Ասում են, թե իբր ԵԱՀԿ-ն Երևանի գրասենյակը ընդլայնել է իր մանդատը և այն տարածում է արդեն ԼՂ հակամարտության վրա: Մինչդեռ այս կազմակերպության անվանումը միայն ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն մի երկրում գործունեությամբ չի կարող սահմանափակվել:

Բացի այդ, ԵԱՀԿ Երևանի գրասենյակը հակամարտությամբ անմիջականորեն զբաղվելու անհրաժեշտություն չուներ առնվազն այն պատճառով, որ ԼՂ խնդիրը գտնվում է ԵԱՀԿ այլ կառույցի` Մինսկի խմբի գործունեության մանդատի շրջանակներում: Ադրբեջանի դեմարշի իրական մոտիվները պետք է փնտրել այդ երկրի ավտորիտար բնույթի մեջ և, անկասկած, չպետք է անտեսենք այն վարկածը, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման հարցում Բաքուն ընդամենը տեսանելի շահագրգիռ կողմն է:

Ամենևին չենք բացառում, որ այս հարցում Բաքուն գործել է Մոսկվայի քաջալերմամբ, որովհետև հատկապես Ռուսաստանն է շահագրգռված, որ Հայաստանը ենթարկվի տոտալ եվրասիականացման համահարթեցման նաև ներքին քաղաքական մշակույթի առումով, իսկ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությունը լուրջ խոչընդոտ էր մոսկովյան ցանկությունների ճանապարհին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը օգնում էր Հայաստանին զարգացնել իր ժողովրդավարական հաստատությունները և ամրապնդել քաղաքացիական հասարակությունը:

Սա ներառում է գործողություններ, որոնք ընդգրկում են այնպիսի տարբեր ոլորտներ, ինչպիսիք են օրենսդրական բարեփոխումները, կոռուպցիայի և թրաֆիքինգի դեմ պայքարը, բնապահպանական գործունեությունը, մարդու իրավունքների իրազեկման բարձրացումը, լրատվամիջոցների ազատությունը, գենդերային հավասարությունը, աջակցությունը ոստիկանությանը և զինված ուժերի բարեփոխումը: Բնականաբար, Մոսկվայում կարող էին կարծել, որ այս «թիլիզությունները» հարիր չեն եվրասիականացված Հայաստանին:

Հայաստանի իշխանությունները պարտավոր են գտնել այլընտրանքային ձևաչափեր և հարթակներ` նշված ծրագրերի շուրջ ԵԱՀԿ հետ համագործակցությունը շարունակելու համար, մանավանդ, որ միջազգային հեղինակավոր կազմակերպության ղեկավարությունը նույնպես` շահագրգիռ է այդ հարցում: Էականն այն է, որ Հայաստանի իշխանություններն իրենք հանդես գան ակտիվ նախաձեռնություններով` չսպասելով ԵԱՀԿ-ի առաջարկներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20