Iran

Սերժ Սարգսյանն ընդհատում է արձակուրդը, որպեսզի մեկնի Իրան և մասնակցի Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոհանիի վերընտրությունից հետո նրա երկրորդ պաշտոնամուտի արարողությանը:

Այն, որ Սերժ Սարգսյանն ընդհատում է արձակուրդն այդ այցի համար, արդեն իսկ որոշակի ժեստ է իրանական կողմին: Բայց հայ-իրանական հարաբերությունը, անշուշտ, վաղուց է դուրս ժեստերի մակարդակից և ունի շատ կոնկրետ և առարկայական խոսակցության կարիք: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի՝ Իրան այցից առաջ հարց տանք, թե ի՞նչ է փոխվել հայ-իրանական հարաբերություններում նախորդ տարվա դեկտեմբերից հետո, երբ Հայաստան էր այցելել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Արդյո՞ք Ռոհանիի այցից հետո հայ-իրանական հարաբերությունը ստացել է առավել դինամիկ բնույթ, ստացել է առավել կոնկրետություն: Բանն այն է, որ Իրանի նախագահի Հայաստան այցը տեղի էր ունենում գրեթե չորս տարի բարձր մակարդակով փոխադարձ այցերի բացակայության պայմաններում, ինչն ուղղակի նոնսենս է երկու հարևան այնպիսի երկրների համար, որոնք ունեն ռազմա-քաղաքական և տնտեսական էապես համատեղ շահեր: Բայց դրա հետ մեկտեղ պարբերաբար խոսվում էր, որ ուր որ է տեղի կունենա Իրանի նախագահի այց, որ այն պատրաստվում է: Դա վկայում էր, որ իրանական կողմն ունի Հայաստանի հետ բարձր մակարդալով շփման ցանկություն, բայց չի ցանկանում, որպեսզի դա լինի շփում լոկ արարողակարգի համար, այլ ունենա լեցուն բովանդակություն: Եվ այն, որ նախորդ տարի դեկտեմբերին Իրանի նախագահի Հայաստան այցը, այդուհանդերձ, տեղի ունեցավ, հուշում է, որ եղել են կոնկրետ պայմանավորվածության հեռանկարներ, և Ռոհանին ժամանել է: Իսկ նրա մեկնելուց հետո անցել է ավելի քան կես տարի, ու հարց է առաջանում, թե ի՞նչ փոփոխություններ կան հայ-իրանական հարաբերություններում: Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ էական փոփոխություն կարող է դիտվել այն զարգացումը, որը բացի երկկողմ միտվածությունից, ակնհայտորեն կունենա նաև տարածաշրջանային և միջազգային նշանակություն:

Եվ այս առումով, իհարկե, հատկանշական է դառնում այն, որ Իրան այցից առաջ, իրանական մամուլին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ իր տարածքով Իրան-Եվրոպա նոր գազամուղի անցկացմանը: Երևանն այդպիսով առաջին անգամ բարձրաձայնում է այդ մասին: Ինչ կխոսեն այդ մասին Հայաստանի և Իրանի նախագահներն այսօր Թեհրանում, և կխոսե՞ն արդյոք ընդհանրապես, իհարկե պարզ չէ: Սակայն Հայաստանը նվազագույն մի քայլ կատարել է, տալով իր սկզբունքային համաձայնությունը, անգամ, եթե դա դեռևս ընդամենը խոսք է: Վերջին հաշվով խոսքը քաղաքականության գործիք է, և տվյալ դեպքում, փաստորեն, Հայաստանը կիրառել է Իրան-Եվրոպա գազամուղի հեռանկարի ուղղությամբ իր գործիքներից մեկը: Գնդակն այսպես ասած գտնվում է Իրանի, Վրաստանի ու Եվրոպայի դաշտում: