Ինչո՞ւ կարգավորման կետերը հրապարակվեցին ոչ թե բոլոր երեք համանախագահների, այլ միայն Հոգլանդի անունից

- in Հրապարակ
308
LGHH

Մինչ բոլորս բովանդակային տեղեկատվության էինք սպասում Սոչիից, որտեղ երեկ հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը, կեսգիշերին «Ամերիկայի ձայնը» «Հրատապ» վերտառությամբ լրատվություն տարածեց. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական կետերը:

Սոչիում, դատելով պաշտոնական լրահոսից, ԼՂ հարցը չի եղել քննարկման առանցքային թեմա: Համենայն դեպս, խնդիրը քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի փաթեթի մեջ, և պաշտոնական լրահոսը հիմք չի տալիս պնդելու, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների երեկվա հանդիպումը տեղի է ունեցել հենց Ղարաբաղյան խնդրի համատեքստով: Մյուս կողմից՝ շատ հաճախ պաշտոնական լրատվությունը, մեղմ ասած, չի բացահայտում նման հանդիպումների օրակարգը: Չի բացառվում, որ Պուտինն ու Սարգսյանը հանգամանալից խոսել են հենց այն թեմայով, ինչի մասին կեսգիշերին հայտարարեց ամերիկացի համանախագահը:

Սակայն այս վարկածը կարող է գործել միայն այն պարագայում, եթե ընդունենք, որ համանախագահների միջև հակասություններ չկան, և նրանք գործում են համախոհության սկզբունքով: Հենց այստեղ էլ առաջանում են այլ հարցեր: Օրինակ՝ ինչո՞ւ կարգավորման կետերը հրապարակվեցին ոչ թե բոլոր երեք համանախագահների, այլ միայն Հոգլանդի անունից, կամ, որ ավելի էական է՝ ինչո՞ւ ամերիկացի համանախագահը կարգավորման կետերը հրապարակայնացրեց Պուտին-Սարգսյան հանդիպման ֆոնին: Արդյո՞ք Վաշինգտոնում մտավախություններ ունեն, որ կարգավորման գործընթացում Մոսկվան փորձում է սեպարատ նախաձեռնություն ցուցաբերել, և Վաշինգտոնը երեկ կատարեց կանխարգելիչ քայլ:

Անդրկուլիսյան տեղեկատվությունը շատ քիչ է, ինչը թույլ չի տալիս հերքել կամ հաստատել որևէ վարկած: Այնպես չէ, որ բովանդակային առումով Հոգլանդը սենսացիոն բացահայտում է արել: Կարգավորման կետերն ամբողջությամբ տեղավորվում են Մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ և ենթադրում են հակամարտության կարգավորում փուլային տարբերակով՝ «տարածքներ՝ հանրաքվեի դիմաց» սկզբունքով: Ընդ որում, կարգավորման առաջին փուլում վերացվում են պատերազմի հետևանքները, ստեղծվում են վստահության մեխանիզմներ, հետո նոր անդրադարձ է կատարվելու Արցախի վերջնական կարգավիճակին:

Կարգավորման հիմնական կետերի անգամ հպանցիկ ուսումնասիրությունը թույլ չի տալիս խոսել հայկական դիվանագիտության հաջողության մասին: Իհարկե, սա փոխզիջումային և ոչ թե կապիտուլյացիոն փաթեթ է, սակայն դժվար է խոսել Մադրիդյան սկզբունքների ամենահաջող տարբերակի մասին, որովհետև «իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ» Արցախի վերջնական և փաստացի անկախություն ենթադրող միջանկյալ կարգավիճակների դիմաց հայկական կողմին, ըստ էության, առաջարկվում է Ադրբեջանին վերադարձնել, ինպես տեքստում է շարադրված, «գրավված տարածքները»: Ընդ որում, խոսքը վեց շրջանների մասին է, իսկ Հայաստանն ու Արցախը կապված են լինելու ոչ թե ցամաքային սահմանով, այլ «միջանցքով», որը «պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը»:

Կարգավորման հիմնական կետերից վերջինը, որը վերաբերում է անվտանգության միջազգային երաշխիքներին, մշուշոտ է ձևակերպված, ինչը թույլ չի տալիս ավելի որոշակի կարծիք հայտնել կարգավորման սկզբունքների վերաբերյալ:

Պաշտոնական Երևանը դեռևս բովանդակային գնահատական չի տվել Հոգլանդի բացահայտումներին: NEWS.am-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն անուղղակիորեն բացասական է արձագանքել կարգավորման հիմնական կետերի առնվազն հրապարակայնացման փաստին: «Վերնագրի մեջ հրատապ բառը անտեղի է»,- ասել է նա:

Պաշտոնական Երևանի դժգոհությունը կանխատեսելի է, և խնդիրն ամենևին էլ սոսկ կարգավորման կետերի բովանդակությունը չէ, այլ առաջին հերթին այն, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները սկզբունքորեն հրաժարվում էին բովանդակային քննարկումներից, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Հիմա Հոգլանդն առաջին պլան է բերում կարգավորման բովանդակային բաղկացուցիչը, ինչին Երևանում ակնհայտորեն պատրաստ չեն, նաև՝ ներքին դիսկուրսի մակարդակում, իսկ առավելապես այն պատճառով, որ առջևում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, ապա, հավանաբար, նախագահների հանդիպումներն են, որոնց օրակարգերն էլ, ըստ էության, սահմանվում են Հոգլանդի հրապարակումով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20