Ինչ հաշվարկներ ունի Կարեն Կարապետյանի հետ կապված Սերժ Սարգսյանը

- in Հրապարակ
306
Sezh Karen

Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանի տնտեսական վիճակի մասին, ներկայացրել է մի հեռանկար, որտեղ արտագաղթի կասեցումն ու ներգաղթի մեկնարկը թվում է՝ օրերի կամ շաբաթների հարց է: Իրականում երբ դուրս ենք գալիս կարայանական կամ կարապետյանական պրիզմայից, ապա Հայաստանի տնտեսական վիճակը և պատկերը բոլորովին այլ են և դրանք շարունակում են բնորոշվել մեկ հիմնարար աճով և, դժբախտաբար, այդ աճն արտագաղթի ցուցանիշն է:

Ուզում է կառավարությունը փոխել ինչ որ բան, չի ուզում, կարողանում է, թե չի կարողանում, ժամանակ է պետք, թե ոչ, տնտեսական աճի այսպես ասած ցածր բազան օբյեկտիվ է դարձնում տնտեսական աճի հասարակության, բնակչության կենցաղում չնկատվելու, չշոշափվելու հանգամանքը, թե ոչ, դրանք բոլորովին այլ հարցեր են:

Այստեղ կարող են լինել տեսական բազմաթիվ քննարկումներ ու բանավեճեր: Սակայն կա հստակ մի բան՝ Հայաստանում տնտեսական վիճակը շարունակում է լինել այնպիսին, որ բացարձակապես չի համապատասխանում Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին և մասնավորապես՝ Ադրբեջանի հետ դիմակայության կամ մրցակցության հանգամանքին: Եվ երկրորդ՝ Հայաստանում կառավարման որակները ևս շարունակում են բացարձակապես հեռու լինել այդ մարտահրավերներից բխող պահանջներից: Երբ մենք արձանագրում ենք այդ իրավիճակը, ապա կառավարության արձանագրած արդյունքի այսպես ասած օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքները, արդարացումները կամ քննադատության հիմքերը մղվում են երկրորդ պլան և առաջին պլանում հայտնվում է մի կարևոր բաց՝ նշաձողի բացը:

Երբ մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ չարձանագրող կառավարությունը պետք է հրաժարական տա, բոլորի համար հասկանալի է, որ դա զուտ քաղաքական հայտարարություն է, ներիշխանական շարժառիթներով պայմանավորված, և Սերժ Սարգսյանն իր համար նախապատրաստում էր Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկությունը, երբ ստիպված կլինի դա անել ոչիշխանական բևեռի պահանջով: Եվ 7 տոկոսի նշաձողը անհրաժեշտ էր, որպեսզի «քողարկվի» ստիպված պաշտոնանկության հանգամանքը և չստացվի, որ Տիգրան Սարգսյանի հեռացումը Սերժ Սարգսյանի զիջումն էր:

Ինչ հաշվարկներ ունի Կարեն Կարապետյանի հետ կապված Սերժ Սարգսյանը, ենթադրությունների կամ կանխատեսումների դաշտում է, նա իր պլանները չի բացահայտում: Սակայն, ինչպես Հովիկ Աբրահամյանի դեպքում, այժմ էլ գործնականում չկա նշաձող, որովհետև չկա դրա քաղաքական անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանն այդպես լուծեց իր խնդիրը, հեռացրեց Հովիկ Աբրահամյանին, բայց դա չլուծեց հանրության որևէ խնդիր, պետական որևէ խնդիր: Նույն կերպ, Սերժ Սարգսյանը վաղը այդ կերպ կլուծի իր մեկ այլ խնդիր՝ Կարեն Կարապետյանին հեռացնելով, կամ թողնելով, սակայն դրանից դարձյալ չի լուծվի հանրային ու պետական որևէ խնդիր և քաղաքացիները կշարունակեն լուծում փնտրել Հայաստանի սահմաններից դուրս:

Կառավարության գործունեության նշաձողի պետական անհրաժեշտությունն ուղղակի աղաղակող է, քանի որ Հայաստանը բացարձակապես չի կարող մտածել համակարգային առաջընթացի մասին, եթե հանրայնորեն ձևակերպված չէ ոչ միայն այն, թե ընդհանրապես շոշափելիորեն ինչ ենք մենք ուզում և որն է խնդիրը, որ պետք է լուծի կառավարությունը, այլ ձևակերպված չէ նույնիսկ նվազագույն շեմը, որից ցածր՝ Հայաստանը պարզապես չի կարող հանդուրժել: Նշաձողը այն թեկուզ բարակ թելն է, որը հանրությանը հնարավորություն է տալիս որոշակի վերահսկողություն սահմանել ներքաղաքական գործընթացների վրա և դրանք պահել ինչ որ վերահսկողական մակարդակում: Հակառակ պարագայում գործ ունենք պարզապես անսահմանափակ անպատասխանատվությամբ իշխանության հետ, որը պարզապես քողարկվում է խորհրդարանական կառավարման մոդելով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20