Իշխանության նպատակն է` փաստաբանական ինստիտուտի և քաղաքականության վարկաբեկումը

- in Կարծիք
332
Pastaban

Իշխանություններին հաջողվել է հանրային պաշտպանների ներդրման միջոցով խաղի կանոն թելադրել «Սասնա ծռերի» դատական գործընթացում և դրա շուրջ տեղի ունեցող հանրային զարգացումներում:

Իշխանությունն, առաջին հերթին, գլոբալ խնդիր է լուծում, որովհետև վարկաբեկում է փաստաբանի ինստիտուտը: Առնվազն փաստաբանական վարքականոնի կոպիտ խախտում է, երբ փաստաբանը ներգրավվում է գործում` ի հեճուկս պաշտպանյալի կամքի, ավելին` բանը հասնում է ցինիզմի, երբ հանրային պաշտպանները հայտարարում են, որ, ըստ էության, չեն կատարելու իրենց մասնագիտական պարտականությունները, սակայն ներկա են գտնվելու դատական նիստերին: Այս ամենից նույնիսկ կոռուպցիայի հոտ է փչում, որովհետև ամեն բան շատ նման է գռեհիկ գործարքի:

Հանրային պաշտպանները` նիստերին իրենց ֆիզիկական ներկայությամբ, օգնում են, որպեսզի իշխանություններն ապահովեն դատական գործընթացի լեգիտիմությունն, իսկ վերջիններս պաշտպաններին աշխատավարձ են վճարում` չարված գործի համար: Եթե մի փոքր կոպիտ արտահայտվենք, ապա իշխանությունները գտել են փաստաբանների, որոնց վճարում են` դատական գործընթացն իրենց սցենարով տանելու համար:

Մյուս խնդիրը, որն իշխանությունը երեկ արդեն մասամբ լուծեց, հակադրությունը «ծռեր»-իշխանություն հարթությունից դեպի «ծռերի» աջակիցների և նրանց պարտադրված հանրային պաշտպանների հարթություն տեղափոխելն է:

Ինչքան հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի և նրա մյուս գործընկերների` «ծռերին» ինքնապարտադրվելու վարքագիծը հարիր չէ նրանց մասնագիտական առաքելությանը, այնքան էլ` քաղաքական, քաղաքացիական չէ «ծռերի» կողմնակիցների երեկվա արարքը, ովքեր իրենց բողոքի ակցիան կազմակերպել են Մարինե Թովմասյանի տան դիմաց: Երբ մարդու գործունեության դեմ բողոքը տեղափոխում ես անձնական հարթություն, ներխուժոմ ես նրա անձնական կյանք, ասելիքդ, եթե նույնիսկ այն հիմնավոր է, գրոշի արժեք չի ունենում:

Իշխանության նպատակն է` փաստաբանական ինստիտուտի և քաղաքականության վարկաբեկումը, և նա հասնում է դրան` հենց փաստաբանների և «ծռերի» աջակիցների օգնությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20